Jump to content

Ինքնակենսագրություն (Մուրացան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ

(Ուղղված պ. Մինաս Բերբերյանին)

Ձեզ ուղարկել էի արդեն աշխատություններս, ընդ որս նամակս, երբ նոյեմբ. 12 թվով Ձեր նամակն ստացա, որով իմ անձի և աշխատությանը վերաբերմամբ մի քանի հարցեր եք անում և խնդրում, որ շուտով պատասխանեմ։ Դժբախտաբար մի քանի օրվա հիվանդությունս թույլ չտվեց ավելի վաղ Ձեր խնդիրը կատարելու։ Այսուամենայնիվ, գրում եմ այժմ մի քանի բան։

Ճշմարիտը խոստովանած, եթե Ձեր հարցերը չվերաբերեին Ձեր ժողովածուի մեջ իմ անձի մասին անելիք դիտողությանց, իհարկե, ոչ մի դժվարություն չէի զգալ Ձեզ պատասխանելու, բայց քանի որ դրանք հիշածս խնդրին են վերաբերում, հարկավ, ծանր է ինձ ազատորեն գրել Ձեզ այն ամենը, ինչ որ կարող էիք դուք իմանալ մի երրորդ անձի միջոցով։ Այն միտքը, թե այս կամ այն ծանոթությունը տալիս եմ Ձեզ նրա համար, որ հրապարակ հանեք, արդեն անախորժ տպավորություն է անում ինձ վրա։ Ես, առհասարակ, հետամուտ չեմ եղել երբեք երևալու և խույս եմ տվել միշտ, երբ կամեցել են իմ մասին խոսել. և մասամբ էլ հենց այդ թաքչող բնավորությանս պետք է վերագրել այն, որ տարիներով առաջ գրած աշխատություններս մնացել են անտիպ և տպվածներն` առանց վերատպության։ Այդ բանին իհարկե քիչ չէ նպաստել և ժամանակի սղությունը, ինչպես առիթ եմ ունեցել Ձեզ գրելու. բայց, իհարկե, երևալու ցանկություն թե ունենայի` ժամանակ միշտ կարող էի վաստակել։

Այսուամենայնիվ, Ձեր արած հարցերն ընդունելով իբրև մեր ուղղության և բանակին պատկանող անձի մտերմական առաջարկություն, մի քանի խոսքով պատասխանում եմ նրան, ի սրտե ցանկանալով ծառայել Ձեր այն բարենպատակ ձեռնարկության, որպիսին է` ռուս հասարակությունը ծանոթացնել սակավուք հայկական գրականության հետ։

— Ծնվել եմ 1854 թվականի դեկտեմբերի մեկին, Արցախ նահանգի (Ղարաբաղ) Շուշի քաղաքում։ Ծնողներս միջին դասակարգի մարդիկ էին. հայրս պարապում էր գյուղատնտեսությամբ, հմուտ էր մի քանի տեսակ արհեստների և «շայիր» կոչված բանաստեղծների կարգին էր պատկանում, այսինքն` հանպատրաստից գիտեր ոտանավորներ շարադրել և երգել։ Նա մեռավ, երբ ես ուսանում էի տեղական մասնավոր դպրոցներից մինում և հազիվ 12 տարեկան էի։ Հորս մահից հետ մեր ընտանեկան վիճակը վատթարացավ, ուստի ստիպված էին նախկին դպրոցից հանելովս ավելի աժանագին դպրոց ուղարկել ինձ։ Մի երկու տարուց հետ տվին ինձ Շուշվո թեմական դպրոցը, ուր ընդունվեցա ձրիավարժների թվում։ Այդ դպրոցը այդ ժամանակ խիստ ծաղկած դրության մեջ էր, նամանավանդ հայերենագիտության կողմից։ Թեմական դպրոցն ավարտեցի 1873 թիվ հունիսին։ Ապա մի տարի շարունակ պարապեցի ֆրանսերեն ուսանելով, որովհետև այդ առարկան թույլ էին անցնում մեր դպրոցում։ Ապա երկու տարի հայոց լեզվի և պատմության դասատվություն արի Խորեն Ստեփանեի Շուշում հիմնած դպրոցում (որը յուր հեռանալով փակվեցավ)։ 1877 թվի մեծ մասը գործադրի իմ հայրենի երկրի զանազան կողմերը շրջելով և Արցախու ու Սյունյաց ավերակներն ու հին հիշատակարաններն ուսումնասիրելով։ Այս շրջագայությունից վերադառնալուց հետ 1877-ի վերջին գրեցի (Շուշիում) իմ առաջին— փոքր ի շատն ընդարձակ երկս, որ էր` Հասան-Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը և այդ ազգի շառավիղ և Աղվանից կաթողիկոսության վերջին ժառանգ` Բաղդասար Մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի կենսագրությունը, որը և տպվեցավ «Փորձի» 1880 թվականի չգիտեմ ո՛ր ամսի տետրակում։

