Jump to content

Հիշատակարան (Մուրացան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Թիֆլիս 1885 հունվար 1, առավոտ 11/2 ժամ

1. Չգիտեմ այս քանիերորդ տարեմուտն է, որ իմ մեջ ցանկություն է ծնեցնում— գրել իմ հիշատակարանը. բայց հաստատ գիտեմ, որ մի քանի անգամ այդ ցանկությունը խեղդվել է իմ մեջ։ Եվ միշտ շրջապատված եմ եղել անհամբույր հանգամանքներով, այդ պատճառով և շատ փոքր եմ մտածել իմ դիտավորությունս իրագործել կարողանալու համար։ Միշտ հոգսեր, միշտ ծանր զբաղմունքներ, միշտ սրտի հանգստության բացակայություն— ահա իմ արգելքները:

2. 1884 թվականը ավարտեց յուր ընթացքը, ճշգրտելով ժողովրդյան նախապաշարմանց հիմնավորությունը, թե՝ նահանջ տարին միշտ աղետաբեր է լինում։ Եվ նա արդարև աղետարբեր էր, գոնե մեր երկրի, մեր մարդիկների համար։ Նա ցավերով ծնվեցավ։ Ինչո՞ւ համար այդ տարին աղետաբեր էր, իհարկե՝ ես այժմ չեմ ասիլ. բայց այդ մասին կխոսեմ, երբ իմ հիշատակարանի ընթացքը շարունակելով, մի օր կհասնեմ այս օրվա պատմության։ Այժմ դեպի բուն գործը։

3. Ահա և 1885 թվականը։ Առաջին ժամերը սկսվում են հոլովվել և նրանց հետ միասին ծնունդ են առնում մեր սորտերի մեջ ապագա բարիքների հուսալիր ցանկություններ։ Մեզանից յուրաքանչյուրը սպասում է պատահել նոր տարվա մեջ լավագույն բախտի և դրության… Ամեն ոք շտապում է մաղթել յուր բարեկամին երկար կյանք, առողջություն և հազարավոր բարիքներ… Բայց ո՛վ մարդկային թուլություն, ոչ ոք մեզանից չի ուզում հավատալ, որ այս տարին կարող է յուր կամ յուր սիրելվույն համար վերջինը լինել։ Այս ավելի տխուր է, բայց անկարելի չէ։

4. Եվ որովհետև մահը չի մեռնում (որքան էլ ես չկամենայի հավատալ նրա գոյության), հետևապես ես վատ չեմ անում, որ գրում եմ հիշատակարանը։ Սա գուցե մի օր ավելորդ չի լինիլ իմ անձնավորությամբն հետաքրքրվողի համար․ գուցե և էլ որդիներ կունենամ, ով գիտե, և նրանց համար մի թանկագին հնություն կհամարվի իմ այս պարապո ժամերի զբաղմունքը։ Եթե ես այսօր կարողանայի մի այս տեսակ գրվածք ձեռք բերել իմ հոր մանկության, երիտասարդության և կամ հենց ոչ հեռավոր անցյալի մասին, դա ինձ համար մի անգին սեփականություն կլիներ։ Հենց այս տեսակետից էլ ներկա գործի վերև նայելով, ես ապարդյուն չեմ համարում նրա վրա վատնած ժամանակս։ Բայց որպեսզի սա մի փոքր կատարյալ լինի, ես կսկսեմ ամենից առաջ իմ համառոտ կենսագրություն, կպատմեմ իմ մանկության և պատանեկության ժամանակակից և նրանից հետ ունեցած տարիներիցս հիշողությանս մեջ մնացած հատուկտոր պատմությունները։ Իսկ այդ բոլորը վերջացնելուց և այս օրին հասնելուց ետ կգրեմ այն, ինչ որ իսկապես հիշատակարան է կրում։

5․ Ես ծնվել եմ Արցախ (Ղարաբաղ) նահանգը Շուշի քաղաքում, 1854 (հազար ութ հարյուր հիսունևչորս) թվականի դեկտեմբերի մեկին, և մկրտվել եմ նույն ամսու 8-ին։ Կնքահայրս եղել է Հովհաննես Օհանջանյան-Շխյանցն (մի երիտասարդ պարոն, ժամանակակից ջենտլմեն, որը այժմ կենդանի է և ապրում ու պարապում է Մարսելում կոմսիոներությամբ։ Ամուսնացած է մի գաղղիուհու հետ քաղաքական ամուսնությամբ), իսկ կնքող քահանան տեր-Հարությսւն Մելտոնյանց։ Ինչպես իմ ծննդյան վկայականից երևում է, իմ մկրտության անունը Ալեքսան է եղել և այդ անունը դրվել է անշուշտ իմ հորեղբոր Սարգսի կողմից (սա մի խելոք երիտասարդ էր և յուր ժամանակին զարգացած համարվողներից։ Ծառայում էր պետական պաշտոնների մեջ, և մեռավ թոքախտից։ Օտարազգի անուններին ըստ երևույթին սիրահար էր, ըստ որում՝ եղբոր անունն էլ Նիկոլա էր դնել տված)։ Բարեհաճ կարգադրություն։ Բայց իմ հանգուցյալ հայրը, որի մասին յուր տեղը կխոսեմ, սուրբ Կրիտարիսի վանքի մոտ (Ամարա ավանում) ունեցած այգիից վերադառնալով, և իմ մեծապատվության աշխարհ եկած լինելը տեսնելով, հրամայում է փոխել իմ օտարազգի անունը և Գրիգոր կանչել (իմ հայրը պատմությունից, պարզ է որ, բավական անտեղյակ է եղել, որ կարծել է թե Գրիգորը հայի անուն է. ի հարկե լուսահոգի Չամչյանը կների նրան), որպիսի հրամանը իսկույն կատարվում Է։ Այդպիսով, ես դառնում եմ Գրիգոր Ալլահվերդյան տեր-Հավհաննեսյանց—բայց իհարկե դեռ մի փոքրիկ ծծկեր երեխա, որ ինչ եղած լիներ, ինչ կերպարանք, բնավորություն և այլ բարեմասնություններ ունեցած լինելը, հավաստիով չէր կարող պատմել կամ նկարագրել ձեզ։ Ուստի և դեռ կխոսեմ իմ ծնողների մասին։

Իմ ազգաբանության մասին ես շատ փոքր տեղեկություն ունիմ, ըստ որում ինքը պատկանում էր մի աննշան ծագումի։ Եվ հենց այդ է պատճառը, որ մեր ցեղը յուր անցյալից ոչինչ չունի գրավոր կամ ավանդությամբ ստացած։ Ո՛վ գիտե, գուցե և պատկանում էր հայոց իշխանական տոհմերից մինին, որը հալածանքների ժամանակ մաշվելով անհայտ ոչնչության է վերածվել. և կամ գուցե մի մելիքի կամ բեկի ձիապանի կամ խոհարարի ցեղին, չգիտեմ — ոչինչ հայտնի չէ։ Կարծեմ մի անգամ լսել եմ, որ իմ պապը և իր հայրը գաղթել են Ղարաբաղ՝ Ատրպատականից։ Թե ե՛րբ և ո՛ր բռնակալի օրով, նույնպես չգիտեմ։ Մի բան է ինձ հայտնի, որ իմ ազգանունը Տեր֊Հովհաննեսյան է. իմ հոր պապի՝ տեր Հովհաննեսի անվամբ. ի՛նչ մարդ է եղել այդ տեր-Հովհաննեսը, ո՛ր գյուղի կամ քաղաքի քահանան է եղել, չգիտեմ։ Միայն ասում էին, որ նա յուր կնոջ մեռնելուց հետո կրկին անգամ է ամուսնացել։ Այս փոքրիկ ավանդությունը ես եզրակացնում եմ, որ նա շատ ազատամիտ մարդ է եղել։ (Եվ եթե հանգուցյալը այժմ կենդանի լիներ, խիստ թունդ «մշակական» կլիներ, թեև «Մշակ» լրագիրը դադարած է այժմ)։

Թե քանի որդի է ունեցել տեր-Հովհաննեսը՝ նույնպես չգիտեմ։ Միայն ես տեսել եմ և հիշում եմ նրա որդի Դանիելին, որ իմ պապս, այսինքն` իմ հոր հայրն է եղել։ Ես այսօր Էլ հիշում եմ նրա կերպարանքը։ Նա բարձրահասակ էր, բայց ծերությունից արդեն կորաքամակ, զվարթադեմ և զվարթաձայն։ Երբ ես արդեն 6—7 տարեկան երեխա էի, հիշում եմ, որ նա մեզ (մեր տան բոլոր երեխաներին) վերցնում էր յուր հետ և տանում զբոսեցնում փողոցներում կամ հարևանների բակերում և տանը։ Նրան բոլորը Դանիել-ապեր էին կանչում, իսկ նրա մասին խոսած ժամանակ նրան անվանում էին Շիլո-Դանիել, հետևապես և մեր տունը անվանվում էր Շիլո-Դանիելենց տուն. ուրիշ անունով մեզ չէին ճանաչում ո՛չ մեր հարևանները և ո՛չ քաղաքացիք։ Շատերը կարծում էին, որ իմ պապս Շիլո էր կոչվում նրա համար, որ շիլաչի է եղել, այսինքն շիլա կտավ շբող և վաճառող, բայց այդ կարծիքը սխալ էր. նա Շիլո էր կոչվում նրա համար, որ սովորություն է ունեցել մի ժամանակ բոլորին շուիլո կանչելու, որ է շուիլո, վրացերեն որդի։ Բայց թե նա ո՛րտեղից էր սովորություն արել այդ բառը գործ ածել, դժվար չէ իմանալ։ Նա յուր երիտասարդ ժամանակը Թիֆլիսում փերեզակությամբ է եղել պարապում և երևի այդ տեղից էլ սովորություն է շինել շուիլո բառի գործածությունը։ Որ իմ պապս մի ժամանակ Թիֆլիսում փերեզակ է եղել, դա հայտնի է այն «շարժական հայտարարությունից», որ նա մեզ սովորեցրել է իբրև երգ, որը մենք երեխա ժամանակներս թութակի պես գեղգեղում էինք օրն ի բուն։ Այդ հայտարարության բառերից շատը չեմ հասկանում, որովհետև նրանք վրացերեն են, իսկ վրացերեն չգիտևմ, բայց հասկացողներուց ես եզրակացնում եմ, որ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մի փերեզակի վաճառելիք իրերի անուններ.—ահա այդ երգը կամ լավ է ասել՝ հայտարարությունը:

Սավա շրո
Սածրի մալո
Նեմս երի
Չալեբի
Մակրատելի
Թնշյուչխելի
Թիրևի փառախի
Ռե վամբի
Մոկ-ցեմ
Կոնատակդ փոկ գցեմ...

թե այդտեղ բառերը ուղիղ եմ գրած թե սխալ չգիտեմ, միայն գիտեմ, որ դրանք մեր պապի սովորեցրածներն են։ Թե քանի՛ տարեկան ժամանակ է Թիֆլիսում եղել` չգիտեմ բայց նա գտնվել է Շուշիում Իբրահիմ-խանի և Մեհդիչալի խանի ժամանակ, մասնակցել է ռուսաց պատերազմներին և Շուշի քաղաքի երկրորդ պարսպի շինության ժամանակ ծառայել է պահանորդ գնդերի մեջ (ապացույց` նրա ստացած մեդալը 1826—27—28 թվերի համար։ За Персидскую войну): Այդ խառնակություններից հետո նա պարապում է եղել գազազությամբ, և ինչպես ինքն էր պատմում, որով գնում է եղել Թավրիզ և այնտեղից ապրանքներ բերում։ Երբ նա յուր որդիների կամ թոռների մեջ ծուլություն էր նկատում, «Շան տղերք, ասում էր, ես ձեր ժամանակ հարյուր անգամ ոտքով գնացել եմ Թավրիզ և վոթկա առել ու շալակով բերել ու այստեղ վաճառել եմ, իսկ դուք ծարավ ժամանակնիդ անգամ ծուլանում եք ձեզ համար ջուր բերել և խմել։ Մի՞թե դուք հաց ուտելու արժանի արարածներ եք»։

Իմ պապս առհասարակ հայտնի էր յուր հիշոցներով, բայց միևնույն ժամանակ և յուր փիլիսոփայություններով, յուր բազմափորձ կյանքից սովորած խրատականներով։ Նա անկեղծ էր, աներկյուղ և ճշմարտախոս։ Դիմացի մարդը եթե նույն ինքն Դիոնիսիոսը լիներ, դարձյալ նա նրան կհանդիմաներ— եթե հանդիմանության արժանի էր։ Նա լավ ձայն էլ ուներ. մինչև անգամ խոր ծերության ժամանակ և շատ սիրուն երգում էր եկեղեցական երգեր։ Նա ինքն ասում էր, թե տիրացություն էր արել մի ժամանակ։ Ես իմ պապին հիշում եմ բավական քաջառողջ ժամանակ. բայց վերջերում ծերությունը հաղթեց նրան, նա ընկավ անկողին, երկար տանջվեցավ ծերության անկարողությունից և մեռավ, կարծում եմ, ոչ պակաս հարյուր և տասը տարեկանից — այսպես էին ասում գոնե այն ժամանակ։

Բ

Իմ պապը, Դանիելը, յուր հոր նման երկու կին է ունեցել։ Առաջինից` իմ ժամանակ կենդանի էր մի որդի, Կարապետ անունով—ուրիշներն էլ թե եղել էին` չգիտեմ։ Այդ անդրանիկ որդին նույնպես յուր պապի և հոր բախտին էր հանդիպել, այսինքն` կինը մեռնելով երկրորդն էր առել. առաջինի ում աղջիկը լինելը չգիտեմ, միայն նրանից մնացել էր մի աղջիկ Զարղալամ անունով, որը և ամուսնացած էր Խաչիկ անունով մի դարբնի հետ։ Իսկ երկրորդ կինը մեր քաղաքի ամենից հարուստ, ամենից անիրավ և ժլատ Բեկլարյանցի աղջիկն էր, որից և իմ հորեղբայր Կարապետը ունեցել էր հինգ զավակ։ Մի աղջիկ Հռիփսիմե անունով և չորս որդի, Աղաբեկ, Հայրապետ, Ավետիս և Ներսես անուններով։ Կարապետ հորեղբայրս կես ցնդած մի մարդ էր իր ժամանակ— բաժանված էր մնում մեր ընտանիքից։ Նրա համար պատմում են, որ մի օր սուտ մեռել էր, և երբ բոլոր բարեկամները հավաքվել և սկսել են լալ, հանկարծ վեր է կացել և ծիծաղելով պատմել, որ ինքը այդ խաղը խաղացել էր, որ յուր բարեկամները ժողովվեն իրանց տուն և մի փոքր ժամանակ անցկացնեն իր հետ, իմ պապի երկրորդ կինը, որի անունը Խաթուն է եղել, ծնել է նույնպես հինգ զավակ, որոնցից երկուսը աղջիկ, Եղիսաբեթ և Նախշուն անուններով, և երեք տղա` Ալահվերդի, Մնացական և Սարգիս անուններով…