Jump to content

Իր կանաչ արձակ թեւերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Իր կանաչ, արձակ թեւերին առներ
Եվ գիշեր-ցերեկ
Ինձ օրոր ասեր, օրոր ասեր ինձ
               Անհոգությունը:
Մոռանայի ես,
Որ ինչ-որ մի օր իմն ես եղել դու,
Որ ինչ-որ մի օր
Տեղ եմ ունեցել քո մեջ, քո սրտում,
Որ ինձ սիրել ես,
Քո շռայլ սիրով...
Եվ մոռանայի,
Որ ես երբեւէ ունեցել եմ քեզ
         նորից... կորցրել...
Ինձ օրոր ասեր անհոգությունը,
Գրկեր իմ հոգին
Ու իմ մեջ մեռներ այս տրտմությունը:
Օրոր ասեր ինձ, օրոր ասեր ինձ,
Բայց իմ փոխարեն իմ ցավը քներ-
Եվ նրա քունը հսկեի քեզ հետ...