Որովհետև նյութապես անապահով վիճակ ունեի, ուստի մշտական մի պարապմունք գտնելու հույսով 1878-ի վերջին եկա Թիֆլիս։ Ցանկանում էի այնպիսի գործով զբաղվել, որը թե՛ նյութական դյուրություն տվող լիներ և թե՛ մտավոր պարապմունքներս չխանգարող։ Այդպիսի պարապմունք շատերից վարժապետություն էր ճանաչված. բայց ես չկամեցա ուսուցիչ լինել, որովհետև ոչ գլուխ ունեի հոգաբարձուների առաջ խոնարհելու և ոչ լեզու` նրանց շողոքորթելու։ Այդ պատճառով ավելի լավ համարեցի առևտրական ծառայության մտնել։ Այս նպատակով սովորեցի մի երկու ամսվա ընթացքում կրկնատոմար հաշվապահություն և 1879 թիվ հունվար 2-ին հաշվապահի պաշտոնով մտի տեղական առևտրական տներից մեկը, ուր և ծառայում եմ մինչև այսօր, այն է` շուրջ տասնևհինգ տարի։

Ահա այս տարիների ընթացքում սկսա իմ ազատ ժամերից օգտվել և գրել։ Դժբախտաբար այդ ազատ ժամերն էլ շատ քիչ էին։ Անցյալները մի դիպվածով (մեր առևտրական տան արխիվը կարգավորել տալու ժամանակ) կշռեցի այն բոլոր հաշվեգրքերը և թղթերը, որոնք ծայրե ի ծայր գրված էին իմ ձեռքով այս 15 տարվա րնթացքում, և ցավելով տեսա, որ այդ բոլորի կշիռը հասնում էր մոտ տասն և երկու պուդի։ Իսկ եթե ես նյութական մի փոքրիկ ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենական աշխատության փոխարեն գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ: Գիտե՞ք ինչ մեծ վիշտ է այս ինձ համար։

Բայց ես խնդրից շեղվեցա։ — Թիֆլիսում գրած առաջին երկս` «Ռուզան», պատմական դրաման էր, որի գաղափարը հղացել էի դեռ երկու տարի առաջ Ռուզանի հոր—Հասան- Ջալալի, պատմական երկիրը շրջագայածս ժամանակ։ 80-ական թվականների հայոց թատրոնի հաջողակ ներկայացումները, որոնց մասնակցում էին Ադամյանի, Մնակյանի, Աստղիկի, Հրաչյայի, Գարագաշի և այլոց նման ուժերը, և որոնք այնքան հետաքրքրություն ու եռանդ էին բորբոքել Թիֆլիսի հայ հասարակության մեջ, իմ մեջ էլ եռանդ ներշնչեցին թատերական մի երկ հորինելու փորձն անել. և ահա այդ փորձից ծնվեցավ «Ռուզան»-ը, որը գրեցի 1881 թվականի դեկտեմբ. ամսում. 82-ի հունվարին հանձնեցի Թատրոնական Մասնաժողովին (մի կողմնակի անձի միջոցավ, որովհետև ինքս չէի կամենում հայտնվել և անհայտ էլ մնացի մինչև ներկայացման գիշերը)։ Այդ պիեսը խաղացին աոաջին անգամ Թիֆլիսում, 1882 թիվ փետր. 4-ին, Ադամյանի, Հրաչյայի և այլոց մասնակցությամբ։

Այն անսպասելի և չտեսնված ընդունելությունը, որ գտավ «Ռուզանր» Թիֆլիսի հասարակության կողմից և որի մասին գրեցին ընդարձակորեն տեղական հայ և ռուս թերթերը, խրախուսեց ինձ դրականապես նվիրվել գրականությանը։

Սակայն այդ խրախուսանքը մնաց անպտուղ։ Որովհետև մի քանի փոքրիկ դեպքեր համոզեցին ինչ որ գրականության նվիրվելուց առաջ` պետք է ուխտեի քաղցած մնալու։ Բայց որովհետև ինձանից զատ ես մայր էլ ունեի պահելու, ուստի այդ ուխտը չարի, այլ սիրածս զբաղմունքի համար օգտվեցա միայն հանգստությանս համար սահմանված ժամերից։

Եվ այսպես, 1882-ին գրեցի «Հայ բողոքականի ընտանիքը», որը տպվեցավ նույն թվականի «Մեղու Հայաստանի» լրագրում և ապա արտատպվեցավ 1883-ին։ Այս վիպակը գրելու շարժառիթը այն կրոնական պայքարն էր, որ մղվում էր այդ ժամանակ «Մեղու» և «Մշակ» լրագիրների մեջ։— Արծրունին, որ հայոց պատմության և անցյալի այբուբենին անտեղյակ էր և չէր ճանաչում այն ժողովուրդը, որի համար լրագիր էր հրատարակում, պնդում էր, թե եթե հայերի մեջ կրոնական աղանդները բազմանան, ազգությունը դրանից չի վտանգվիր։ «Մեղուն» (որին աշխատակցում էր այդ ժամանակ պ. Սպանդարյանը) պնդում էր հակառակը, բայց մեր հին և նոր պատմության տեղյակ ո՞ր հայը չգիտե թե կրոնական բաժանմունքները որքան թշվառություններ են բերել ազգի գլխին, որքան ընտանիքների մեջ գժտություն ու խռովություն են սերմանել։ Այդ տեսակ շատ փաստերի հետ ծանոթ էի և ես. և ահա այդ փաստերից մինը իմ վիպակի նյութը շինեցի— բաժանման կուսակից հրապարակախոսի և նրա համախոհների մոլորությունը երևան հանելու համար։

Գրեթե նմանօրինակ մի շարժառիթի ծնունդ է «Իմ կաթոլիկ հարսնացուն»։ Արծրունին մի անգամ յուր առաջնորդողներից մինում ասել էր` «Եթե մի օր հայ բողոքականները և հայ կաթոլիկները վերադառնան լուսավորչական եկեղեցվո գիրկը, այդ մեզ համար կլինի ոչ թե բախտավորություն, այլ անբախտություն», և այդ տեսակ քարոզները շարունակվում էին տարիներով։ «Իմ կաթոլիկ հարսնացուի» մեջ ես կամեցա ցույց տալ ընթերցող հասարակությանը այն բախդատությունը, որ կարող է ունենալ հայը` պապական եկեղեցուն հավատարիմ մնալով…։ Ես միշտ այն կարծիքի եմ եղել, որ վեպերով ավելի շատ բան կարելի է ասել ժողովրդին, քան սառը առաջնորդողներով, այդ պատճառով, եթե ուշադրությամբ դիտեք, կտեսնեք, որ իմ գրվածքներում ես միշտ աշխատել եմ մեր մի կարգ հրապարակախոսների անհեթեթ մտքերի և կարծիքների դեմ կռվել։ Որքան է ինձ այն հաջողել, չգիտեմ, այսքանը միայն կա, որ չեմ մտածել իմ ապագա փառքի համար, չեմ աշխատել գրվածներս ազատ պահել ժամանակակից ցավերին վերաբերյալ տենդեցիայից, թեպետ հավատացած եմ եղել, որ այդտեսակ գրվածքների կյանքը կարճ է լինում։ Ւնձ ոգևորել է իմ ժամանակակից եղբայրներին պիտանի լինելու միտքը և ոչ թե անմահ գրողների շարքը անցնելու տենչանքն։

«Հասարակաց որդեգիրը» ես գրեցի «Ռուզանի» ներկայացումից մի քանի ամիս հետո։ Շարժառիթը հետևյալն էր։ Ւմ հեղինակության ներկայացումը այնքան էր ոգևորել Թիֆլիսի հայ հասարակությանը, որ հարուստներից ոմանք ոչ միայն իրենց ծանոթությունն ու բարեկամությունը ինձ առաջարկեցին, այլև գեղեցիկ խորհուրդ հղացան` նպաստել իմ մտավոր զարգացման` ուղարկելով ինձ Եվրոպա, թե՛ ուսանելու և թե՛ ճանապարհորդելու, որպեսզի այս վերջին միջոցով ծանոթանայի նաև նշանավոր բեմերի և բեմական տաղանդների հետ։ Աստծո ողորմությամբ իմ բնական հոռետեսությունը ազատեց ինձ հայ ազգասերների անելիք բարերարությունից, որովհետև, ինչպես վերջը հայտնվեցավ, ես էլ նույն վիճակին պիտի հանդիպեի, ինչին որ հանդիպեց իմ խեղճ «Հասարակաց որդեգիրը»` եթե անխոհեմություն ունեցած լինեի հայերի խոստումներով ոգևորվելու և պաշտոնս թողնելու։

«Ւմ երջանկությունը», «Հարուստները զվարճանում են», «Ինչ լայեղ է» և «Անպատճառ իշխանուհին» ուղղված են Թիֆլիսի բարձր դասակարգի հայ ընտանյաց դեպի ազգային գործերն ունեցած անտարբերության և նրանց մեջ արմատացած մի քանի թերությանց դեմ։ Վերջին աշխատությանս («Անպատճառ իշխանուհի») ամբողջութունը քայքայված է` ցենզուրայից բռնված մի քանի գլուխների պատճառով։

«Չհաս է» վեպով շոշափել եմ մեր պատմական «հաս ու չհասի» խնդիրը, որը քիչ անգամ չէ ընտանեկան դժբախտությանը պատճառ դարձել, նամանավանդ, երբ օրենքը գործ է դրվել աչառու կերպով, այսինքն, հարստի ոսկիները մեղմացրել են այդ օրենքի խստությունը, մինչդեռ աղքատը ճնշվել է նրա ծանրության ներքո։

«Խորհրդավոր միանձնուհու» մեջ ես գործելու մի ծրագիր եմ առաջարկում մեր այն երիտասարդներին ու երիտասարդուհիներեն, որոնք պարծենում են դեպի հայրենիքն ունեցած իրենց սիրո ջերմությամբ և հաճախ բացականչում են բանաստեղծի հետ`

«Տվեք ինձ սարեր, սարեր կործանեմ, Ծառը արմատով գետինեն հանեմ, Սուր ակռաներովս երկաթ կծամեմ, Մեջս այսքան ուժ, ասեք, ի՛նչ անեմ...»

