Jump to content

Ինքս ինձ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՆՔՍ ԻՆՁ


Դու քո խոհերի տաքուկ քուրքի մեջ
               փակվել-կծկվել,
Պարուրել ես քեզ ապասման թմբիրով
Ու մրափել ես
Ձմեռվա քնով:
                Թե աչք ես բացում՝
«Լեռներ եմ պահում,
Ձորեր եմ պահում» մաշված բառերն ես
Դու քեզ մատուցում -
Հանգստացնող հաբեր են ասես:
Մինչդեռ լեռնե՞րն են գուցե պահում քեզ:
Պահեցեք իրար:
Միայն... հերիք է, խեղդիր մրափդ
Ու քաշիր հոգսը ճանապարհների:
Ճանապարհները` թեկուզ միշտ արթուն,
Պատասխան չեն տա ճամփորդի համար,
Այդ ճամփորդներն են
Ճամփեքի համար պատասխանատու: