Ինչ է, ով է/Դրոշ
Ալ դրոշն առաջին անգամ բոցի պես փողփողաց 1832 թ հունիսին՝ Փարիզի աշխատավորության ապստամբության ժամանակ, բարիկադների վրա։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում այն կրկին ծածանվեց 1871 թ, Փարիզի կոմունայի օրերին։
Ռուսաստանում կարմիր դրոշն առաջին անգամ ասպարեզ է եկել 1878 թ, Պետերբուրգի բանվորների ցույցի ժամանակ։ Այն դեպի երկինք պարզեց երիտասարդ արհեստավոր Յակով Պոտապովը, որին իրենց ամուր բազուկներով բարձրացրած պահում էին ընկերները:
1905 թ մարտական կարմիր դրոշները ծածանվում էին Մոսկվայում՝ բանվորական Պրեսնյայի հերոսական բարիկադների. փողփողում ապստամբած հեղափոխական նավերի՝ «Պոտյոմկին» զրահանավի և «Օչակով» հածանավի վրա:
Կարմիր դրոշի ներքո, Լենինի կուսակցության գլխավորությամբ, բանվորները, զինվորները և գյուղացիները հաղթանակ տարան 1917 թ հոկտեմբերին: Այդ հաղթանակից հետո կարմիր գույնը դարձավ սովետների Երկրի պետական դրոշի գույնը: Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր դրոշն այդ գույնը ժառանգել է ողջ աշխարհի հեղափոխական մարտիկների շատ սերունդներից։
Մեր դրոշի վրայի մուրճն ու մանգաղը խորհրդանշում են բանվորների ու գյուղացիների անխախտ բարեկամությունը: Իսկ մուրճ ու մանգաղի վերևում պատկերված աստղի հինգ թևերը նշանակում են երկրագնդի հինգ մայրցամաքների աշխատավորների եղբայրությունն ու միասնությունը։
Պետական դրոշը ժողովրդի դրոշն է՝ սրբությունը: Այն մարմնավորում է ժողովրդի հպարտությունն իր երկրի համար, նրա մշտական պատրաստակամոթյունը աշխատանքով և կյանքով պաշտպանելու նրա պատիվն ու անկախությունը: Իրենց պետական դրոշներն ունեն մեր երկրի 15 եղբայրական հանրապետությունները էստոնական ՍՍՀ և Լատվիական ՍՍՀ դրոշների վրա պատկերված են փրփրադեզ կապույտ ալիքներ․ չէ՞ որ ծովը մեծ դեր ունի մերձբալթյան այդ հանրապետությունների կյանքում։ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը նույնպես կարմիր է դրոշի մեջտեղից երկայնքով անցնում է կապույտ մի շերտ, որը կազմում է դրոշի լայնքի մեկ քառորդը։
Միութենական հանրապետությունների բոլոր դրոշները պսակված են հնգաթև աստղով և մուրճ ու մանգաղի պատկերով: Դրանց միավորում է կարմիրը աշխատավորների ինտերնացիոնալ եղբայրության գույնը:
Սովետական Միության կարմիր դրոշը խաղաղության դրոշն է:
Մարդկության սերն է այդ դրոշի մեջ
Չկա այլ դրոշ այդքան պարզ ու մեծ
Նրա մեջ է մեր փառքը հուրհրում
Ավելի ջերմը չկա աշխարհում
Նրա մեջ անշեղ լույսն է մեր զորեղ
Զորեղ ավելի չկա ոչ մի տեղ
Նրա մեջ կյանքն է մեր արդար, ազատ,
Չկա այլ դրոշ այդքան հարազատ