Jump to content

Լեյտենանտ Հրոն, Գեղամը, Գինոսյանը և մյուսները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լեյտենանտ Հրոն, Գեղամը, Գինոսյանը և մյուսները
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 158։


ԼԵՅՏԵՆԱՆՏ ՀՐՈՆ, ԳԵՂԱՄԸ, ԳԻՆՈՍՅԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ


Պար է բռնում կարտոֆիլը վառարանի վրա
Ու Գեղամն է ձեռքը տանում կրկին վառարանին.
- Հենց գալիս եմ պահակակետ՝ մտքով տանն եմ էլի,
Ի՞նչ գործ ունեմ ես բանակում՝ գնայի իմ բանին,
Պառկում էի բազմոցին ու հեռուստացույց նայում,
Կամ ողջ օրը թրև գալիս մեր Չարբախում մենակ։
- Ի՞նչ ես գլուխ տանում իզուր։
                Արտա՛կ, ի՞նչ ես անում,
Փոխարինիր Գինոսյանին, նախաճաշը սառավ...

Արտակն իսկույն առնում է զենքն
                   ու վռազ դուրս վազում,
Գինոսյանը ներս է մտնում ամբողջովին կապտած։
- Հը՛, սառե՞լ ես դրսում, «կիշկա՛»,-
 եյտենանտն է էլի։
- Գինոսյա՛ն, դո՞ւ ինչ ես հիշում,-
 զրույցին եմ խառնվում։
- Պարո՛ն ավագ լեյտենանտ, ես...,- կմկմում է մի քիչ,
Ու ձեռքն առնում ճաշով լցված կաթսայիկը իսկույն։
- Իսկ ի՜նչ հիշի Գինոսյանը՝ ոչ խելք ունի, ոչ դարդ,-
Կատակում է Գեղամն էլի։

...Քիչ անց «6»-ն է կապվում.
- «62՛», հերթափոխ է, տղաներին հանի՛ր...
Եվ լեյտենանտ Հրոն իսկույն հրաման է տալիս.
- Երկրորդ դասա՛կ,
          երեք շարքով իմ ետևից շարվի՜ր...

Մեքենաներն աղմկելով շտապում են առաջ
Ու բազա են վերադառնում տղաները հոգնած։

7-18.02.95, Սեյսուլան (ԿՊՇ, գործող բանակ)