Ինքնամարտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մտնում եմ տունն իմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ինքնամարտ)

Վարդան Հակոբյան

Հազար արեւ
ԻՆՔՆԱՄԱՐՏ


Ներիր ինձ, սակայն...
Դու քո շուրթերին վարժված բառերում
Խեղդում ես հաճախ բռնկումները
                 քո անզուսպ հոգու,
Դու քո առօրյա անցումների մեջ
Երբեմն տրվում սովորականին
ՈՒ մոռանում ես.
- Ճյուղերը պիտի արեւին հասնեն,
Թե առաջնորդվեն
Իրենց արմատի քարտեզագրով։
Դու թռչում անվերջ
Երկնքի պայծառ կապույտների մեջ
          ու մոռանում ես,
Որ ամեն սլացք
Դեռ պատճենում չէ սուրբ երազների։
Դու շատ ես խոսում լեռների սիրուց,
         սիրուց լեռնեցու,
Բայց չես իմանում
Լեռները ինչ են խորհում քո մասին։
Ներիր ինձ, սակայն...
Ռունգերդ պարզում աշունքվա բույրին
Եվ սուլոցներով ինչ-որ անիմաստ,
Բոբիկ երգերդ առաջ ես տանում
Ավազուտներով ժամանակների,
Իսկ թե նեղվում ես
Չարածիդ համար,
Դու խոսքի տակ չես մնում քո առաջ.
Հնարավոր է գուցե «հետո»-ում
Երկրորդ անգամ աշխարհում լինել։
Ներիր ինձ, սակայն...
Դու դեռ փորձում ես դժգոհել անգամ
         գարնան հավքերից,
Որ քո ուսերից
Նախընտրում են եւ ճյուղը չորացած,
Ուր իջնում ես միշտ վստահ, անարգել,
Նաեւ՝ հավատով։
Շքեղություն ես որոնում դու միշտ,
Իսկ երբ այն լուսե աղջկա տեսքով
        կանգում է քո դեմ,
Բավարարվում ես միայն գտնումով։
Ներիր ինձ, սակայն...
Պատուհաններում ապրող ծաղկի պես
Դու չես իմանում
Ինչ է հաճույքը ճանապարհների
        փոշով թաթախված,
Ճամփամերձ ծաղկի։
. . . . . . . . . . . . . . . . . .
Ես իմ օձիքն եմ ձեռքս հավաքել,
Ես ինչ գործ ունեմ ուրիշների հետ։