Ինչ է, ով է/Դիրիժոր
Դիրիժոր
Երբ երևան եկան երաժշտական մեծ կոլեկտիվները՝ երգչախմբերը, նվագախմբերը, կարիք զգացվեց նաև դրանց ղեկավարի, այսինքն՝ դիրիժորի (ֆրանսերեն նույնանուն բառից, որ նշանակում է «ուղղություն տալ, ղեկավարել») կամ նվագավարի: 15-րդ դարի առաջին կեսին դիրիժորը ղեկավարում էր հատուկ փայտիկի՝ բատուտայի օգնությամբ։ Դիրիժորի դերը սահմանափակվում էր չափ տալով: Ավելի ուշ դիրիժորի դերը կատարում էր գեներալ-բասի՝ անընդմեջ հնչող ցածր ձայնի, նվագամասը կլավեսինով կամ երգեհոնով կատարող երաժիշտը։ Գեներալ-բասը լավ լսելի էր յուրաքանչյուր երաժշտի և թույլ չէր տալիս շեղվել տակտից: Այն, ինչպես ասում են, բռան մեջ էր պահում նվագախումբը։
18-րդ դարի երկրորդ կեսին գեներալ-բասի տեղը գրավեց նվագախմբի առաջին ջութակահարը, որին այդ ժամանակից ի վեր կոնցերտմայստեր են անվանում։
Կոնցերտմայստերը կանգնում էր մեջքով դեպի նվագախումբը: Նա միաժամանակ և՛ ջութակ էր նվագում, և՛ չափ տալիս աղեղով։ Դիրիժորության այս ձևը երկար պահպանվեց։ Բայց 19-րդ դարի կեսերից արդեն հնարավոր չէր նվագախումբն այդպես ղեկավարելը: Նվագախմբերը մեծացել էին, համալրվել նոր նվագարաններով, բարդացել էր բազմաձայն ստեղծագործությունների նոտագրումը։ Ահա հենց այդ ժամանակ էլ կարիք զգացվեց այնպիսի դիրիժորի, որը ոչ թե պարզապես տակտ «նշող» լիներ, այլ նրբաճաշակ և հարուստ գիտելիքների տեր երաժիշտ:
Աստիճանաբար դիրիժորը դարձավ իր երաժշտական «զորքի»՝ նվագախմբի իսկական գեներալը: Նա կանգնում է դեմքով դեպի նվագախումբը, որպեսզի լավ տեսնի ու լսի բոլոր երաժիշտներին: Աջ ձեռքին նա բռնած ունի ոսկրե նուրբ ձողիկ։ Դիրիժորական ձողիկի թափահարումը նշանակում է՝ ժամանակն է, որ հանդես գան ջութակները, կամ թավջութակները, կամ էլ միանգամից տարբեր նվագարանների մի քանի խումբ: Դիրիժորից է կախված ստեղծագործության կատարման տեմպը, արագությունը։ Նա կարող է «հրամայել» նվագել ֆորտե-ֆորտիսսիմո (ուժգին, շատ ուժգին) կամ պիանո-պիանիսսիմո (մեղմ, հազիվ լսելի): Ձողիկի մի թափահարումով նա կարող է նվագախմբում փոթորիկ առաջ բերել և վայրկենապես հանդարտեցնել այն:
Բայց դիրիժորը ոչ մի բան հանպատրաստից չի հորինում։ Բազմաթիվ փորձերի ընթացքում նա մշակում է երաժշտության յուրաքանչյուր տակտը: Նրա առջև, նոտակալին, դրված է պարտիտուրը՝ նվագախմբային ստեղծագործության նոտագրությունը: Այնտեղ գրված են նվագախմբի բոլոր նվագամասերը։ Դիրիժորը նայում է պարտիտուրին և հետևում յուրաքանչյուր երաժշտի նվագին: Պարտիտուրի մեջ նշված են կոմպոզիտորի բոլոր ցանկությունները, հիմնական տեմպերը, շեղումները դրանցից, զանազան նրբերանգներ՝ հնչերանգների փոփոխությունները, կատարվող ստեղծագործության բնույթը և այլն։
Բայց դա չի նշանակում, թե դիրիժորը սոսկ միջնորդ է կոմպոզիտորի և երաժիշտների միջև: Դիրիժորին կարելի է անվանել նաև նվագախմբի գլխավոր երաժիշտ: Պատահական չէ, որ ասում են. «Ես լսել եմ այսինչ դիրիժորին...», թեև ինքը դիրիժորը ելույթի ընթացքում ոչ մի նվագարան չի նվագում։
Դիրիժոր են անվանում գործիքային, երգի-պարի անսամբլների, սիմֆոնիկ, թատերական և ժողովրդական նվագախմբերի ղեկավարներին։ Զինվորական նվագախմբերի դիրիժորներին անվանում են կապելմայստերներ, իսկ երգչախմբերի դիրիժորներին՝ խմբավարներ