Ինչ է, ով է/Դեղձենի
Դեղձենի
Մեր հանրապետության ցածրադիր շրջանների այգիներում գարնանը ծիրանենիների նշենիների ու խնձորենիների առատ սպիտակ ծաղիկների մեջ անմիջապես աչքի են զարնում դեղձենու վարդագույն ծաղիկները:
Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, որն, իբր, շատ հնում բերվել է Մերձավոր Արևելք, այդ թվում Պարսկաստան, այստեղից էլ տարվել Եվրոպա։ Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (այդպես նրանք անվանեցին նորահայտ բույսը, համարելով, թե նրա հայրենիքը Պարսկաստանն է) որն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում: Հետագայում միայն պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտական անվանումը՝ «պերսիկա», մնաց անփոփոխ:
Հայաստանի տարածքում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է նաև, որ դեղձենին այնտեղ տարածված է եղել վաղ անցյալում, հնարավոր է, նույնիսկ Չինաստանից ու Պարսկաստանից շատ առաջ։ Կարմիր բլուրում և Արցախում օրինակ հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա հնության դեղձի կորիզներ: Բացի դրանից Հայաստանի անտառներում աճում են դեղձենու որոշ վայրի տեսակներ, իսկ մշակվողների շարքերում կան շատ արժեքավոր սորտեր: Նարնջի, զաֆրանի, կիտրոնի, սալամի շերտավոր լոձ սորտերը աշխարհում մշակվող լավագույն դեղձենիներից են։ Մեր հանրապետությունում տարածված են նաև քաղցրակորիզ դեղձենու մի շարք տեսակներ, որոնք ոչ մի այլ երկրում չեն հանդիպում: Կարելի է հավանաբար ասել, որ Հայաստանը դեղձենու մշակության հին և ինքնուրույն բնօրրաններից է:
Դեղձենին 3-5մ (երբեմն՝ 8 մ) բարձրությամբ փոքր ծառ է տարածված ճյուղերով, լայն սաղարթով: Տերևները երկարավուն-նշտարաձև են: Դեղձենին ապրում է ընդամենը 10—15 տարի:
Դեղձենու համեղ ու սննդարար պտուղները հասունանում են մայիսից սկսած մինչև նոյեմբերի կեսերը: Նշանակում է, եթե մենք ճիշտ ընտրենք մշակվող սորտերը, ապա մայիսից մինչև նոյեմբեր մեր սեղաններին թարմ դեղձ կունենանք։ Դեղձենու այգու մեկ հեկտարից ստացվում է 20—40 տ բերք: Պտուղներն օգտագործում են թարմ և պահածոյացված վիճակում: Սրանցից պատրաստում են չիրալանի (Հայաստանում), կոմպոտներ, մուրաբաներ, հյութեր, ժելե, ջեմ, պովիդլո և այլն: Կորիզներն օգտագործվում են քիմիական արդյունաբերության մեջ։
Դեղձենին աճում է սննդանյութերով հարուստ փուխր հողերում, առատ խոնավության և ջերմության պայմաններում։ Դեղձենին, ինչպես նաև ծիրանենին, խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ, և այն տարիներին, երբ ուշ գարնանը ձյուն է տեղում կամ սառնամանիքներ են լինում, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է:
Դեղձենին բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով:
Մեր հանրապետությունում դեղձենին աճեցվում է Արարատյան դաշտում, Արփայի գետահովտում, Թումանյանի, Նոյեմբերյանի, Իջևանի Շամշադինի, Մեղրիի շրջաններում: