Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Մտնում եմ տունն իմ ու ինձ հարցնում,
Կամաց, անշշուկ. «Ո՞նց ես, ախպերիկ»։
Սիրտս շահելու համար, չե՞ք կարծում,
Այս մի սրտացավ հարցն էլ է հերիք։
Ես ինձ ասում եմ՝ քեզ նման եղիր.
Օրվա աչքերում ժպիտն է ծլում,
Սիրող սրտերին երգերդ հղիր
ՈՒ տես ինչպես է թախիծդ ցրվում։
Փոխվում ես արդեն, հասակ եմ առնում,
Մի պատառ հող ես, հող մնա հավետ.
Ինչ խոսք, հողից են ծաղկունքը հառնում,
Տանելի դարձնում ցավը սիրո հետ։
Արցունք մի կարծիր շիթը անձրեւի,
Դա «սուտ է» միայն բանաստեղծական,
Ճշմարիտն այն է, որ միշտ բաղձալի
Բառեր շրշաս դու անցնող աղջկան։
Ես ինձ ասում եմ... Ինձ «գլխի դնում»
Եվ մեծավարի խրատ եմ տալիս։
Ինչքան էլ տխուր, հոգնած եմ լինում,
Հանգիստ է բերում իմ տան գերանն ինձ...
|
|