Jump to content

Ինչ է, ով է/Դրամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դրամ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Դրամ

Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ինչ է դրամը: Նրանք պարզապես զանազան առարկաներ փոխանակում էին միմյանց հետ։ Բրուտները փոխանակում էին խեցամաններ և սափորներ, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, ձեթ, գինի, անասնապահները՝ ոչխարներ, եզներ, բուրդ ու կաշի․ իսկ հաղթանակած մարտիկներր իրենց գերիները: Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին։ Արժեքը կախված է այն բանից, թե որքան աշխատանք է ծախսվում այս կամ այն առարկան կամ մթերքը պատրաստելու համար, կամ էլ նրանից, թե ինչպիսի դժվարություններ, երբեմն էլ՝ վտանգներ պետք է հաղթահարել դրանք ձեռք բերելու համար: Մեկ ոչխարի փոխարեն, օրինակ, կարելի էր ստանալ երկու կացին կամ մեկ անդրավարտիք, կամ էլ չորս սափոր: Իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն կարելի էր ստանալ նավակ կամ մեկ զույգ եզ։ Պետք էր գտնել նաև այդպիսի փոխանակություն կատարելու ցանկություն ունեցող մեկին։ Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին գտնել փոխանակման միջոց ծառայող ամենից հարմար առարկան։ Անասունը, մթերքները, մորթեղենը, կտորեղենը որպես դրամ հարմար չգտնվեցին, որովհետև դրանք խնամք էին պահանջում կամ էլ Երկար պահելուց փչանում էին։ Մարդիկ աստիճանաբար հասկացան, որ դրամը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն։ Այն պետք է լիներ դիմացկուն, որպեսզի պահելիս կամ ձեռքից ձեռք անցնելիս չփչանար, թեթև, որպեսզի հեշտ լիներ հետը կրելը, իսկ նրա փոքր քանակությունն անգամ արժեքով պետք է հավասարվեր թե՛ եզան ու տան, թե՛ նավի ու հողակտորի արժեքին։ Անհրաժեշտ էր նաև, որ այն հեշտությամբ բաժանվեր մանր մասերի, որպեսզի կատարվեին ոչ միայն խոշոր, այլև մանր առարկաների գնումներ․ հո բոլորը չէ՞, որ Եզ կամ նավ են գնում: Սովորաբար մարդը գնում է մի բոքոն հաց, մի կտոր միս, մի զույգ կոշիկ: Բայց ահա ծագեց մի նոր պահանջ: Հարկավոր էր, որ դրամն ամենամանր մասերի բաժանելու Ժամանակ նրա ընդհանուր արժեքը չփոքրանար եթե, օրինակ, սամույրի մորթին բաժանենք փոքր կտորների, ապա այդ կտորների արժեքը կհավասարվի զրոյի։ Բոլոր այս պահանջներին քիչ թե շատ համապատասխանող ամենաառաջին դրամներից էին հարավային ծովերից բերված կաուրի փափկամորթների խեցիները։ Դրանց վրա անցք էին բացում և հուլունքի նման շարում թելին։ Բայց դրանք էժան էին՝ մեկ Եզի համար պետք էր վճարել հազարավոր խեցիներ։ Պարզվեց, որ ամենահարմարը մետաղե դրամներն են։ Կարելի էր ցանկացած արժեքի դրամ հատել․ պղնձից՝ էժանները, արծաթից՝ ավելի թանկերը, ոսկուց՝ ամենաթանկերը, բայց մետաղե դրամներն էլ իրենց թերությունն ունեին՝ ծանր էին և մեծածավալ։ Հեռավոր երկրների հետ առևտուր անող հարուստ վաճառականների համար վտանգավոր էր ու ոչ հարմար իրենց հետ նման բեռ վերցնելը, ինչպես էլ թաքցնեին, ավազակները կգտնեին։ Ուստի և մարդիկ ուրիշ ելք գտան՝ ոսկին պահպանության էին հանձնում բանկ և փոխարենը վերցնում ստացականներ, որոնք ճանապարհի համար հարմար էին։ Այսպես առաջին անգամ լույս աշխարհ եկան թղթադրամները, որոնց վրա գրված է, թե բանկում պահված ոսկու ինչ քանակի են հավասար: Դրամով վճարվում են այն բոլոր իրերը, մթերքներն ու ծառայությունները, որոնց համար աշխատանք է ծախսվել։ Դրա համար էլ ասում են, որ դրամը այնպիսի հատուկ ապրանք է, որի որոշակի քանակը միշտ համարժեք է ցանկացած այլ ապրանքի և կարող է փոխանակվել նրա հետ։ Հայաստանում գտնված ամենահին մետաղադրամը մեր թվականությունից առաջ 5֊րդ դարից է։ Մեր թվականությունից առաջ 3-րդ դարի վերջին սեփական դրամներ են հատել Ծոփքի հայոց թագավորները: Հայկական շատ դրամ է հատվել, մասնավորապես, մեր թվականությունից առաջ 2-րդից 1-ին դարերում, Արտաշեսյան թագավորության շրջանում, և դրանց գրեթե բոլորի նմուշները հասել են մեզ։ Տիգրան Մեծի դիմապատկերով դրամ է հատվել Տիգրանակերտում, Արտաշատում և Անտիոքում։ Միջնադարում հայ իշխանների և թագավորների դիմապատկերներով ու հայերեն գրությամբ դրամներ են հատվել Կիլիկիայի հայկական պետությունում: 17-րդ դարում, պարսկական տիրապետության օրոք, Երևանն ունեցել է դրամատուն։

Կա պատմագիտության հատուկ ճյուղ՝ դրամագիտությունը, որն ուսումնասիրում է դրամահատման պատմությունը, մետաղադրամները շքանշանները և այլն: