Jump to content

Ինքնագիտակցություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ինքնագիտակցություն


Կան րոպեք, երբ ամեն բան
Ենթարկելով քննության,
Երկմտում եմ. և, համարյա,
Վարմունքիս ելք չկա։

5 Ես պնդում եմ, որ կանխակալ
Մտքիս կարծիքը հերքեմ,
Եվ գիտությամբ հանդիսանալ,
Որ իմ անձը ճանաչեմ։

Առանձնացած ես մտածում եմ,
10 Որ գոյությունս զարգանա.
Այդտեղ ես եմ, այդտեղ ես եմ,
Այդտեղ չկան Դու և Նա։

Ես եմ էակ, և իմ մեջ կա
Տիեզերքի մեծություն,
15 Իմ մեջ Աստվածն այն գերակա,
Այսինքըն՝ ճշմարտության։

Ես մտնում եմ սուրբ տաճարը
Առարկային մտածության,
Եվ քննում է իմ հանճարը
20 Անշարժ օրենք գոյության։

Ես չեմ նայում նյութի վերա,
Որպես ծնունդ դիպվածի.
Ես խնդրում եմ պատճառ, նորա՝
Ընդհանուր կապ տիեզերքի։

25 Եվ տիեզերքն է գիրք ահագին.
Ես սերտում եմ ալփաբետ,
Որ վանկ կապե իմ սուրբ հոգին,
Որ զրուցեմ նորա հետ։

Մե՛ծ է իմաստն այդ մեծ գրքի,
30 Մե՛ծ է նորա հեղինակ.
Ես անցավոր՝ որդի հողի,
Նա Անանց՝ անժամանակ։

Նա պատճառ է ինքը յուրյան,
Միշտ Զորություն գործունյա.
35 Նա ներքին Հիմք և Հաստարան,
Եվ ես շինված եմ նորա։

1864 թվին
Ամարանոցում