Եվ ահա ես այդ մարդկանց առաջարկում եմ իմ ծրագիրը, նրանց հիշեցնում եմ թե ինչ պետք է անեն։ «Խորհրդավոր միանձնուհու» մեջ ես ամուսնական-բանաստեղծական սերը նվեր եմ բերել հայրենիքի բարձրագույն սիրույն, և ինձ թվում է, թե այդ արել եմ ոչ թե բռնազբոսիկ եղանակով, այլ խիստ բնական ճանապարհով։ Մեզ նման մի ընկած ազգը չի կարող ոտքի կանգնել, մինչև որ նրա գործողները ուսուցիչ Գարեգինի և քույր Աննայի հոգվով վառված չգործեն։

Ի դեպ, պետք է ասեմ, որ մի տարի առաջ «Մշակի» և նրա համախոհ թերթերի մեջ փող փչեցին, թե` Արծրունին է առաջին անգամ ամուսնական սերը հայրենիքի սիրույն զոհելու գաղափարը երգել յուր (կարկատած ու մուրացած) «էվելինա»-ի մեջ։ Բայց, ինչպես տեսնում եք, իմ «Խորհրդավոր միանձնուհին» մի քանի տարի «էվելինա»-ից առաջ է գրված. ուրեմն այդ գաղափարը ես ավելի վաղ եմ երգել։ Այս կետի վրա չէի դարձնիլ Ձեր ուշադրությունը, եթե յուր ժամանակին սրտմտած չլինեի ցուցամոլ հրապարակախոսի կլաքյոռների դեմ։

Ինչ «Լուսավորության կենտրոն»-ին է վերաբերում, դա, այսպես ասած, ժամանակագրական մի վեպ է, որի դեռ առաջին երկու մասերն են հրատարակված, բայց դրանից էլ կարող եք ենթադրել, որ ես այդ երկով կամենում եմ դուրս բերել մեր այժմյան գործողները, լուսավորությունը, զարգացումը և լուծել այն խնդիրը (իհարկե ըստ իմ հասկացողության), թե որ աստիճան իրավունք ունինք մենք այժմ մեր լուսավոր, զարգացած ու քաղաքակիրթ անվանելու, կամ թե, որքան շատ են մեր մեջ նրանք, որոնց սովոր ենք «ազնիվ գործողներ» անվանելու և նրանցով պարծենալու։

Հարցնում եք, թե ե՞րբ եմ սկսել գրել։— Շատ վաղ, այսինքն` աշակերտությանս ժամանակից։ Դեռ 1872 և 72 թվականներին գրաբար բանաստեղծություններ էի գրում, որոնցից ոմանք տպված են այդ ժամանակվա «Արարատ» ամսագրում և «Արշալույս Արարատյան» օրագրում, իհարկե, Գրիգոր Տեր-Հովհաննեսյան ստորագրությամբ (Մուրացան կեղծանունս «Ռուզան»-ից սկսա գործածել)։ 1874-ից միայն սկսա գրել աշխարհաբար բանաստեղծություններ—գլխավորապես հայրենասիրական և սիրահարական բովանդակությամբ, որոնք լույս տեսած չեն ոչ մի տեղ։ 1877-ին գրեցի առաջին արձակ շարադրությունս (Հասան-Ջալալյանց տոհմագրություն և Բաղդ. Մետրոպոլիտի կենսագրություն), որը, ինչպես ասացի, տպվեցավ հետո «Փորձի» մեջ։ Մնացյալների մասին արդեն գրած եմ նախընթաց նամակում ։

Ձեր հարցին, թե ի՞նչ հեղինակներ կամ դեպքեր են ինձ վրա ազդեցություն արել, որոշ պատասխան գրել չեմ կարող: Աշակերտությանս ժամանակ միայն ես խիստ տպավորվող էի և այդ ժամանակվա մեր սիրելի գրքերը— բանաստեղծություններից` Հոմերոսը, Վիրգիլիոսը, Միլտոնի «Դրախտ կորուսյալը»-ը և «Վիտայի»-ն էին, իսկ վիպասանություններից` Ֆենելոնի «Տելեմաք»-ը, Ֆլորինայի «Նումա-Պոմպիլիոս»-ը, Բեռնարդեն դը Սեն Պիերի` «Պող և Վիրգինե»-ն ևն, որոնք, իբրև գեղեցիկ գրաբար թարգմանություններ տալիս էին մեզ կարդալու և լեզու սովորելու համար։ Դրանց հետ միասին մենք անընդհատ կարդում էինք մեր մատենագրությունները, գլխավորապես Եղիշեն, Խորենացին, Եզնիկը ևն., նույնպես և մեր նախնյաց ոսկեղինիկ թարգմանությունները։ Սակայն աշակերտությանս ժամանակ արդեն մի փոքրիկ վիպասանություն գրեցի մեր հին դյուցազնական կյանքից և դա արդյունք էր կարդացածս թարգմանական վիպասանությանը։ Հունաց և Հռովմայեցոց հին իմաստասերների գրվածները միայն մտածել են սովորեցրել ինձ։ Ստեղծելու ընդունակությունս սկսել է զարգանալ դպրոցից ելնելուց հետ, երբ ես արդեն սկսել էի ծանոթանալ եվրոպական նորագույն գրողների գրվածքների հետ և որոնց, սակայն, կարդում էի առանց ընտրության։ Այդ բանը միայն մի օգուտ տվավ ինձ, այսինքն` զարգացրեց իմ մեջ կարդացածս գրվածքի վրա վերին աստիճանի կրիտիկական աչքով նայելու սովորություն։ Թիֆլիս գալուց հետ միայն սկսա ծանոթանալ եվրոպական նշանավոր կլասիկների հետ։ Որոնց և անհագաբար կարդում էի։ Ռուսաց հայտնի գրողներին ավելի ուշ սկսա կարդալ։ Որոշ ժամանակից հետ դադարեցի վիպասանություններ կարդալուց և այժմ արդեն ինձ գրավողը հոգեբանական և փիլիսոփայական գրվածներն են: — Այս բոլորից հետ, այսուամենայնիվ, չեմ կարող ասել, թե գրողներից որը ինձ վրա լավ կամ վատ տպավորություն է արել, կամ որի՛ն եմ հետևել իմ ստեղծագործությանը մեջ։ Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան. լավ եմ գրել թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքներն հաղորդել։ Այդ պատճառով, եթե մեկը այսօր իմ գրվածներից կամենա թարգմանել եվրոպական որևէ լեզվով, անօգուտ ծառայություն արած կլինի այդ լեզվին, որովհետև գրածս միմիայն հայ մարդու համար է եղած, որի ցավերն զգալու և ճանաչելու համար անգամ հայ պետք է լինել, ուր մնաց այդ ցավերի մասին գրվածները կարդալու և հասկանալու համար...։

Հարցնում եք` ի՞նչ նպատակ պիտի ունենա հեղինակը և ի՞նչ նշանակություն ունի վեպը։ Այդ հարցին կարող էի պատասխանել այն` ինչ որ կպատասխաներ Զեզ ամեն մի գրող և ինչ որ սովորեցնում են պատասխանել նույնիսկ աշակերտներին։ Այս պատճառով սովորական դարձվածքներ չեմ կամենում հեղհեղել։ Բայց ես կցանկանայի, որ դուք ինձ հարցնեիք, թե ի՞նչ նպատակ և ձգտում պիտի ունենա հայ հեղինակը, և ի՞նչ հոգվով պետք է գրել հայերի համար վեպեր և զրույցներ։ Չէ՞ որ մենք բախտավոր ազգերի թվին չենք պատկանում և բացառիկ բախտի ու պայմանների մեջ լինելով բացառիկ էլ նպատակ ու ձգտումներ պիտի ունենանք...։ Բայց այս մասին դուք ինձ չեք հարցնում, ես էլ լավ է, որ ուրիշ անգամ խոսեմ Ձեզ հետ, մանավանդ, որ այժմ չափից ավելի երկարեց այս նամակը, որը կարդալու համար էլ գուցե ձանձրույթ զգաք, մանավանդ, որ խիստ անմաքուր եմ գրել և շատ տեղ ջնջոտել եմ։ Այսուամենայնիվ կներեք։

Ընդունեցեք անկեղծ հարգանքներս և սրտագին ողջույններս։

խ. ծառա Ձեր
Մուրացան