Լծեն
ԼԾԵՆ
Ճամփի լայնքը քառորդ մետր, այծի ճամփա, քերծերի վրայով: Այնքա՛ն տրեխ, սմբակ ու կճղակ է թակել քարերին, փորել, արահետ արել: Ներքև՝ Որոտանը փրփրած, պղնձագույն ժայռերի մեջ ոռնում է, քարերը կրծում, բայց փլվում են ժայռերը վերի, թափվում ձորի մեջ:
Կածանը Լծենի ցաքուտների միջով իջնում է դեպի գետը, տեղ-տեղ անցնում փայտե կապերի վրայով և իջնում դեպի Որոտանի միակ անցքը, հետո զառիվայրով օձապտույտ ձգվում է բարձր, դեպի փեշերը անտառապատ սարերի:
Երբ ձյուն է լինում, սառչում է անցքը, կապերը պնդանում են, գյուղը օրերով կտրվում է դրսից, կածանով գնացնող եկող չի լինում:
Լծենը հարյուր տարի առաջ Խոյից գաղթել է, եկել ապառաժի գլխին թառել: Հինգ տուն են եղել, հիմա վաթսունից անց է: Անտառները կտրատել են, ծառերը արմատահան արել: տեղը կորեկ, հաճար վարել, շալակով հող կրել, թափել քարերի վրա, բոստանատեղ սարքել: Ներքև` ձորում, Որոտանի ափին, ժայռերի ճեղքերում ծառեր են տնկել՝ ընկուզենի, բալ:
Գյուղի տեղը դառն է, քամու բերան, բաղ ու բարահիր հողից զուրկ: Եթե սարալանջը վարելիս մաճկալը մաճն է բռնում, մեկն էլ մաճկալին է պահում, որ չգլորվի ներքև:
Գերդաստաններ կան քսան շնչով, նահապետական վարք ու բարքով: Իրար ազգ ու բարեկամ են, հարսանիքին՝ ամբողջ գյուղով պիտի լինեն, ուտեն, խմեն:
Շատ քիչ է դրսից մարդ գալիս Լծեն: Ո՞վ է գլխից ձեռք վեր կալել քերծերի վրայով ժամերով գնալ, ցաքուտի միջով Որոտանի դժար անցը կտրել:
Երբ հարս ու աղջիկ կժերն ուսին իրիկվա ջրի համար աղբյուրի առաջ հերթի էին կանգնել, հոգնած բեզարած գյուղ մտանք:
* * *
Լծենի դպրոցը մի սենյակ ունի, մի խմբակ: Եթե գյուղում ժողով է լինում (իսկ Լծենում ժողով քիչ է լինում), դպրոցի սենյակում են հավաքվում:
Երեկոյան ժողովը հողերի հավասարման համար է: Գուցե ոչ մի գյուղում հողն այնքան թանկ չէ գյուղացու համար, որքան Լծենում: Կես օրավար վարելահողի վրա տասնյակ տարիներ մի գերդաստան քրտինք է թափել, քարը ջոկել, ծառն արմատով հանել, ամեն գարնան արտի եզերքին բսնող թփերը կտրատել, կոխ կպել մաճի հետ, մինչև ցել անի:
— Էս հողերում երախտիք շատ է թափել մեր գյուղբ: Հիմա շատացել ենք, հողը չի հերիքում, — ասում է մի ալևոր, և չնայած, որ նախագահը նկատում է, թե հերթով խոսի, նա էլի շարունակում է.
— Իմ միտս է, որ մեր գյուղում թավչի (տուրք) անելիս տասնչորս տուն կար, հիմա վաթսունը անց ա:
Մի ուրիշն է խոսում.
— Մենք գեղով մի արմատ ենք, մի ցեղ ենք: Հաստատ մնա սովետական իշխանը, սապոնը կա, շաքարը ճարվում ա, դե հիմա էլ պետք ա հողերը բաժին անենք, շատացել ենք:
Թեպետ բարքը նահապետական է, և ծերերը աշխատում են գյուղը հաշտ ու միաբան ներկայացնել, բայց հողերի մասին խոսելիս շահերն աններդաշնակ են, հակառակությունը՝ շատ: Հողաբաժանում դեռ չի եղել. նա, ով փափուկ բարահիր ունի, խոտատեղ և ջրովի, նա լուռ է, եղած դրության հետ հաշտ: Նա, ով մեռել թաղելու տեղ էլ չունի, ում բաժինը մի փութ կորեկի տեղ է, այնքան է պինդ կպած հողահավասարման, որքան փշատ թուփը՝ Լծենի հողին:
Գիշերը կես է դառնում, ժողովը դեռ վերջ չունի: Գյուղի ամբողջ ներքինը, այն՝ ինչ առաջին ակնարկից չես տեսնում, գյուղի առօրյան պարզվում է, մերկանում, որպես վահրոտ մարմին, պլոկված կաշիով, կոշտուկներով, մի տեղ ճարպոտ, մսակալած, մի տեղ կաշի ու ոսկոր:
Ահա մի ընտանիք, որ գյուղի ծխամատյանում նահապետական գերդաստան է հիշվում, պապ ու թոռնով, չորս հարսով, սկեսուրով պառավ, — ժողովում փոքր եղբայրը, որ ինվալիդ է գերմանու կռվի, ինվալիդը կռնատ մի ձեռքով կուրծքն է ծեծում և ետևի շարքից բղավում.
— Մեծ աղբերս ինձ ճնշում ա, նրա ձեռքին օր չեմ քաշում:
Պատմում է, թե ինչպես մեծ եղբայրը հին տան միակ սենյակի անկյունում պատ է քաշել, մի հավաբուն շինել, տրվել ինվալիդ եղբորը: Տունը ոչ դուռ ունի, ոչ պատուհան, փշրված պատի ճեղքով են ներս ու դուրս անում:
— Էդ հարկավոր չի, էդ ժողովի բան չի, — սաստում է մի ալևոր, իսկ ինվալիդը ավելի է զայրանում, ձայնը բարձրացնում և փորձում ավելի առաջ գալ:
— Պիտի ասեմ, էս ժողովում պիտի ասեմ, որ բոլորն էլ իմանան: Ես հող չունեմ, տնատեղ չունեմ. ես իմ աղբոր եսիրն եմ, նրա տան ծառան, բա հիմիկվա օրենքը էդ վեր կունի՞...
Մեծ աղբերը աչքերը ոլորում է, սպառնալից նայում նրան: Մոտին կանգնած մի ծերունի նրա թևից քաշում է, հրամայում լռել:
Ինվալիդը աղմկում է, ուրիշներն են խառնվում, նախագահը փորձում է կարգ պահել, չի լինում:
Մեղադրում են իրար: Մի ճղոտված, մսերը բաց լծենցի գոռում է դռան մոտ կանգնած գյուղացու երեսին:
— Տուր է, ջրովուդ կեսը տուր ինձ, բա քեզ չորս կով լինի, դու խոտ էլ ծախես, ինձ մինն էլ չլիեի՞, տուր, որ ապրեմ. .. Գերասիմը (ինվալիդը) ճշմարիտ խոսք ա ասում, ի՞նչ եք վրա թափվում:
Ապա ետ է դառնում, նայում սենյակի կիսամութում նստած հարևաններին և ասում.
— Սո՞ւտ եմ ասում, այ ժողովուրդ...Մի գեղում մի քանի տուն ճնշում ա էլի, խի՞ չեք խոսում, պապանձվել եք, որ էգուց պատերի տակ փսփսաք...
Մի քանի հոգի կանչում են.
— Դուզ խոսք ա, ճչմարիտն էդ ա:
Գերասիմը ավելի է ոգևարվում.
— Դե մի տուր, ժողովի գիրքը բեր, էն որ գրել ես, թե ի գիտություն, տուր ընկերն էլ կարդա, իմանա ի գիտությունը որն ա...
Նախագահը ուզում է կոծկի, թե այդ հին բան է, ժողովին չի վերաբերում, բայց Գերասիմը համառ է: Թերթում եմ գյուղի խորհրդի մատյանը.
«Լսեցին. Ընկ. Ավագը զեկուցում տվավ, որ Գերասիմը, որն որ հանդում վար անելիս ուշքը գնաց»:
«Որոշեցին. Ընդունեցինք ի գիտություն»:
— Բա ես ընկնավոր ե՞մ, որ վար անելիս ուշքս գնա: Աղբերս ա թակել, այ ասում եմ, էդ ա ի գիտությունը... — կանչում է Գերասիմը:
Աղբերը փորձում է վրա հարձակվել, պահում են, հետո զոռով ժողովից դուրս անում: Սաստում են Գերասիմին, թե լեզուդ հավաք արա, գեղը խայտառակ մի անի:
Ժողովը տևում է մինչև աքլորականչ: Որոշումը կտրուկ է, հաստատ. հողերը բաժանել, չունևորին կալ ու մարագի տեղ տալ: Գերասիմին ընտրում են հեղկոմի անդամ:
* * *
Լուսաբացին գյուղից դուրս եկանք: Գերեզմանատան մոտ Գերասիմն ու ճղոտված, մսերը բաց լծենցին սպասում էին մեզ: Մոտեցան, բարի լուս տվին, Գերասիմը թե՝
— Կարճ ասեմ. մեզ տնատեղ շուտ հասցրեք, հողերը բաժին արեք, թե չէ մեզ կխեղդեն:
Ճղոտվածը չխոսեց: Պռոշները կապտել էին...