Jump to content

Ինչ է, ով է/Դիքենս Չարլզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Դիքենս Չարլզ

1812-1870

Ցնցոտիապատ ու քաղցած փոքրիկ թափառաշրջիկն ահա սողոսկում է գեղեցիկ պարտեզը, ուր աշխատում է խստադեմ մի պառավ -Կորի՜ր։ Այստեղ ոչ մի տղա ոտք դնելու իրավունք չունի խիստ,- ասում է պառավը:

-Թույլ տվեք, տատիկ ես ձեր թոռն եմ:

Հուզված ու կցկտուր նա պատմում է, թե ինչպես էր ապրում մոր ու դայակի հետ, բայց կարծրասիրտ, անգութ խորթ հայրը չէր սիրում տղային: Իսկ երբ մայրը մահացավ, երեխային հանեցին դպրոցից և ստիպեցին աշխատել։ Ամբողջ օրը նա շշեր էր լվանում ու վրան պիտակներ փակցնում։ Եվ երբեք կուշտ չէր ուտում:

Արդեն ուժերից վեր էր այդ կյանքով ապրելը: Եվ Դավիթը որոշում է փնտրել ու գտնել իր տատիկին, որին երբեք չէր տեսել։ Ոտքով թափառեց նա շաբաթներով, գյուղից գյուղ և քաղաքից քաղաք, և շատ տանջվեց: Այս տղայի տանջանքների մասին է գրել անգլիացի գրող Չարլզ Դիքենսն իր «Դավիթ Կոպպերֆիլդ» վեպում։

Թշվառների ու աղքատների կյանքը Դիքենսը լավ գիտեր: Նրա ընտանիքն էլ էր աղքատ մե՛րթ հացավաճառն էր իր լուտանքը թափում հոր գլխին, մե՛րթ կաթնավաճառը, որովհետև նա չէր կարողանում պարտքը վերադարձնել: Հարազատներին օգնելու համար Չարլզը աշխատանքի անցավ նախ ֆաբրիկայում, ապա փաստաբանի մոտ: Նա տեսավ, որ հասարակ մարդիկ ամենուր ծանր են ապրում:

Գրող դառնալու գործում Դիքենսին օգնեց աշխատանքը թերթում։ Սկզբում տպագրվեցին Լոնդոնի մասին գրած նրա փոքրիկ հոդվածները, ապա նաև ակնարկները: Իսկ երբ երիտասարդ լրագրողին առաջարկեցին մի հայտնի նկարչի նկարների տակագրեր հորինել, ստացվեց «Պիկվիկյան ակումբի ետմահվան հուշերը» հրաշալի և ուրախ գիրքը, որ հռչակ բերեց ոչ թե նկարչին, այլ Դիքենսին:

Դիքենսը կարողանում էր նուրբ և ուրախ կատակել, նաև սուր ու թունոտ ծաղրել նրանց, ում ատում էր: Իսկ ատում էր նա երկերեսանի ու սնապարծ արիստոկրատներին, անգութ դատավորներին, բութ աստիճանավորներին, տգետ ուսուցիչներին: Նա ցույց էր տալիս, թե որքան ծանր է կյանքը մանկական ապաստարաններում: Միշտ սիրով էր խոսում երեխաների ու աշխատավոր մարդկանց մասին: Նա արտասվում էր, երբ իր հերոսները մեռնում էին, և երջանկանում, երբ նրանք հաջողության էին հասնում: Ճիշտ է ասել նրա մասին Ա Ա Գորկին. «Այդ մարդը հրաշալի գիտեր մարդկանց սիրելու դժվարագույն արվեստը»։ Դիքենսի փառքը տարածվեց Անգլիայում, այնուհետև ողջ Եվրոպայում և Ամերիկայում:

Նրա «Օլիվեր Թվիստի արկածները», «ԴավիթԿոպպերֆիլդ», «Դոմբի և որդին», «ՓոքրիկԴորրիթը», «Սառը տուն» գրքերը կարդում Են աշխարհի բոլոր ծայրերում: Դուք դեռ շատ առիթներ կունենաք հանդիպելու Դիքենսի հերոսներին, որոնք կդառնան ձեր մշտական բարեկամները: