Jump to content

Իսմայել Բեյ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իսմայել Բեյ

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Իսմայել Բեյ



(Հատված)

I

Քե՛զ եմ, քե՛զ, իմ ջերմ ոդջույնըս բերում,
Ալևո՛ր Կովկաս։ Ես քո լեռներում
Օտար ճամփորդ չեմ։ Մանկության օրից
Նոքա ճանաչել, փայփայել են ինձ,
Եվ ընտելացրել իմ մատաղ հոգին
Քո խուլ վայրերին, քո վառ երկնքին.
Եվ միշտ այդ օրից ցընորքս է եղած
Հարավի երկինքն, լեռնե՜ր սեպացած։
Գեղեցի՜կ եք դուք, ով ազատության
Մըշտընջենավոր, անսասան գահեր,
Երբ, ծուխի նըման կապուտակ ամպեր,
Թըռչում, գալիս են իրիկնադեմին
Հեռվից դեպի ձեզ— և ձեր գըլխներին
Ճախրում, շըշընջում, ստվերների նըման։
Եվ կապուտակում անեզր, անսահման
Շըրջա՜ն է առնում պանդուխտ, միայնակ
                                          Նազելի՜ լուսնյակ։

II

Օ՜հ, իմ վե՛հ Կովկաս, ես սիրում էի
Ռազմատենչ բարքերն քո զավակների.
Սիրում երկնքիդ կապուտակն անհուն.
Եվ այն սքանչելի, ահեղ մըռնչյուն
Քո հանկարծահաս փոթորիկների,
Որոնց չորս կողմից միշտ ձայն են տալի
Խորո՜ւնկ քարայրեր, սե՜պ–սե՜պ բըլուրներ
Որպես գիշերվա քաջ պահապաններ…
Բա՛յց մեկ էլ տեսար փայլեց արեգակ,
Եվ ոսկեզօծեց հեղեղատն արագ.
Եվ տափաստանի ծաղիկն անուշիկ
Դեպի վեր ուղղած իր հոտոտ գըլխիկ,
Շողում է, որպես ծաղիկն եդեմի…
Իրիկվան ժամին ես դիտում էի,
               Դիտում լո՜ւռ, երկա՜ր.
               Այն պատառ-պատառ
Ծածկոցն ամպերիդ՝ լեցո՜ւն անձրևով,
Որոնցից շատերն բաց-կապույտ փայլով,
Եվ նուրբ եզերքներն շիկնած, հըրակեզ՝
Սպառնում են նորի՛ց — և մեկ էլ տեսնես,
Մի ակնթարթում ժայռերի վերա
Պատկերանում է հըրաշք հընօրյա—
Մի կախարդական ամրոց ահագին,
Բայց շուտով ա՛յն էլ կը ցրվե քամին։
Այդպես և գողտրիկ երազն է բանտում
Կուռ շըղթաների շառաչն ընդհատում
Երբ բանտարկյալն է ցընորում դալար
Հայրենի երկրի դաշտերն ու անտառ…
Մինչդեռ ա՜յլ ամպեր՝ առավել ճերմակ,
Քան ձյունոտ լեռներ, թըռչում են արագ
Դեպի արևմուտք— և օրն անցուցած՝
Շարվում իրար մոտ, կողք–կողքի կըպած.
Եվ նայում ա՜յնպես պայծառ հայացքով,
Ա՜յնպես ճոխ, զվարճ և անփույթ կերպով,
Որ, կարծես, նոքա այդպես հավիտյան
Պետք է և՛ ապրի՜ն, և՛ հավետ դո՜ւր գան…

III

Եվ այդ լեռներում, այդ խոր կիրճերում
Վայրենաբարո ցեղեր են ապրում.
Նոցա աստվածն է լոկ ազատություն,
Նոցա օրենքը— պատերազմ, արյուն.
Եվ մեծանոմ են, խորհում օր-գիշեր
Նոքա արտակարգ և անգութ գործեր՝
Մատաղ հասակից նվիրած իրանց
Թաքուն ու վայրագ ասպատակությանց։
Այնտեղ փոքրերին դեռ օրորոցում
Ռուս անունով են մայրերը վախցնում,
Այնտեղ հանցանք չէ սպանել թըշնամուն,
Անսուտ է և՛ վրեժն, և՛ մըտերմություն.
Այնտեղ սովոր են բարիքին՝ բարիք
Արյան տեղ՝ արյուն— պարգևել մարդիկ.
Այնտեղ, սիրո պես խո՜րն է, անսահմա՜ն,
Ե՛վ զգացմունքը չար ատելության…