Jump to content

Ի հրաժեշտ Ղահրամանյան պարոնին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի հրաժեշտ Ղահրամանյան պարոնին
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 70-71
ծ. և տ. ― էջ 282
Ի ՀՐԱԺԵՇՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՊԱՐՈՆԻՆ


Մեր փոքրիկ խումբը անըսփոփ թողած,
Գընում ես, եղբայր, դու երկիր օտար.
Ա՜խ թե գիտնայիր որքա՛ն մեր յաչաց
Արցունք պիտ թափենք մենք քեզի համար։

5 Թողիր Հայրենիդ, թողիր Հայաստան,
Պանդըխտի նման եկար դեպ Հյուսիս,
Բայց քու ջերմ հոգին անշեջ հրո նման
Միշտ բոցոտ մնաց ի սեր Հայ ազգիս։

Արդ գընաս դեպ ի կողմն Արևմտյան,
10 Ուր լոկ անվամբ է արևը մտնում,
Բայց տիվ և գիշեր լույսը հոգեկան
Անաղօտ լուսով հարատև փայլում։

Այն պայծառ նշույլք իցե թե փայլին
Քու սրտի մեջը նորանոր լուսով,
15 Եվ երբ քու սրտի բաղձանք կատարին՝
Վերըստին առ մեզ դու շտապե փութով։

Մենք քեզ կըսպասենք ակնապիշ աչքով,
Կըհիշենք անունդ ամեն մի վայրկյան,
Ինչպես սիրտ մենք քեզ անկեղծ սիրող,
20 Նույն և կըմընանք մինչ օրը մահվան։

Հավատա՛ դու միշտ մեր անկեղծ սիրույն,
Հուսա՛ քու բարի ըղձի կատարման,
Եվ որ քան զամեն բան է գերագույն՝
Սիրե՛ հար և միշտ մեր մայրն Հայաստան։

25 Առ ժամս փարատե՛ կարոտն հայրենյաց,
Ի սեր քու Ազգին դարձի՛ր դու պանդուխտ,
Ազգասիրություն սովորի՛ր յազգաց
Դեպ ի որս ձգտի սրտին քո սուրբ ուխտ։