Ինտերմեդիաներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հայելիներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Ինտերմեդիաներ

Վարդան Հակոբյան

«Շարունակվող լեգենդի» տիեզերական խորհուրդը

Ա
ՄԱԿԻՉ. - Բարեւ ձեզ։
ՎԱՆՈ. - Հետաքրքիր է, ինչ է նշանակում՝ բարեւ։
ՄԱԿԻՉ. - Բարեւը, դա... դա ողջյունի ձեւ է, որով դիմում են մարդիկ իրար։
ՎԱՆՈ. - Այո, դա հասկանում եմ։ Բարեւ։
ՄԱԿԻՉ. - Դե էլ ինչ ես ուզում, եթե հասկանում ես։
ՎԱՆՈ. - Ուզում եմ իմանալ՝ ինչ բաղադրամասերից է կազմված բարեւը։
ՄԱԿԻՉ. - Այսինքն...
ՎԱՆՈ. - Ինչ անհասկացող ես երեւում։ Այսինքն՝ ինչ վիտամիններ է պարունակում բարեւը։
ՄԱԿԻՉ. - Հա... Վիտամիններ։ Նայած ով ում է բարեւում։
ՎԱՆՈ. - Ասենք՝ խաղողագործը դիմում է բրիգադավարին։
ՄԱԿԻՉ. - Եթե բարեւից հետո բան է խնդրելու, ապա...
ՎԱՆՈ. - խնդրելու է, որ իրեն երկու օրով ազատեն։
ՄԱԿԻՉ. - Ապրես։ Այդ դեպքում բարեւը պարունակում է «Կ» եւ «Շ» վիտամիններ։
ՎԱՆՈ. - «Կ»-ն որն է։ «Շ»-ն որն է։
ՄԱԿԻՉ. - Այսինքն՝ բարեւի մեջ կեղծություն կա։ Դա «կ» վիտամինն է։ Իսկ «Շ»-ն շողոքորթությունն է։
ՎԱՆՈ. - Բայց այդպիսի խաղողագործներ մենք չունենք։
ՄԱԿԻՉ. - Դա ինչից է։
ՎԱՆՈ. - Դա նրանից է, որ մեր բրիգադավարը գործի մարդ է եւ վիտամինները պակաս չեն։
ՄԱԿԻՉ. - Որ վիտամինը նկատի ունեք։
ՎԱՆՈ. - «Ժ» եւ «Խ» վիտամինները։ Ժուլիկություն եւ խելք։ Անցյալ տարվա 1600 տոննան այս տարի կրկնապատկել, դարձրել է 1000 տոննա։ Անցյալ տարի պլանից ավել չկարողացանք խաղող տալ, այս տարի՝ կտանք։ Դա վատ է։
ՄԱԿԻՉ. - Դուք քամակ-քամակ եք գնում։
ՎԱՆՈ. - Չէ։ Քամակ նայում ենք, առաջ գնում։
ՄԱԿԻՉ. - Այդ դեպքում ցտեսություն։ Ձեր բրիգադավարի մոտ «Ա» վիտամինը պակասում է։ Ազնվությունը։ Քամակ նայելով երկար չեք կարող առաջ գնալ։ Կընկնեք։


