Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԺԱՄ ՉՈՒՆԵՄ
Անցնում է օրս։ Ես էլ ժամ չունեմ,
ես էլ ժամ չունեմ, որ քեզ սպասեմ։
Վերջին վայրկյանս, ահա, թռչում է,
հավքի ետեւից ես ինչպես հասնեմ։
Վայրկյանս քո մեջ ձգիր-տարածիր,
ժամանակի մեջ դարձրու անսպառ.
երկնքված ցավս՝ որպես կաթնծիր,
օծիր քո հրով խելագար ու վառ։
Բայց ուշ է, ավաղ... Վայրկյանը խփեց,
փակվեցին իմ դեմ հազար լույս ու դուռ...
Ինձ անգթորեն իմ կյանքը խաբեց,
եւ հավքից մնաց միայն մի... փետո՛ւր։
Մի թեթեւ փետուր... Հովը խաղում է
վերջին շողերով՝ ծանր ու դառնաղետ
եւ կամաց-կամաց օրը պաղում է.
- Մի լքիր, սեր իմ, ինձ էլ տար քեզ հետ...
|
|