Jump to content

Ինչ է, ով է/Դմիտրի Դոնսկոյ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Դմիտրի Դոնսկոյ

1350-1389 Մոսկվայի իշխան Դմիտրի Իվանովիչը պատերազմների սովոր մարդ էր: Առաջին անգամ նրան արշավի էին վերցրել, երբ փոքր տղա էր: Բոյարները նրան օղազրահ էին հագցրել, նստեցրել ձիուն, ձեռքը զենք տվել ու հետները տարել Մոսկվայի ախոյան Սուզդալի իշխանի դեմ։

Իշխանների միջև տիրող երկպառակությունները խանգարում էին Ռուսիայի բոլոր հողերի և ուժերի միավորմանը։ Մինչդեռ նա ահեղ հակառակորդ ուներ՝ Ոսկե հորդան: Մոտ մեկուկես դար էր արդեն, ինչ մոնղոլ-թաթարական նվաճողները տնօրինություն էին անում Ռուսիայում։ Նրանք կողոպտում էին գերեվարում և սպանում մարդկանց հավաքում էին հսկայական հարկեր, իրար դեմ հրահրում ռուս իշխաններին:

Դմիտրի Իվանովիչը երկար ժամանակ վճռական ճակատամարտի էր պատրաստվում նվաճողների դեմ ուժեր կուտակում։ Ժողովուրդն աջակցում էր թշնամու դեմ պայքարի դրոշ բարձրացրած իշխանին: Մոսկվան, որ գտնվում էր ռուսական հողերի կենտրոնում, կարողացավ աստիճանաբար ի մի բերել և համախմբել առանձին իշխանությունների ուժերը: Դմիտրի Իվանովիչը հրամայեց փայտե հին կրեմլի փոխարեն կառուցել նորը, քարե հզոր պարիսպներով ու աշտարակներով: 1380 թ օգոստոսի 10-ին այստեղից հնչեց մարտական ազդանշանը: Կրեմլի դարպասներից դրոշները պարզած դուրս հորդեցին զորքերը: Ամբողջ օրը քաղաքով շարժվում էր թաթարների դեմ մեծ արշավի ելած ռուսական բանակը: Ճանապարհին իշխանն իմացավ, որ թաթարական Մամայ խանը իր զորքի հետ ճամբար է խփել Դոնի մոտ և օգնության է սպասում Լիտվայի իշխան Յագայլոյի զորքերին: «Թանկագին եղբայրներ և բարեկամներ,-ասաց իշխան Դմիտրին ռազմական խորհրդում:-Գիտցեք, որ ես այստեղ եմ եկել, որպեսզի ռուսական հողն ազատեմ գերությունից և ավերից: Այժմևեթ գնանք Դոնի այն կողմը և այնտեղ կա՛մ հաղթենք, կա՛մ վայր դնենք մեր գլուխները»: Եվ ահա ռուսական զորքերն անցան Դոնը: Ճակատամարտի համար ընտրեցին Կուլիկովո դաշտը, որպեսզի թաթարական հեծելազորը չկարողանա խոր հեղեղատներով և Նեպրյադվա գետով շրջանցել հիմնականում հետևակ ռուսական զորքերը: Հարևան անտառում թաքնվել էր դարանակալ գունդը: Սեպտեմբերի 8-ի առավոտյան սկսվեց ճակատամարտը: Առաջին շարքերում կռվում էր ինքը` իշխան Դմիտրին: Ռուսական ջոկատները երերացին: Բայց այդ ժամանակ թշնամու հեծելազորի վրա անսպասելի հարձակվեց դարանակալ գունդը, և թաթարները փախուստի դիմեցին, նրանց հետ նաև` Մամայ խանը: Թաթարների դեմ այդ մեծ ճակատամարտն ավարտվեց ռուսների հաղթանակով: Կուլիկովյան ճակատամարդտ ողջ ժողովրդին ցույց տվեց, որ մեկընդմիշտ ազատագրվելու համար հարկավոր է համախմբվել: Իսկ Դմիտրի Իվանովիչ Իշխանին Դոնի վրա տարած այդ մեծ հաղթանակի պատվին այդ օրից սկսեցին անվանել Դմիտրի Դոնսկոյ: