Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռվի են բռնվում կրակի հետ: Ահա փողոցով քայլում է ժողովրդական դրուժինան, և ոչ ոք չի համարձակվի խախտել կարգը, փչացնել մարդկանց տրամադրությունը:

Յուրաքանչյուր դպրոցում, պիոներական ճամբարում կամ հենց թեկուզ գյուղական փողոցում գործում են պիոներական դրուժինաներ: Նրանք բոլորը միասին կազմում են Վ. Ի. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպությունը:

Պիոներական դրուժինաները բաժանվում են ջոկատների, ջոկատները՝ օղակների։ Երբ դրուժինան ստեղծվում է, հենց առաջին հանդիսավոր տողանի ժամանակ նրան կարմիր դրոշ են հանձնում: Կոմերիտմիությունը դրուժինա է ուղարկում ավագ բարեկամին՝ պիոներական ջոկատավարին։ Պիոներական շատ դրուժինաներ փառաբանված հերոսների անուններ են կրում:

Պիոներական բոլոր գլխավոր գործերը երեխաները վճռում են դրուժինայի հավաքում: Այստեղ նրանք ընտրում են դրուժինայի խորհուրդ, խորհուրդն էլ նախագահ: Դրուժինան կազմակերպում է պիոներական հավաքներ, արշավներ և սպարտակիադաներ, աշխատանքային կիրակնօրյակներ և ուրախ հանդեսներ: Դրուժինան փոքրիկ հոկտեմբերիկներին օգնում է դառնալու իսկական պիոներներ, իսկ մեծերին՝ բազմաթիվ լավ գործեր կատարելու: Երբ տեսնեք քայլերթի ելած պիոներական դրուժինա, պատվի առեք:

Դուրյան Պետրոս Աբրահամի

1851-1872

Ամեն անգամ, առավոտյան պարապմունքներից հետո, Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանի ունևոր աշակերտները գնում էին սեղանատուն, իսկ չքավորները, հնարավորություն չունենալով տնից նախաճաշիկ բերելու, տնտեսին մանր-մունր ծառայություններ էին մատուցում՝ փոխարենը ստանալով կերակրի մնացուկներ: Աշակերտների մեջ կար, սակայն, մեկը՝ շագանակագույն մազերով, մրահոն, գեղեցիկ ու նուրբ դիմագծերով սևաչյա մի պատանի, որ նույնպես աղքատ էր, բայց նախընտրում էր քաղցած մնալ, և փակվելով դասասենյակում, գիրք էր կարդում ու գրում: Այդ պատանին Պետրոս Դուրյանն էր: Տանը Պետեկը (այսպես էին ծնողներն անվանում նրան) մինչև կեսգիշեր դարձյալ կարդում էր ու գրում։

Դուրյանը մեծացավ կարիքի ու թշվառության մեջ։ Կարոտյալ ընտանիքին օգնելու համար Պետրոսը, որ արդեն ավարտել էր ճեմարանը, դարձավ դեղագործի աշակերտ, գրագիր, զբաղվեց դերասանությամբ։ Բայց ամենից շատ գրել էր սիրում: Տակավին դպրոցում, երբ դասատուներից մեկը բարեմտորեն խորհուրդ էր տվել թողնել «բանաստեղծական տքնությունները», Դուրյանը խորապես վիրավորված պատասխանել էր. «Ախ, չես գիտեր էֆենտի, շատ կսիրեմ բանաստեղծությունը»:

Բազմազան էին Դուրյանի գրական հետաքրքրությունները։ Գրել է թատերախաղեր, տաղեր, կատարել թարգմանություններ, փորձել ուժերը վիպասանության մեջ, զբաղվել հրապարակախոսությամբ: Պետրոս Դուրյանի տարերքը, սակայն, քնարերգությունն էր: Նրա քնարական ստեղծագործությունն ամբողջովին սեր է մարդու և բնության հանդեպ, մահվան ժխտում է ու կենսասիրության փառաբանում: Նա կարողացավ բնությունն իր բոլոր գույներով ու բույրերով ներհյուսել մարդկային էությանը: Դուրյանի ըմբռնմամբ բնությունն ինքը մարդկային հոգեվիճակների արտացոլումն է: Բանաստեղծը ծարավի էր մեծ սիրո, մահն անխուսափելի է, բայց տխուր է առանց սիրո մեռնելը։ Դուրյանի բանաստեղծություններում մահվան գաղափարը դառնում է իրականության