Բ

ՎԱՆՈ. - (Դուրս է գալիս բեմ, հեռվից մատով կանչում է Մակիչին, որը պատրաստվում է վարել համերգը)։ Ջահել, մի րոպեով կարելի է...
ՄԱԿԻՉ. - Բայց ես... ես զբաղված եմ, ինչպես տեսնում ես։
ՎԱՆՈ. - Ես էլ պարապ չեմ։
ՄԱԿԻՉ. - Հետո, Վանո ջան, հետո... (դիմում է դահլիճին)։ Սիրելի բարեկամներ, այսօր մենք։
ՎԱՆՈ. - Սպասիր, Մակիչ... (մոտենում է)։ Տեսնում ես իմ ձեռքերը որքան են պինդ...
ՄԱԿԻՉ. - Վախեցնում ես։
ՎԱՆՈ. - Չեմ վախեցնում, բայց իմ ձեռքից չես պրծնի, եթե...
ՄԱԿԻՉ. - Իսկ ես ձե՞ռք չունեմ, ինչ է։
ՎԱՆՈ. - Ընդամենը՝ երկու ձեռք... Դրանով դու ձեռքատեր ես։
ՄԱԿԻՉ. - Հետաքրքիր է, իսկ քո ձեռքերը քանիսն են։
ՎԱՆՈ. - Շատ։
ՄԱԿԻՉ. - Բա ինչու այգում չեն երեւում այդ շատ ձեռքերը, նորմաներդ թերակատարում ես։
ՎԱՆՈ. - Արա դու հաշվապա՞հ ես։
ՄԱԿԻՉ. - Հաշվապահ չեմ, բայց...
ՎԱՆՈ. - Գիտեմ, որ հաշվապահ չես։ Եթե հաշվապահ լինեիր, ձեռքերիս թիվը կիմանայիր։
ՄԱԿԻՉ. - Երկու ձեռք ունես։ Ինչպես բոլորը։
ՎԱՆՈ. - Հա, հա... (ծիծաղում է)։ Միամիտ։ Իմ ձեռքերը շատ են, այ մեկը՝ սա, մեկը՝ սա, իսկ մյուսները... Կարող ես գլխի ընկնել։ Իսկ մյուսները... մեկը՝ Գիքոն, մեկը բրիգադավար Ասոն, մեկը պահեստապետ Վասոն, մեկը խանութպան Աշոն, մեկը...
ՄԱԿԻՉ. - Լավ, լավ... հասկացանք։
ՎԱՆՈ. - Դե որ հասկացար, արի...
ՄԱԿԻՉ. - Ուր...
ՎԱՆՈ. - (Նրան մի կողմ է քաշում)։ Բան ունեմ ասելու... (Ցածր)։ Համերգը դո՞ւ ես վարելու։
ՄԱԿԻՉ. - Այո։
ՎԱՆՈ. - Անունս չմոռանաս տալ։ Մրցության հաղթող եմ ճանաչվել, բայց ոչ ոք չի ուզում ասել։
ՄԱԿԻՉ. - Ինչո՞ւ։
ՎԱՆՈ. - Դե, ինչ իմանամ։
ՄԱԿԻՉ. - Ո՞ւմ հետ ես մրցում։
ՎԱՆՈ. - Շադունց Սամսոնի։
ՄԱԿԻՉ. - Նա ինչքա՞ն խաղող է ստացել։
ՎԱՆՈ. - Երկու հեկտարից՝ ոչ մի ցենտներ։
ՄԱԿԻՉ. - Իսկ դո՞ւ։
ՎԱՆՈ. - Իմն ուրիշ է։ Հեկտարից՝ 20 ցենտներ։ Բայց... Բայց իրավաբանորեն հաղթանակը իմն է... Պարգեւից զրկում են ինձ... Կբողոքեմ։ Խնդրում եմ... անունս բարձրախոսով կարդալ... Վանո Բերքաշատյանը...
ՄԱԿԻՉ. - Լավ, Վանո, գնա, կասեմ։
ՎԱՆՈ. - Դե մի կրկնիր՝ ինչ ես ասելու...
ՄԱԿԻՉ. - Վանոն ու Սամսոնը մրցապայքարի մեջ են մտել։ Եվ նրանցից ոչ մեկը չի պարտվել... Երկուսն էլ հաղթել են։
ՎԱՆՈ. - Չէ։ Չեղավ, բա մեկը պիտի պարտվի, չէ՞...
ՄԱԿԻՉ. - Պարտվողն էլ եղել է սովխոզը։
(Մակիչն ու Վանոն դուրս են գալիս բեմ։ Լուռ են)։
ՄԱԿԻՉ. - Ինչու չես խոսում, Վանո։
ՎԱՆՈ. - Քեֆ չունեմ։
ՄԱԿԻՉ. - Ինչո՞ւ։
ՎԱՆՈ. - Ձեռքերիցս երկուսը կտրել են։
ՄԱԿԻՉ. - Ոնց թե... (Վախեցած նայում է)։
ՎԱՆՈ. - Էլի չհասկացար... Աջ թեւս՝ սովխոզի հաշվապահը, էլ իր պոստում չէ, աջ թեւիս աջ թեւը՝ սովխոզի դիրեկտորը, հանված է գործից...
ՄԱԿԻՉ. - Ինչո՞ւ։
ՎԱՆՈ. - Պլանները խառնվել են իրար... Ինչ-որ թվերի մեջ զրոներ են ավելացրել...
ՄԱԿԻՉ. - Բա... Լավ չէ։
ՎԱՆՈ. - Ախր զրոյի համար էլ մարդու քեֆի կդիպչեն։ Զրոն զրո է, էլի, մեկը եղած, տասնմեկը եղած... Տունս քանդվեց։
ՄԱԿԻՉ. - Բայց դրա համար մի տխրիր, դատարկ բան է դա, միայն թե երկուսին հանած լինեն...
ՎԱՆՈ. - Ինչո՞ւ։
ՄԱԿԻՉ. - Դե եթե մենակ դիրեկտորին հանած լինեին, ուր պիտի տեղափոխեին, կամ թե մենակ հաշվապահին լինեին հանած, որտեղ գործ կտային։
ՎԱՆՈ. - Իսկ հիմա ավելի վատ՝ երկուսին ոնց կտեղավորեն... Ձեռքերս կտրեցին։
ՄԱԿԻՉ. - (Ականջին)։ Սիրտդ լեն պահիր... Երկուսին էլ նկատողություն են տալու, աջ ձեռքդ ձախ դարձնես, ձախդ աջ...
ՎԱՆՈ. - Այսինքն։
ՄԱԿԻՉ. - Դիրեկտորին տանելու են հաշվապահի տեղը, հաշվապահին բերեն դիրեկտորի տեղը, որովհետեւ ուրիշ ազատ տեղեր չկան...
ՎԱՆՈ. - (Գրկում է նրան)։ Կեցցես... Բռավո...

Գ

Վանոն մտնում է բեմ եւ սկսում խոսել։

ՎԱՆՈ. - Այսօրվա մեր զրույցը նվիրված է անասուններին։ Այսինքն՝ կաթի ավելացման հարցերին։ Ուրեմն՝ սկսենք։
ՄԱԿԻՉ. - Վանո, Վանո...
ՎԱՆՈ. - Կաթը շատ օգտակար է ձայնալարերի բացման համար, երբ խմում ես, ձայնդ դառնում է զիլ... Այ, ես օրինակ։ (Երգում է)։

Սարի սիրուն յար,
Սարի մեխակ բեր,

Չէ, չէ, ինչ մեխակ,
Դարդ ու կրակ բեր...

ՄԱԿԻՉ. - Վանո...
ՎԱՆՈ. - Լսում եմ, ախպեր. «Սարերից է գալիս»...
ՄԱԿԻՉ. - Ով է սարից գալիս, Վանո։ Կաթը։
ՎԱՆՈ. - Չէ, դու...
ՄԱԿԻՉ. - Վանո, կովերն արոտի են գնացել, ախր, անտեր ես թողել, եկել, խոսում ես...
ՎԱՆՈ. - Մի րոպե (Մակիչին), մի րոպե... Խոսքս վերցնեմ։ Բոլորիս պարտքն է կաթնատվությունը բարձրացնել 3000 կիլոգրամով եւ ամեն կովից ստանալ 5 հորթ...
ՄԱԿԻՉ. - Վանո... Վանոն ցնդել է...
ՎԱՆՈ. - Դե, Մակիչ, վիրավորում ես, ինչու եմ ցնդել...
ՄԱԿԻՉ. - Ախր շատ ես ասում, է, չափից ավելի շատ։
ՎԱՆՈ. - Ուրեմն՝ դու դեմ ես, որ ուզում եմ մեր եռանդը ջանքերի հետ խառնենք, գումարենք երկուսով, ինձնով ու քեզնով, բազմապատկենք մյուսներով՝ այսինքն բոլոր կաթ խմողներով... Ներեցեք, ուզում էի ասել՝ բոլոր կաթ արտադրողներով։
ՄԱԿԻՉ. - Միեւնույն է, Վանո, խոսքը կաթից շատ է շատ։
ՎԱՆՈ. - Դու որպես կովկիթ դեմ ես, որ այդքան կաթ ստանանք, օրինակ։ Հա՞։
ՄԱԿԻՉ. - Դեմ չեմ։ Բայց շատ ես չափազանցնում։
ՎԱՆՈ. - Այ մարդ, դե մեկ է, որ չի լինելու, չի լինելու, էլի, գոնե շատ ցանկանանք... Ցանկանալուն ինչ կա։ Համ էլ...
ՄԱԿԻՉ. - Համ էլ ինչ...
ՎԱՆՈ. -Համ էլ այն, որ կաթի ավելացման մասին քիչ զեկուցում ենք կարդում։ Ահա թե որն է մեր ետ մնալու պատճառը։
ՄԱԿԻՉ. - Ինչ ես առաջարկում։
ՎԱՆՈ. -Առաջարկում եմ հավաքել բոլոր կթվորներին, հովիվներին, ֆերմաների բոլոր աշխատողներին, օրը վեց ժամ լեկցիաներ անցկացնել։
ՄԱԿԻՉ. - Էլի թիվը մեծ ասացիր։
ՎԱՆՈ. -Այո, գիտակցելով եմ ասում, գիտեմ՝ ինչ եմ ասում, որպեսզի պատասխանատվությունն էլ մեծ լինի։ Օրինակ, դու ինչու չես պաշտպանում իմ նախաձեռնությունը։ Դժվա՞ր է։
ՄԱԿԻՉ. - Շատ։
ՎԱՆՈ. -Ուրեմն պատվաբեր է։ Դու քո գործում չես կարող օրական 20 կիլոգրամ կաթ ավելացնել։
ՄԱԿԻՉ. - Կարող եմ... Համաձայն եմ։ Մարտնչել ես, ամեն ինչ կանենք, պլանները կգերա-գերա-գերակատարենք։
ՎԱՆՈ. - (Մոտենում, համբուրում է)։ Ապրես։ Բա ոնց։ Փորձդ պատմիր։ Թող բոլորը լսեն։
ՄԱԿԻՉ. - Շատ հասարակ... Ինչքան քո խոսքերն են ջրալի, այնքան էլ կաթը կդարձնենք ջրալի եւ վերջ։


