Լաց մի լինի, աղջիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս քարի վրա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Լաց մի լինի, աղջիկ)

Վարդան Հակոբյան

Ժամ չունեմ
ԼԱՑ ՄԻ ԼԻՆԻ, ԱՂՋԻԿ


Անձրեւի պահին ծարավ քարերի վրա ծաղկեցին
սերը, կարոտը եւ բոբիկ-բոբիկ ոտնահետքերը
աղոթելու պես
լացող աղջկա։
Ես կանգնել էի
ժամանակից դուրս
եւ տեսնում էի, թե ինչպես էին վարդերը ելնում
տառապանքների միջով ձորերում երգող ջրերի,
բուսնում օրերը՝
սուրսայր շեղբերին լեռները գրկող հորիզոնների,
գույնի ճիչերում անուն չունեցող խոտ ու տերեւի,
խոնարհության մեջ փոխնիփոխ ապրող եղանակաների
եւ իմ աչքերում,
որոնք աղջկան նայելիս շատ են նմանվում գերված
արծվի թեւերի։
Ես կագնել էի
պատրաստ՝ երկինքը համբերության պես մեկեն շուռ տալու
այն վիհերի մեջ, որ փռվել էին ցավ ու տագնապում
պտղող ծառերի...
Իսկ ծառը նախրին «չարչարող» ցուլի պոզից էր կապված,
եւ պետք էր, անշուշտ, պետք էր այդ ծառը ազատ արձակել։
Ես կանգնել էի
ցավի մեջ ծառի.
- Տեսնես ո՞վ է այն բախտով շան տղան,
որ լույս-աղջկա աղոթքների մեջ ապրում է այնպես տաք,
երես առած։
Իսկ գմբեթները լուսեղեն վշտի բարձրանում էին
ձիգ ու գեղուղեշ,
եւ իմ թեւերը գրկելու պատրաստ, գգվելու պատրաստ,
քար էին ուտում, ցավ էին ուտում ու լռության մեջ ճաքճքում էին։
- Լաց մի լինի, աղջիկ, լաց մի լինի...
Մոտեցա կամաց, սակայն աղջիկը հավք դառավ իսկույն, հավք դառավ,
թռավ... Չէ՞ որ ամեն ինչ սիրուց լինում է։
Անձրեւն անցել է։
Արեւն անցել է։
Դարեր են անցել։
Քարերի վրա ծաղկած մնում են սերը, կարոտը եւ բոբիկ-բոբիկ
ոտնահետքերը՝ աղոթելու պես մաքուր աղջկա։