Ինչ է, ով է/Մեր փոքրիկ ընթերցողերին
ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
Ձեր առջև է գեղազարդ մի գիրք՝ «ԻՆՉ Է, ՈՎ է» անսովոր վերնագրով։
Հավանաբար կարծում եք, թե սա սովորական ընթերցանության այն գրքերից է, որ դուք կարդում եք էջ առ էջ հերթով՝ առաջ չանցնելով ու չթռչելով էջերի վրայով։ Բայց ո՛չ․ որքան որ անսովոր է գրքի վերնագիրը, նույնքան էլ առայժմ ձեզ համար անսովոր է ինքը գիրքը։ Եվ ահա թե ինչու․
Հապա ուշադիր նայեցե՛ք ձեր շուրջը. Որքան հետաքրքիր բաներ կան, այնպես չէ՞։ Պատուհանից երևում են երկինքն ու գետինը, հեռվում ձգվում են լերկ կամ անտառապատ լեռները։ Կանաչին են տալիս մարգագետիններն ու դաշտերը: Ահա այնտեղ տուն են կառուցում ճանապարհ գցում։ Քայլում են մարդիկ։ Սարի կատարին թառել է մենավոր մի վանք։ Պատից կախված է հրաշալի մի նկար։ Խշշում են ծառերը։ Փողոցի ծայրին վեր է խոյանում հոյակերտ մի կոթող։ Բարձր երկնքում սլանում է արբանյակը, թևածում են թռչունները։ Անձրև է տեղում, ապա երփներանգ գույներով շողում է ծիածանը։ Ահա որսորդները գտել են գազանի հետքը։ Ձեր կողքին թկթկում է ժամացույցը։ Բաբախում է ձեր սիրտը։ Անցնում են ռադիոյի անտեսանելի ալիքները։ Իսկ գիշերը երկրի վրա կախվում է Լուսնի մահիկը։
Ամեն ինչի մասին ուզում եք իմանալ չէ՞։ Եվ ձեր գլխում միանգամից ծագում են բազմաթիվ հարցեր․ ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ, որտեղի՞ց, ո՞ւր, ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ: Ահա ձեր այդ հարցերին էլ պատասխանելու է կոչված «ԻՆՉ է, ՈՎ է» գիրքը ավելի շուտ գրքերը որովհետև լինելու է այդպիսի չորս գիրք չորս հատոր։
Ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ հատորները դուք կարդաք էջ էջի ետևից սկզբից մինչև վերջ։ Կարող է պատահել, որ սկզբում անհրաժեշտություն ունենաք կարդալու երկրորդ հատորի ամենավերջում զետեղված մի զրույց, ապա անցնեք չորրորդ հատորի սկզբին հետո էլ ձեզ հետաքրքրող զրույցը փնտրեք ու գտնեք առաջին հատորի մեջտեղում։ Կարելի է նաև բացել որևէ հատորի ցանկացած էջ, դիտել նկարները, ընթերցել մեկ-երկու զրույց Դա կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ հարց է հետաքրքրում ձեզ։
Ստացվեց ուրեմն, որ «ԻՆՉ է, ՈՎ է»-ն յուրատեսակ հանրագիտարան է, ձեր առաջին հանրագիտարանը ավելի ճիշտ՝ մանկագիտարանը գիտելիքների մի շտեմարան Աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ չէ, անշուշտ, որ հնարավոր է իմանալ: Դուք դեռ կմեծանաք, կշարունակեք սովորել, բազմաթիվ լավ գրքեր կկարդաք, կծանոթանաք ու կսիրեք երաժշտական շատ ստեղծագործություններ, կդիտեք կինոֆիլմեր ու հեռուստահաղորդումներ: Աստիճանաբար դուք բազմազան գիտելիքներ ձեռք կբերեք և կկարողանաք շատ հարցերի էլ ինքներդ պատասխանել։ Բայց առայժմ ձեզ համար օգտակար կլինի հազար ու մի կարևոր հարցի պատասխան իմանալ մեր չորս գրքերից, ինչպես մեծահասակները իրենց հանրագիտարաններից, հասկանալ այն հազար ու մի բառերի նշանակությունն ու իմաստը, որոնց դուք հանդիպում եք տանը, փողոցում, դպրոցում, գրքերում: Բառեր էլ կան, որ ձեզ առհասարակ ծանոթ չեն, որոնք, սակայն, նույնպես շատ կարևոր են և ամեն մի կրթված մարդ պետք է իմանա դրանք: Ջանացեք հիշել այդ բառերը:
«ԻՆՉ է, ՈՎ է»-ն հայերեն թարգմանությունն է կրտսեր տարիքի դպրոցականների համար նախատեսված «Что такое, Кто такой» հանրագիտարանի, որը 1975—1978 թվականներին լույս է ընծայել «Պեդագոգիկա» հրատարակչությունը Մոսկվայում: Ի դեպ ռուսերեն հրատարակության առաջաբանը գրել է ձեր սիրելի գրողներից մեկը՝ Լև Կասիլը, և այդ առաջաբանի բուն էությունն ու հիմնական մտքերն արտահայտված են ձեզ ուղղված այս խոսքում. «ԻՆՉ է, ՈՎ է»–ն սակայն հիշյալ հրատարակության զուտ թարգմանությունը չէ միայն: Այստեղ ընդգրկված է բավականին լայնածավալ հայկական նյութ ինչպես առանձին զրույցների, այնպես էլ արդեն եղած զրույցների, լրացումների ձևով համապատասխան պատկերազարդումով: Արվել են նաև գիտության, տեխնիկայի և մշակույթի արդի պահանջներից բխող մի շարք փոփոխություններ և ճշգրտումներ: Այս պատճառներով է ահա որ հայերեն հրատարակությունը ձեզ ներկայացվում է չորս հատորով:
«ԻՆՉ է, ՈՎ է» ն ընդհանուր բնույթի հանրագիտական հրատարակություն է, այսինքն՝ ընդգրկված զրույցները վերաբերում են մարդկության ողջ պատմությանը սկզբից մինչև մեր օրերը, գիտության ու մշակույթի բոլոր բնագավառներին: Հատորներում դուք բազմաթիվ զրույցներ կգտնեք Սովետական Միության, կոմունիստական կուսակցության մասին: Զրույցներ կան Սովետական Հայաստանի, նրա բնաշխարհի, ծաղկող քաղաքների, հայ ժողովրդի դարավոր անցյալի, նրա մաքառումների ու հերոսապատումների, կարևոր իրադարձությունների, գիտության, մշակույթի, գրականության, հայ ականավոր դեմքերի, հայ հեղափոխական գործիչների, մեր հանրապետության խոշոր նվաճումների, աշխարհով մեկ սփռված հայ գաղթավայրերի մասին: Դուք կիմանաք, օրինակ, թե ինչպես իր դարավոր պատմության ընթացքում ավերածություններ ու կոտորածներ տեսած, կործանման եզրին կանգնած հայ ժողովուրդը սովետական իշխանության շնորհիվ մոխիրներից հառնեց ինչպես հեքիաթային փյունիկ թռչուն, ապրեց աննախընթաց վերելք և այսօր Սովետական Միության եղբայրական ժողովուրդների համերաշխ ընտանիքում կերտում է իր լուսավոր ու երջանիկ կյանքը:
Հատորներում զրույցները դասավորված են այբբենական կարգով՝ Ա-ից մինչև Ֆ։ Թե որ հատորում գտնեք ձեզ հետաքրքրող զրույցը, կօգնեն յուրաքանչյուր գրքի կազմին նշված տառերը։ Առաջին հատորում, օրինակ, զետեղված են Ա—Դ տառերով սկսվող զրույցները։ Այս կարգը ձեզ կօգնի հեշտությամբ գտնելու հարկավոր բառը, աստիճանաբար կսովորեք նաև օգտվել զանազան բառարաններից ու հանրագիտարաններից։ Ենթադրենք՝ դուք ուզում եք իմանալ, թե ով է Գայը։ Գրքի առաջին երկու պատկերազարդ էջերում նշված է, թե որ էջում են Գ տառով սկսվող զրույցները։ Բացեք այդ էջը։ Գտաք «Գայի» էջը, hիմա բացեք այն։ Ահա և զրույցը։ Նրանից դուք կիմանաք, որ Գայը հայ ականավոր զորավար էր, հեղափոխության գործին զինվորագրված մարտիկ։ Նրա «երկաթյա դիվիզիան» էր, որ 1918 թ․ ազատագրեց սովետական պետության հիմնադիր Վ․ Ի․ Լենինի ծննդավայր Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ) քաղաքը, դրանով սպեղանի դնելով մեծ առաջնորդի վերքին։ Նույն կերպ դուք կարող եք գտնել նաև «Աբովյան Խ․», «Անի», «Աճառյան Հ․», «Ասեղնագործություն», «Աստղագիտություն», «Ավտոմոբիլ», «Բակունց Ա.», «Բաքվի 26 կոմիսարներ», «Գագարին Յու․ Ա․», «Գառնի», «Գոգոլ Ն․ Վ.», «Դավիթ Բեկ», «Դելֆին», «Դոն Կիխոտ» և շատ ու շատ այլ զրույցներ:
Մի փոքրիկ զրույցում, իհարկե, հնարավոր չէ պատմել այն ամենը, ինչ հայտնի է տվյալ մարդու, իրադարձության, երևույթի կամ առարկայի մասին։ Զրույցը կարդալուց հետո ձեր մեջ ծագած հարցերն ուղղեք նախ ավագ եղբորը կամ քրոջը, մայրիկին կամ հայրիկին։ Ավելին իմանալու ցանկության դեպքում դիմեցեք գրքերի օգնությանը։
Զրույցները կարդալու ընթացքում դուք կնկատեք, որ որոշ բառեր տպագրված են թեք տառերով՝ շեղատառ։ Դա նշանակում է, որ այդ հասկացության մասին կա առանձին զրույցը և այն որոշ չափով լրացնում է ձեր ընթերցած զրույցը։ Հասկանալի է, որ շեղատառով նշված զրույցը կարող է զետեղված լինել ոչ անպայման նույն հատորում։ Եթե դուք լավ գիտեք այբուբենը, ապա զրույցը հեշտությամբ կգտնեք հատորներից որևէ մեկում։
Անհրաժեշտ է իմանալ նաև հետևյալը։ Բոլոր հատորներում դուք կհանդիպեք կրճատ բառերի: Այդ կրճատումները համընդհանուր են և ընդունված բոլոր բառարաններում, տեղեկատուներում, հանրագիտարաններում։ Հիշեցեք այդ կրճատումները․ թ․՝ թվական, կմ՝ կիլոմետր, մ՝ մետր, սմ՝ սանտիմետր, մմ՝ միլիմետր, քառ․ մ․՝ քառակուսի մետր, կգ՝ կիլոգրամ, գ՝ գրամ, մլն․՝ միլիոն, հզ․՝ հազար:
Ահա և իմացաք, թե ինչ գիրք է հիմա ձեր առջև և ինչպես պետք է օգտվեք նրանից, բոլոր չորս հատորներից: Թող ձեր միտքը թևեր առած սավառնի գիտելիքների խորհրդավոր ու անեզր աշխարհում և օգնի ձեզ գտնելու գանձերի գանձը՝ իմացությունը: Զուր չէ, որ հայ գրերի գյուտից հետո հայերեն գրված առաջին նախադասությունն էր․ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», այսինքն՝ «Ճանաչիր իմաստությունն ու խրատը, հասկացիր հանճարի խոսքը»։