Դ

Բեմի վրա են նագախահն ու խոզապահը։

ՆԱԽԱԳԱՀ. - (Խոզապահին)։ Գործիդ անունը ինչ է, այստեղ պարապ կանգնել ես։
ԽՈԶԱՊԱՀ. - Պարապ չեմ։
ՆԱԽԱԳԱՀ. - Բա ինչ ես անում։
ԽՈԶԱՊԱՀ. - Մտածում եմ։
ՆԱԽԱԳԱՀ. - Չի՞ կարելի իմանալ՝ ինչ ես մտածում։
ԽՈԶԱՊԱՀ. - Մտածում եմ, թե ինչ անեմ, որ ես դառնամ նախագահ։
ՆԱԽԱԳԱՀ. - Դա դժվար բան է, ինձնից հարցրու՝ ասեմ։
ԽՈԶԱՊԱՀ. - Ասա։
ՆԱԽԱԳԱՀ. - Խոզերին լավ խնամիր։ Մի մերունից քանի՞ գոճի ես ստանում։
ԽՈԶԱՊԱՀ. - Նայած թե այդ մերունը քանիսն է ծնում։
ՆԱԽԱԳԱՀ. - Տեսնում եմ ակտիվ դիտողի դերում ես հանդես գալիս միայն։
ԽՈԶԱՊԱՀ. - Բա ինչի դերում հանդես գամ։
ՆԱԽԱԳԱՀ. - Պիտի մի նոր մեթոդ գտնես, որ շատ գոճի ստանաս եւ խոզերը շատ միս տան։
ԽՈԶԱՊԱՀ. - Դե որ դու նախագահ ես, ասա այդ մեթոդը, իմանամ։
ՆԱԽԱԳԱՀ. - Բա ես մենակ խոզապահության գծո՞վ եմ նախագահ, հարյուր գործ ունենք։
ԽՈԶԱՊԱՀ. - Դե դու գնա քո գործին, ես էլի մտածեմ։
ՆԱԽԱԳԱՀ. - Ես կարգադրում եմ այլեւս չմտածել։
ԽՈԶԱՊԱՀ. - Նա, ով ուղեղ ունի, չի կարող չմտածել։
ՆԱԽԱԳԱՀ. - Այդ դեպքում դու ինչո՞վ ես մտածում։
ԽՈԶԱՊԱՀ. - Չե՞ս տեսնում։
ՆԱԽԱԳԱՀ. - Չէ։
ԽՈԶԱՊԱՀ. - Մտածում եմ նախագահի ուղեղով, նախագահի մեթոդով։
ՆԱԽԱԳԱՀ. - Այսինքն։
ԽՈԶԱՊԱՀ. - Մի բան մտածում եմ, որ մի ուրիշ բան անեմ։
ՆԱԽԱԳԱՀ. - Արդյունքը։
ԽՈԶԱՊԱՀ. - Շուտ եմ գտնում գոճիատվության եւ մսատվության բարձրացման սուրբ գաղտնիքը։
ՆԱԽԱԳԱՀ. - Որն է։
ԽՈԶԱՊԱՀ. - Քեզ նման խելոք նախագահի սեղանին միշտ խանձած խոզ պահել, որ...
ՆԱԽԱԳԱՀ. - Որ ինչ...
ԽՈԶԱՊԱՀ. - Որ խոզաբուծության հաջողությունները միշտ աչքիդ առաջ լինեն։ Որ խոզը սեղանից սեղան առաջ քաշվի, ինձ էլ իր հետ տանի...

Ե

ՄԱԿԻՉ. - Ինչու չես խոսում, Վանո։ Բեմ ես դուրս եկել, բան ասա, որ լսենք։ Լեզուդ կապվել է։ Ի՞նչ է եղել։
ՎԱՆՈ. - Տղաս համալսարանից կտրվել է։
ՄԱԿԻՉ. - Որ համալսարանից։ Ի՞նչ բաժին էր ուզում ընդունվել։
ՎԱՆՈ. - Էն, որ կարդում ես, կարդում, վերջում գալիս ֆերմա։
ՄԱԿԻՉ. - Անասնաբուժական, էլի, հա։
ՎԱՆՈ. - Ասացի այ տղա, լավ սովորիր, չկտրվես, ասա...
ՄԱԿԻՉ. - Ինչ ասաց։
ՎԱՆՈ. - Ասաց մեղավորը դու ես, որ ես կտրվել եմ։
ՄԱԿԻՉ. - Յանի ոնց։
ՎԱՆՈ. - Ասում է մի բալս չի հերիքել, իսկ մյուսներինն ավել էր։
ՄԱԿԻՉ. - Չեմ հասկանում։
ՎԱՆՈ. - Բա կհասկանաս։ Անցյալ տարի քո տղան ընդունվել է, էլ դարդ չունես։
ՄԱԿԻՉ. - Քոնն էլ ընդունվեր։
ՎԱՆՈ. - Թողեցի՞ր, որ գնամ, ընդունել տամ։ Ասացիր մի օր չլինես, խոզերը կկոտորվեն։ Հիմա տեսար, որ միավորը չհերիքեց տղայիս։
ՄԱԿԻՉ. - Որ գնայիր, միավո՞ր էիր դառնալու։
ՎԱՆՈ. - Անցյալ տարի դու չդառա՞ր։ Սա չգիտես։
ՄԱԿԻՉ. - Իսկ դու գիտե՞ս։
ՎԱՆՈ. - Այո, գիտեմ։
ՄԱԿԻՉ. - Ի՞նչ։
ՎԱՆՈ. - Այն գիտեմ, որ մի խոզը մի միավորի չափ կլինի։
ՄԱԿԻՉ. - Մեկը քիչ է։
ՎԱՆՈ. - Հինգը կտանենք։
ՄԱԿԻՉ. - Այո, հինգ լավ չաղացրած խոզը մի միավոր է, ընդունող դասախոս Խալտուրյանի մազանդան այդպես է։ Կոնկուրսից երեւի դուրս մնաց տղադ։
ՎԱՆՈ. - Էդ կոնկուրս-մոնկուրսը իմ տղայի համար եղավ։
ՄԱԿԻՉ. - Դե, լսիր, տես ինչ եմ ասում։ Էդ կոնկուրսը որ կա, ծնողների համար է։ Ծնողներն են մասնակցում։ Իսկ դու ասում ես՝ խոզերիս նայեք, ես կգամ։ Խոզերն էլ պիտի տանել։ Որ խոզը չմասնակցեց, էլ ինչ կոնկուրս... Էլ ինչ միավոր։
ՎԱՆՈ. - Ապրես, Մակիչ ջան։ Շնորհակալ եմ։ Լավ խորհուրդ է։
ՄԱԿԻՉ. - Որ ասում եմ՝ խելք չունես։
ՎԱՆՈ. - Դե ֆերմայի վարիչը դու ես, էն ա ինչ ասում ես, անում եմ, էլի։ Էլ խելքը ինչիս է պետք։ Մի խնդրանք ունեմ, Մակիչ ջան, կանե՞ս։
ՄԱԿԻՉ. - Ինչու չէ, Վանո, էլ որ օրվա ընկերներ ենք։ Ի՞նչ խնդրանք է։
ՎԱՆՈ. - Թաքուն պիտի ասեմ։
ՄԱԿԻՉ. - (Ականջը պահում է)։ Ասա։
ՎԱՆՈ. - Իմ անունից մի անոնիմկա գրիր։
ՄԱԿԻՉ. - Ոնց թե...
ՎԱՆՈ. - Թե վախենում ես, ձեւը ասա՝ ես կգրեմ։
ՄԱԿԻՉ. - Ումից ես գրելու։
ՎԱՆՈ. - Քեզանից։
ՄԱԿԻՉ. - Գժվել ես, արա։
ՎԱՆՈ. - Տեսնում ես, դեռ չես հավատում։
ՄԱԿԻՉ. - Պարզ խոսիր։
ՎԱՆՈ. - Մաթոն ինչպես է դարձել բրիգադիր, գիտե՞ս։
ՄԱԿԻՉ. - Չէ։
ՎԱՆՈ. - Մեկին սովորեցրել է, թե իմ մասին անոնիմկա գրիր։ Նա էլ գրել է, ինչ ասել են։ Սուտ բաներ։ Եկել են ստուգել, տեսել բոլորը սխալ, էն մարդուն բրիգադիր դարձրել։ Դու չե՞ս ուզում առաջ գնալ։
ՄԱԿԻՉ. - Դե, իհարկե, ուզում եմ։
ՎԱՆՈ. - Ուրեմն ասա՝ գրեմ։ Թող գան քեզ էլ ստուգեն։
ՄԱԿԻՉ. - Ախր էդ ստուգելը կարող է դես խփել կամ դեն։
ՎԱՆՈ. - Էնպես կգրեմ, որ դես խփի, Մակիչ ջան։
ՄԱԿԻՉ. - Չէ, Վանո ջան, կիմանան՝ ով է գրել։
ՎԱՆՈ. - Խեւ, անոնիմկայում անունը գրո՞ւմ են։
ՄԱԿԻՉ. - Ձեռագրից կճանաչեն։
ՎԱՆՈ. - Որ ճանաչեն՝ ինչ են անելու։ Հիմա էլ թող ինձ էլ ճանաչեն մարդիկ, շատը հենց դրա համար եմ գրում, թող իմ տեղն էլ իմանան։
ՄԱԿԻՉ. - Ուզում ես երկուսիս միանգամի՞ց բարձրացնեն։
ՎԱՆՈ. - Հա։
ՄԱԿԻՉ. - Այդ դեպքում ուրիշ բան մտածենք։
ՎԱՆՈ. - Ինչ։
ՄԱԿԻՉ. - Գտա ելքը։
ՎԱՆՈ. - Ասա, դե... Շուտ։ Մեռա։
ՄԱԿԻՉ. - Դու ինձնից անոնիմկա գրիր, ես քեզնից։
ՎԱՆՈ. - Դե, խելքի ծով ես, էլի, գնանք... գնանք գրենք։

Զ

Բեմի վրա են բժիշկն ու հիվանդը։
ՀԻՎԱՆԴ. - Օգնիր, բժիշկ, մեռա...
ԲԺԻՇԿ. - Որտե՞ղդ է ցավում։
ՀԻՎԱՆԴ. - Չգիտեմ, բժիշկ։
ԲԺԻՇԿ. - Գուցե թունավորված ես։
ՀԻՎԱՆԴ. - Գուցե։
ԲԺԻՇԿ. - Գուցե գլուխդ պտտվում է։
ՀԻՎԱՆԴ. - Գուցե։
ԲԺԻՇԿ. - Աչքիդ բաներ են երեւո՞ւմ։
ՀԻՎԱՆԴ. - Հա։
ԲԺԻՇԿ. - Ինչե՞ր։
ՀԻՎԱՆԴ. - Սպիտակ խալաթներով մի քանի բժիշկներ։
ԲԺԻՇԿ. - Մի քանի՞։
ՀԻՎԱՆԴ. - Հա, մի քանի։
ԲԺԻՇԿ. - Ուրեմն՝ ինձ չես վստահում, ուրիշ բժիշկ էլ ես տեսնում։
ՀԻՎԱՆԴ. - Վստահում եմ։
ԲԺԻՇԿ. - Դե ասա տեսնեմ՝ որտե՞ղդ է ցավում։
ՀԻՎԱՆԴ. - Ամեն տեղս։
ԲԺԻՇԿ. - Աչքե՞րդ էլ։
ՀԻՎԱՆԴ. - Հա։ Լավ չեմ տեսնում։
ԲԺԻՇԿ. - Ինչի՞ց գիտես, թե ցավում են։
ՀԻՎԱՆԴ. - Աչքերիս մոլեկուլներ են երեւում։
ԲԺԻՇԿ. - Այ տղա, մոտեկուլ տեսնող աչքը հիվանդ կլինի՞։
ՀԻՎԱՆԴ. - Բժիշկ ջան, շուտ մի ճար արա, մեռնում եմ։
ԲԺԻՇԿ. - Պառկե՞լ ես ուզում։
ՀԻՎԱՆԴ. - Հա։
ԲԺԻՇԿ. - Ափսոս... ջահել էլ ես։
ՀԻՎԱՆԴ. - Ի՞նչ է հիվանդությունս բժիշկ...
ԲԺԻՇԿ. - Խրանիչեսկի...
ՀԻՎԱՆԴ. - Ի՞նչ։
ԲԺԻՇԿ. - Խրանիչեսկի խոլիցեստիտ, խրանիչեսկի գաստրիտ, խրանիչեսկի կոլիդ, խրանիչեսկի...
ՀԻՎԱՆԴ. - Բժիշկ, չլինի թե ես ամբողջովին խրանիչեսկուց եմ շինված։
ԲԺԻՇԿ. - Խրանիչեսկի տրանզիլիտ...
ՀԻՎԱՆԴ. - Հերիք է, հերիք... Խնդրում եմ, բժիշկ, էլ մի ասա։
ԲԺԻՇԿ. - (Հանում է անթիվ թղթեր)։ Այ ռեցեպտները, սա կխմես, որ չօգնի, սա կխմես, սա էլ չօգնի, սա, սա էլ չօգնի...
ՀԻՎԱՆԴ. - Բժիշկ ջան, նեղություն քաշիր, մեկն էլ գրիր...
ԲԺԻՇԿ. - Ի՞նչ... Դա քի՞չ է։
ՀԻՎԱՆԴ. - Վաղը տանը գործ ունեմ։ Չեմ ուզում աշխատանքի գնալ...
ԲԺԻՇԿ. - Բալնիշնի...
ՀԻՎԱՆԴ. - Այ հոգուդ մեռնեմ, ախր ասում եմ, որ մեր բժշկի պես իմացող չկա։
ԲԺԻՇԿ. - Ի՞նչ գործի ես։
ՀԻՎԱՆԴ. - Մալիար եմ։
ԲԺԻՇԿ. - Քանի՞ օրով ես ուզում։
ՀԻՎԱՆԴ. - Երեք։
ԲԺԻՇԿ. - Դե գրում եմ վեց օրով։ Երեք օրն էլ իմ տանը կաշխատես։ Մի թեթեւ սվաղելու բան կա։
ՀԻՎԱՆԴ. - Շատ լավ։ Իսկ դեղերը... Օգտագործեմ...
ԲԺԻՇԿ. - Մինչեւ բալնիշնիդ փակելը՝ չէ։ Հետո կգաս մի բարեկամավարի քննեմ... Բայց ընդհանրապես ցուլի պես առողջ ես երեւում։

Է

ՆԱԽԱԳԱՀ. - Մաթո, այսօրվանից դու ֆերմա պիտի գնաս։
ՄԱԹՈ. - Իսկ իմ կինը՞։
ՆԱԽԱԳԱՀ. - Նրան էլ տար։
ՄԱԹՈ. - Բա ութ երեխա ունեմ, նրա՞նք։
ՆԱԽԱԳԱՀ. - Կինդ թող մնա գյուղում։
ՄԱԹՈ. - Չէ, համաձայն չեմ։
ՆԱԽԱԳԱՀ. - Ինչ անենք բա։
ՄԱԹՈ. - Կնոջս ակումբի վարիչ դրեք, ես ֆերմա գնամ։
ՆԱԽԱԳԱՀ. - Ակումբի վարիչ։
ՄԱԹՈ. - Չի՞ սազում, որ իմ կինը ակումբի վարիչ լինի, ումի՞ց եմ ես պակաս տղա։
ՆԱԽԱԳԱՀ. - Սազում է, բայց...
ՄԱԹՈ. - Դե որ էդ «բայցը» մեջտեղ կա, էլ ես ֆերմա ոտք չեմ դնի։
ՆԱԽԱԳԱՀ. - Ախր, Մաթո ջան, քո կինը կարդալ չգիտե։
ՄԱԹՈ. - Կսովորի։
ՆԱԽԱԳԱՀ. - Մեզ խայտառակ կանի, ախր... Գործը կտապալվի։
ՄԱԹՈ. - Դե թող ֆերման էլ տապալվի, որ էդպես է։
ՆԱԽԱԳԱՀ. - Դե գուցե հավաքարար ընդունենք, գա իմ սենյակը մաքրի։ Նախագահ մարդ եմ։
ՄԱԹՈ. - Ինչ... երբեք։
ՆԱԽԱԳԱՀ. - Ինչու, թեթեւ գործ է, էլի։
ՄԱԹՈ. - Որ էդպես լինի, ֆերմա կտանեմ, էլի, մեկ չէ՞ կովերի տակը մաքրած, թե ձեր...
ՆԱԽԱԳԱՀ. - Չեղավ, Մաթո, վիրավորում ես։
ՄԱԹՈ. - Ուզում եմ ասել՝ որ եթե ձեռքինը ավել է, այստեղ եղած, այնտեղ եղած՝ մեկ չէ՞։
ՆԱԽԱԳԱՀ. - Բա ուզում ես ձեռքին ինչ լինի։
ՄԱԹՈ. - Գրիչ, գիրք...
ՆԱԽԱԳԱՀ. - Դա ուրիշ է։
ՄԱԹՈ. - Այսինքն։
ՆԱԽԱԳԱՀ. - Կարող ես հանգիստ ֆերմա գնալ, կնոջդ հարցը լուծված է։
ՄԱԹՈ. - Որտե՞ղ ես նշանակելու կնոջս։ Իմանանք։
ՆԱԽԱԳԱՀ. - Կարդալ չգիտե, չէ՞...
ՄԱԹՈ. - Կրթություն չունի, 7-ն ավարտել է, ամուսնացել ենք։
ՆԱԽԱԳԱՀ. - Ինչքան գիտեմ, սիրուն կին է, չէ։
ՄԱԹՈ. - Վարդի կոկոն։
ՆԱԽԱԳԱՀ. - Նրա տեղը գրադարանն է։ Նստելու է, ով գա, գիրք տա... Իսկը եւ իսկը՝ նրա գործը։
ՄԱԹՈ. - Ֆերման այսօրվանից համարիր առաջին գծում։ Ապրես։
(Մոտենում են, համբուրվում, հեռանում)։

ՆԱԽԱԳԱՀ. - Դե, կադրերը ճիշտ տեղաբաշխելու փորձ ունենք, չէ։

Ը

ՏՂԱ. - Շուշան, մի րոպեով կարելի է...
ԱՂՋԻԿ. - Խնդրեմ։
ՏՂԱ. - Ես միշտ ուզում եմ քեզ հետ խոսել, բայց չեմ համարձակվում։
ԱՂՋԻԿ. - Ինչու...
ՏՂԱ. - Ամաչում եմ։
ԱՂՋԻԿ. - Ինչից...
ՏՂԱ. - Սրտիս մեջ զգացմունքները օվկիանոսի նման ալեկոծվում են ու... խոսք չեմ գտնում մտքերս արտահայտելու համար։
ԱՂՋԻԿ. - Դու ինձ սիրո՞ւմ ես։
ՏՂԱ. - Չէ։
ԱՂՋԻԿ. - Ապա ինչ ես ուզում ասել։
ՏՂԱ. - Ուզում եմ ասել՝ չեմ սիրում, այլեւ... այդ սիրուց մեռնում եմ։
ԱՂՋԻԿ. - Ինչով կարող եմ օգնել։
ՏՂԱ. - Ուզում եմ ձեռքդ չմերժես։
ԱՂՋԻԿ. - Ես արդեն ազատ չեմ։
ՏՂԱ. - Ազատ չեք... Ով է այն երջանիկը, որ...
ԱՂՋԻԿ. - Մասնագիտությամբ ուսուցիչ է։
ՏՂԱ. - Բայց ես մյասնիկ եմ։
ԱՂՋԻԿ. - (Զարմացած)։ Մյասնի՞կ...
ՏՂԱ. - Այո։
ԱՂՋԻԿ. - Բայց ես նրան դեռ ընդամենը խոսք եմ տվել, նշանդրեք դեռ չի եղել։
ՏՂԱ. - Դե՞մ չեք նշանվել։
ԱՂՋԻԿ. - Ներեցեք, ես ձեզ ճանաչում եմ։
ՏՂԱ. - Ոնց...
ԱՂՋԻԿ. - Միշտ կանաչ «Վոլգայով» եք ման գալիս, չէ...
ՏՂԱ. - 15 հազար եմ տվել այդ «Վոլգային»։
ԱՂՋԻԿ. - Ներեցեք, ծնողներ ունեք...
ՏՂԱ. - Որբ եմ...
ԱՂՋԻԿ. - (Ինքն իրեն, մի կողմ)։ Ինչքան լավ տվյալներ ունի այս երիտասարդը։
ՏՂԱ. - Դուք ուղղակի ինձ գերել եք, հարստություն-բան, իմ ունեցած «Վոլգան», իմ ունեցած հազարները, իմ ունեցածները... Ոչինչ, ոչ մի բան աչքիս չի երեւում, որտեղ նայում, քեզ եմ տեսնում։
ԱՂՋԻԿ. - Երբ ես ձեզ «Վոլգայով» առաջին անգամ տեսա, շատ, շատ հավանեցի...
ՏՂԱ. - Դուր եմ եկել...
ԱՂՋԻԿ. - (Կեղծ երանգով, քաշվելով իբրեւ)։ Այո, շատ։
ՏՂԱ. - (Տխուր)։ Դա լավ չէ։
ԱՂՋԻԿ. - Ինչու։
ՏՂԱ. - Կարելի՞ է մի խորհուրդ տալ։
ԱՂՋԻԿ. - Խնդրեմ։
ՏՂԱ. - Ձգտեցեք չամուսնանալ նրա հետ, որին չեք սիրում։
ԱՂՋԻԿ. - Շնորհակալ եմ։
ՏՂԱ. - Ե՞րբ գամ նշանի համար։
ԱՂՋԻԿ. -Մեր դուռը բաց է մեր սրտի նման...
(Մոտենում է, իրար ձեռքից բռնում են)։
ՏՂԱ - ԱՂՋԻԿ.-Սերը սուրբ է, սիրո հետ չեն խաղա...