Jump to content

Ինչ է, ով է/Դուրյան Պ. Ա.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դուրյան Պ. Ա.
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Դուրյան Պետրոս Աբրահամի

1851-1872

Ամեն անգամ, առավոտյան պարապմունքներից հետո, Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանի ունևոր աշակերտները գնում էին սեղանատուն, իսկ չքավորները, հնարավորություն չունենալով տնից նախաճաշիկ բերելու, տնտեսին մանր-մունր ծառայություններ էին մատուցում՝ փոխարենը ստանալով կերակրի մնացուկներ: Աշակերտների մեջ կար, սակայն, մեկը՝ շագանակագույն մազերով, մրահոն, գեղեցիկ ու նուրբ դիմագծերով սևաչյա մի պատանի, որ նույնպես աղքատ էր, բայց նախընտրում էր քաղցած մնալ, և փակվելով դասասենյակում, գիրք էր կարդում ու գրում: Այդ պատանին Պետրոս Դուրյանն էր: Տանը Պետեկը (այսպես էին ծնողներն անվանում նրան) մինչև կեսգիշեր դարձյալ կարդում էր ու գրում։

Դուրյանը մեծացավ կարիքի ու թշվառության մեջ։ Կարոտյալ ընտանիքին օգնելու համար Պետրոսը, որ արդեն ավարտել էր ճեմարանը, դարձավ դեղագործի աշակերտ, գրագիր, զբաղվեց դերասանությամբ։ Բայց ամենից շատ գրել էր սիրում: Տակավին դպրոցում, երբ դասատուներից մեկը բարեմտորեն խորհուրդ էր տվել թողնել «բանաստեղծական տքնությունները», Դուրյանը խորապես վիրավորված պատասխանել էր. «Ախ, չես գիտեր էֆենտի, շատ կսիրեմ բանաստեղծությունը»:

Բազմազան էին Դուրյանի գրական հետաքրքրությունները։ Գրել է թատերախաղեր, տաղեր, կատարել թարգմանություններ, փորձել ուժերը վիպասանության մեջ, զբաղվել հրապարակախոսությամբ: Պետրոս Դուրյանի տարերքը, սակայն, քնարերգությունն էր: Նրա քնարական ստեղծագործությունն ամբողջովին սեր է մարդու և բնության հանդեպ, մահվան ժխտում է ու կենսասիրության փառաբանում: Նա կարողացավ բնությունն իր բոլոր գույներով ու բույրերով ներհյուսել մարդկային էությանը: Դուրյանի ըմբռնմամբ բնությունն ինքը մարդկային հոգեվիճակների արտացոլումն է: Բանաստեղծը ծարավի էր մեծ սիրո, մահն անխուսափելի է, բայց տխուր է առանց սիրո մեռնելը։ Դուրյանի բանաստեղծություններում մահվան գաղափարը դառնում է իրականության դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություն։ Դուրյանը հայ ամենաըմբոստ քնարերգակներից է։ Խռովքը, կասկածանքն ու ընդվզումը փոթորկում էին նրա միտքն ու հոգին, որ այնպես հանճարեղորեն ժայթքեց սքանչելի «Տրտունջք»–ում:

Դուրյանի բանաստեղծական ժառանգությունը կազմում է ընդամենը 39 գործ: Սակայն դրանց մեծ մասը իսկական գըլուխգործոցներ են («Սիրել», «Դրժել», «Թրքուհին», «Հծծյունք», «Իմ ցավը», «Իմ մահը», «Լճակ», «Տրտունջք»), նրանցով է սկզբնավորվել հայ նոր քնարերգությունը:

Պետրոս Դուրյանը, որ տառապում էր թոքախտով, կյանքից հեռացավ 21 տարին չբոլորած, հեռացավ երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի «արև տեսնելը», հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու (գրողի դիմանկարը ստեղծվել է մահից 20 տարի հետո հարազատների նկարագրությունների հիման վրա): Բայց նա մնաց պաշտված մի բանաստեղծ, որի գերեզմանը մինչև օրս էլ ուխտատեղի է։ Հովհաննես Թումանյանը նրան համարել է «վաղամեռիկ հանճար», Եղիշե Չարենցը «իսկական սրինգ» ունեցող բանաստեղծ։ Նրանով հիացել են Միսաք Մեծարենցը, Դանիել Վարուժանը, Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը, ինչպես նաև ռուս և Եվրոպական գրողներն ու գրականագետները։