Jump to content

Լենին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Всем, всем, всем...
Ռադիո։
Մոսկվա:
Կրեմլ։
...Վախճանվել է Իլյիչը...

Ի՞նչ,
Ճառե՞ր,
Հեռագի՞ր.
Սո՞ւգ գուցե կամ։
— Իհարկե չէ...

Սուգը —
Առել է դեմ—
Սառել է բանվորի կոկորդում։
Տեղը—
Ոխ մի դղորդ
Հորդում է դուրս։

Է՛յ,
Չգա՜ք,
Չմոտենա՛ք.
Հազա՛ր են,
Բյո՛ւր են,
Միլիա՛րդ են,
Ավելի՛ն են.—
Ու էդ
Բոլորը
Մեբերան—
— Լենին,
— Lenin,
— Ленин...
Գիտե՞ք թե աշխարքի արգանդից
Ինչքա՜ն հանճարեղ մարդիկ,
Ինչքա՜ն, ինչքա՜ն Կրոմվել,
Կամ հնդիկ Գանգի—
Անթիվ
Եղել են,
Կան դեռ,
Ու կգան.—
Այնինչ Իլյիչը— մեկ է,
Ուրիշ Իլյիչ— դժվար թե,
Ուրիշ Իլյիչ— չկա՛։

Դասակարգը
Դար դարի ետևից—
Սնել է Իլյիչին։
Դասակարգը
Դար դարի ետևից—
Հյութեր է նյութել։
Անգամ ջրկիրը Տիբեթի
Տվել է Իլյիչի ուղեղին
Մի թել։

Թել-թել,
Նյարդ-նյարդի ետևից,
Նյարդից թե քո, թե իմ—
Առել է դասակարգը—
Տվել է Լենինին։

Թել-թել,
Նյարդ-նյարդի ետևից
Հյուսել է—
Բարդ
Կանվա։
Եվ հիմա–
Իլյիչը—
Վախճանվա՞ծ...
Մեռա՞ծ կամ,
Կամ չկա՞...

Չէ՛, պրոլետար,
Իլյիչը— իմ մե՛ջ է,
Քո մե՛ջ է.
Նրա մե՛ջ է.
Իլյիչը— կա...

Կա— դասակարգը:
Դասակարգը—
Պարզե՛լ է Լենինին իբրև դեվիզ:
Դասակարգը հակադրե՛լ է հնին—
Իր
Լենինին։
Ու կպարզե՛ հնին—
Լենինիզմ։

Էյ,
Դուք,
Ռոկֆե՛լլեր,
Ստիննե՛ս,
Մորգան կամ.
Լսո՞ւմ եք՝
Մենք դեռ կգանք.
Մեր բանակը կանցնի՛ դեռ ձեր աշխարքով։

Դեռ կգա Իլյիչը,
Որ մտնի համաշխարհային Սովնարկոմ։