Jump to content

Ինչ է, ով է/Դեղաբույսեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դեղաբույսեր
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Դեղաբույսեր

Բոլորն էլ, մարդ լինի, թե կենդանի, կարող են հիվանդանալ՞, բայց ո՞վ է դեղատոմս գրում վայրի գազանի համար։ Հիվանդ գազանն ինքն է իրեն բուժում անտառային դեղատանը, հոտառությամբ և կռահելով գտնելով այն բույսը, որը կարող է դարմանել իրեն։

Դեռևս հին ժամանակներում Հարավային Ամերիկայի հնդկացիները նկատել էին, որ հիվանդ կատվառյուծները (պումաները) ինչ-որ ծառի կեղև են կրծում։ Հնկացիները փորձեցին այդ ծառի կեղևի եփուկով բուժել ճահճատենդով տառապող մարդկանց։ Դեղն օգնեց այդպես հայտնաբերվեց քինածառը (ծառն այդպես անվանեցին Հարավային Ամերիկան նվաճող իսպանացիները)։ Նրա կեղևից ստացվող քինինը դարձավ մալարիայի դեմ հանրահայտ դեղամիջոց։

Մեր ժամանակներում ևս կենդանին, այս անգամ արդեն մարալը, սովետական գիտնականներին օգնեց գտնելու նոր դեղաբույս` եղջրարմատը: Աշնանը, ախոյանների հետ մարտի պատրաստվելով, եղջերուներն ուտում են այդ բույսի արմատները: Պարզվեց, որ եղջրարմատն ուժ է տալիս նաև մարդուն: Բայց մարդը միշտ չէ, որ գազանի հետքերով է գնացել, նա ինքն էլ է դեղաբույսեր փնտրել ու գտել: Այդ որոնումներն ու հայտնագործություններն սկիզբ են առել հազարավոր տարիներ առաջ։ Հին Եգիպտոսում սահմանված էր, որ թե հիվանդ, և թե առողջ մարդիկ ամեն ամսվա երրորդ օրը գերչակաձեթ (լուծողական) խմեին։ Հին Հունաստանի քաղաքներից մեկը հայտնի էր նրանով, որ այնտեղ բուժում էին անքնությունը: Բավական էր խմել նրա բնակիչների պատրաստած կակաչի թուրմը, և հիվանդն արդեն քնում էր: Հաջորդ առավոտ հիվանդը գնում էր երկրագործության աստվածուհու տաճարը, որի քրմերը կակաչի պսակներ էին կրում։ Նա գնում էր իր երախտագիտությունը հայտնելու աստվածուհուն, որը մարդկանց նվիրել էր քուն պարգևող և ցավամոքիչ այդ ծաղիկը: Երբեմն էլ դեղաբույսերը վարձելը թանկ էր նստում մարդուն։ Եթե եզան լեզվի (ջղախոտի) տերևները բուժում էին հարված ոտքը, ապա եղինջի տերևները դաղում էին։ Կիտրոնաթփի մի բուռ հատապտուղ ուտելուց հետո որսորդը կարող էր ամբողջ օրն առանց հոգնելու հետապնդել գազանին, իսկ բանգիի պտուղներ «ճաշակած» մարդը խելագարի նման ջղաձգվում էր ու զառանցում:

Ավանդությունը պատմում է, որ դեղորայքային թունավոր մահամորմը (շիկատակը) շոտլանդական մի գյուղի բնակիչներին օգնել է փրկվելու թշնամիներից: Գյուղը գրաված դանիացի զինվորները ի նշան հաղթանակի գարեջուր են խմել և հաղթողներից վերածվել պարտվածների: Դանիացի զինվորներին կաթվածահար էր արել մահամորմի թունավոր հյութը, որ շոտլանդացիները խառնել էին գարեջրին։

Բույսերի մեջ թաքնված ուժը հնում մարդկանց մոգական, կախարդական էր թվում նրանց տգիտության պատճառով: Նրանք հավատում էին, թե կան այնպիսի խոտեր, որ կարող են ցույց տալ թաքցրած գանձի տեղը, վնասել հիշողությունը, սիրելի դարձնել չսիրած մարդուն: Շատ լեգենդներ են հյուսվել ժենշենի և մանդրագորայի (մարդախոտի)՝ փոքրիկ մարդուկների նմանվող արմատների մասին: Հրաշք էր թվում, որ ժենշենի արմատը կենսահյութով է լցնում տկարացած, հոգնած մարդու մարմինը։ Ժամանակի ընթացքում գիտությունը կարողացավ բացատրել, թե ինչու է այս կամ այն բույսը մեզ բուժում, և անհավանական հնարովի պատմությունները հողմացրիվ եղան:

Այսօր էլ բազմաթիվ դեղաբույսեր օգտագործվում են բժշկության մեջ, ծառայում մարդկանց: Գիտության նվաճումների շնորհիվ մարդը կարողացել է մանրամասն ուսումնասիրել բույսերի քիմիական բաղադրությունը և նոր հայտնագործություններ արել: Բաղնիքի բորբոս կոչված սնկից այսօր պատրաստում են պենիցիլին դեղը։

Որոշ դեղաբույսեր մշակում են պլանտացիաներում, օրինակ, անանուխը, որի համն առավոտյան զգում է ամեն ոք, ով չի ծուլանում լվանալ ատամները։ Ատամի փոշուն դուրալի համ ու հոտ և թարմացնող հատկություն է տալիս մենթոլը՝ անանուխի յուղի հիմնական մասը։ Մենթոլ կա վալիդոլի և սրտային ու ցավամոքիչ այլ դեղերում՝ անանուխաբլիթներում, անանուխի կարամելում. այս վերջինը տեղ է զբաղեցրել նաև տիեզերագնացների օրապահիկի մեջ:

Սովետական Միությունը հարուստ է նաև վայրի դեղաբույսերով: Անտառում օրինակ աճում է հովտաշուշան, որից դեղ են պատրաստում հիվանդ սրտի համար, բացատներում և խոնավ մարգագետիններում՝ կատվախոտ, որն ունի հանգստացնող ազդեցություն։ Մարգագետնում ամեն քայլափոխի կհանդիպես որևէ դեղաբույսի. ահա սա սրոհունդ է (արևքուրիկ), որի մասին ժողովուրդն ասում է, թե 95 հիվանդություն է բուժում, սա արջականջ է, սա արյունխմիկ, հազարատերևուկ, բոգ (օձի դեղ), կղմուխ (ձվախոտ):

Երեխաներ, դուք ևս կարող եք մարդկանց օգտակար շատ դեղաբույսեր հավաքել:

Դեղահումքը հավաքում են լավ եղանակին, երբ ցողն արդեն գոլորշիացած է լինում: Պետք է հիշել, որ շատ բույսեր թունավոր են, դրա համար էլ չի կարելի դրանք բերանը տանել կամ բույսերը հավաքելու ժամանակ ձեռքերը հպել աչքերին։ Հավաքել վերջացնելուց հետո ձեռքերը պետք է խնամքով լվանալ:

Չի կարելի հավաքել աղտոտված և հիվանդ բույսերը: Շրջանային դեղատանը ձեզ մանրակրկիտ կպատմեն թե ինչ, երբ և ինչպես հավաքեք։

Դեղախոտեր հավաքելիս միշտ անհրաժեշտ է նրանց մի մասն անձեռնմխելի թողնել, որպեսզի այդ արժեքավոր բույսերը պահպանվեն նաև ապագայի համար։

Բույսերի բուժիչ հատկությունների մասին հայ իրականության մեջ առաջին գրավոր վկայությունն արել է դեռևս 5-րդ դարի հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացին, իսկ դրանք որպես դեղամիջոց օգտագործել են Մխիթար Հերացին և միջնադարի հայ բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին։