Jump to content

Մեր գյուղերում (Ե)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր գյուղերում (Ե)

ՄԵՐ ԳՅՈԻՂԵՐՈԻՄ (Ե)

Դուման է սարերում, խոնավություն է կաթում ամպերից, ցուրտ է, ցեխ: Քամին քշում է քուչաները ամպի, մի պահ բացում ձորերը խոր, սարի անտառապատ լանջերը, հետո հանդարտում, և ամպերը, լորձունքոտ խխունջի պես, շարժվում են, լիզում սարի փեշերը, էլի ձորը լցնում ամպի սպիտակ քուլաներով:

Եվ երբ քաշվում են ամպերը, ներքև՝ ձորում երևում է գյուղը՝ քարակույտերի պես, տները՝ տափակ կտուրով, իրար վրա, մեկի բակը մյուսին կտուր: Դեղնել են ծառերը, եզները այգիների ցանկապատն են քարուքանդ անում և, վարից պրծած, ծառերի չոր տերևներն ուտում:

Վայրէջքը՝ լայն ու կոկիկ ճանապարհով է: Նոր են շինել, հինգ հազարի չափ բանող ձեռք է աշխատել, տասնյակ կապեր են դինամիտով պայթեցրել, քարապատ արել, սալել, սայլի ճանապարհ շինել: Բայց գյուղը սայլ չունի դեռ:

Իջնում եմ. ձին՝ վարժ քարոտ ճամփին, գլուխը կախ հետևում է ինձ: Քիչ հետո հասնում եմ պառավին, որ բոբիկ ոտքերով, էշն առաջ արած, իջնում է ճամփով: Հալ է հարցնում, նպատակը գնալուս: Գլուխը երերաց, խոր թառանչ քաշեց նանին, մեռած որդու մասին պատմեց:

— Վանիս մեռավ, հեղափոխության գործերին գլուխը զոհ տվավ: Էն ժամանակ, որ իմ Վանին բալշևիկ էր, էս ձորերում մինն էլ հասկանում չէր հեղափոխության գործերից: Մեռավ, ինձ էս օրին թողեց...

Նանին լացակումեց, ձայնը դողաց պինդ ձգած լարի պես: Հետո արցունքը կուլ տալով կամացուկ ասաց.

— Մահ բաժանողի կռները կոտրի, բա ինձ թողաց, նրան տարա՞վ...

Էշը, դատարկ կողովները մեջքին, իջնում էր վայրէջքով: Պառավը, — բոբիկ, ոտքի կաշին ճաքճքաւծ, կոշտացած, — տնքալով էշն էր քշում և շարունակում թոնթորալ ինքն իրեն: Նա իր Վանու գերեզմանի տեղն էլ չգիտեր, չէր տեսել ու միշտ միտք էր անում, թե ինչու է ապրում դեռ:

* * *

Գյուղամիջում, կալի քարերին, նստոտել են գյուղացիք: Խոսակցությունը դադարում է, երբ մոտենում եմ նրանց: Մեկը նրանցից մոտենում է, ձեռք տալիս: Նախագահն է:

— Գնանք, մի քիչ հանգստացի, — ասում է, ուղեկցում դեպի տուն:

Ծխից սևացած պատերի վրա գույնզգույն պլակատներ, լրագրի պատկերազարդ հավելվածներ, անկյունում սեղանն է, վրան մատյաններ, գրքեր:

— Կանցելար չունենք, մեր տանն եմ պահում դավթարները, — ասում է և պատուհանից ձեն տալիս գզիրին, որ իմաց տա, թե ժողով է լինելու:

Հարցնում եմ գյուղից:

— Գյուղ ա էլի, կառավարում ենք...Մի քիչ դժվար ա, շտրաֆի իրավունք չկա, դե թակել չի կարելի, մի քիչ դժվար ա...

Եթե մեկը մյուսից մի խուրձ է գողանում կամ արտն է անարդար վարում, տուժողը գանգատվում է, և խորհուրդը եթե չի կարողանում տուժողին բավարարել, ելքի միակ ճանապարհը դեպի ժողդատարան է տանում: Իսկ այդ կապված է ծախքի հետ, գնալու գալու հետ:

Զրույցի վրա ներս է մտնում մի երեխա, քիթ մռութը մրոտ, փափախի փոստը ծակ:

— Անդրի դայի, մեր չալ հավը էն ա Շաբանենց գոմում դուսաղ. տալիս չեն...

Լավ, Մաթին (գզիրը) կը գա, կուղարկեմ: — Երեխան հեռանում է, իսկ նախագահը, որ տրեխների քանդած թելն էր կապում, դարձավ ինձ, թե՝

— Աչքը հենց քյասիբի հավին է տեսնում, անխիղճ...

Եվ կուշտ հայհոյեց, դինջացավ:

— Բա մի ուժդ չլինի երեք օրով նրան գոմում նստեցնես...

Ներս է մտնում մի ուրիշ գյուղացի, սպիտակամազ, երբեմնի «ախսախկալ».

— Ընկեր, ախր մի գանգատ ունեմ...

— Զո՜ւր ա, զուր գանգատդ, — ասում է նրան գյուղխորհրդի նախագահը:

— Հա, հենց դու մի գլուխ զուր ասի. տեսնենք ընկերն ինչ ա խորհուրդ տեսնում...

Հին վեճ է. մինչև այժմ տասն անգամ գանգատ տված կը լինի հողբաժին, խորհրդին: Մերժել են, բայց այդ մտքի հետ չի հաշտվում:

— Ոնց թե, բա ես հալալ դատած փող եմ տվել ժամանակին:

Հողի վեճ է. տասնյակ տարիներ առաջ հող է գնել հարևանից, նոր հողաբաժանման ժամանակ հաշվի չեն առել պայմանագիրը՝ հին, խունացած, պատռոտած:

«Միամտության թուղթ հորինեցավ 1888 ամին...», այսպես է սկսվում պայմանագիրը. «ութ մանեթ թղթադրամով» մի դեսյատին հող է գնել, պայման կապել, հիմա հողաբաժանման ժամանակ հաշվի չեն առնում:

— Զուր ա գանգատդ, ապեր, քեզ նոր հող կը տան, — ասում եմ. իսկ նա աչքերը չռած նայում է ինձ, շրթունքները շարժում: Հենվել է փայտին, դողում է ձեռքը, դողում է ձեռքին պահած «թուղթը միամտության»:

Բացատրում եմ, թե ինչու է գանգատը զուր: Լսեց, կանգնեց մի քիչ, հեռացավ անխոս: Իմ խոսքս էլ էր իզուր նրա համար:

— Եկող տարի էլի էդ թուղթը պիտի նշանց տա...Ռամիկ ժողովուրդ ա: Բայց ջահել դասակարգը շրջված ա...

Նոր սերունդը սովորելու ծարավ է, ժողովներին միշտ գալիս է, ավելի աչքաբաց է, նորին հարմարվող:

— Քեզ օրինակ ասեմ այ հենց մեր Մաթին, գզիրը:

Մաթին զորակոչի է ենթարկվել, ազատել են. Մաթին բողոքել է, չեն լսել: Եվ մտքում մեխել է ամուր՝ փախչել բանակ, կամավոր գնալ:

— Ճանապարհից ենք ետ տվել: Բայց միտքն էլի ծուռ ա: Ուշքը էն ա Կարմիր բանակում:

Գնում ենք ժողովի: Ցեխ է փողոցներում, խրվում ենք ցեխի մեջ, աշխատում չոր տեղով գնալ:

— Ընկեր, բա ծմակի (անտառի) մասին...Գազեթում գրված էր, որ թույլ են տալու: Մեր ժողովուրդը դրա մասին շատ ա հետաքրքիր:

Ասում է և ճարպիկ ոստյունով մի քարից մյուսի վրա ցատկում:

Եվ ժողովին էլ անտառն է խոսակցության առարկան. լրագրում գրված է, կարդացել են, ուրախացել, բայց անտառապահը առաջվա պես խիստ է, ասում է, որ հրաման դեռ չի ստացել:

Մի ուրիշ գանգատ: Կոոպերատիվ ունեն, բայց փող չկա ապրանք գնելու: Մթերք՝ ինչքան ասես, բայց կոոպերատիվը դրամով է առուտուր անում, մթերք չի վերցնում՝ յուղ, պանիր, ցորեն: Տեղում պահանջ չկա, ամեն մարդ էլ իր պաշարն ունի, իսկ ավելցուկը սպառելու տեղ չկա:

— Եթե ցորենն ընդունեն, սաղ գյուղով կոոպերատիվի անդամ կգրվենք:

Կոոպերատիվն էլ ընդունած մթերքում վնաս է արել: Ցորնի գներն իջել են, ձեռնտու չի համարում մթերք հավաքել:

— Մինչև քաղաք տանեմ, փութին տասը կոպեկ քրեհ եմ տալու, բա մեր օգուտը ինչո՞ւմն ա, — վիճում է վարչության՝ նախագահը նրանց հետ, որոնք մթերք են առաջարկում:

— Լավ, դու բյազը կապերատիրում ցից ես արել, իմ ցորենն էլ չես առնում: Բա ես ի՞նչ անեմ, բյազիդ նայեմ, կշտանա՞մ...

Վեճը երկար է տևում: Վերջում համաձայնության են գալիս մթերքը հանձնել քաղաքում, շուկայի գնով:

— Ծմակի հարցն էլ որ էսպես վերջանար, մեր փափախը ծուռ կը դնեինք...

Տուրքի մասին են խոսում: Դժգոհ չեն: Շատերը հարկաթերթ ստանալուց երկմտել են, դիմել խորհրդին, թե ինչու է քիչ, գուցե սխալ լինի: Ստուգել են, տեսել, որ սխալ չի, այդքան էլ պիտի լիներ: Եվ քեֆ ու զուռնով են տուրքերը գանձում, շատերը միանգամից են մտցնում:

* * *

— Գնանք դպրոցը տեսնելու, — առաջարկում է ընկեր Անդրին:

Գյուղում հերու դպրոց չկար, հիմա հարյուր աշակերտ ունեն, տեղ չկա: Մեկը աչքացավոտ, մի հին, կեղտոտ գոգնոց է փաթաթել փափախին, աչքերը ծածկել, — հնամաշ չուխով մի գյուղացի կանգնել է դպրոցի դռան առաջ:

— Վե կալ, վարժապետ, մեղք ա, սրան էլ վե կալ, — խնդրում է, չորս տակ ծալած մի թուղթ ուղղելով ուսուցչին: Հոր մոտ կանգնել է որդին, բոբիկ, պորտը բաց: Փսլինք է քթի տակ, տղան սրբում է թևով և վայր սլլող շալվարը ձգում:

— Տեղ չկա, Հաբուդ ապեր: Երկուսին ընդունել եմ ձեր տնից, էլ տեղ չկա, նստարան չկա...

— Վնաս չունի, թող կանգնի, Հո չի մեռնի...

Էլի է խնդրում, դիմումը զոռով ուսուցչի ձեռքին դնում և հեռանում: Որդին մնում է: Եվ հեռվից Հաբուդ ապերը նորից է կանչում:

— Վե կալ վարժապետ, քե մատաղ...

Ուսուցիչը շիվար է:

— Ընդունեմ, տեսնում եք տեղ չկա, չընդունեմ, լսեցի՞ք ինչ ասեց Հաբուդ ամին:

Դիմումն եմ կարդում, ուղղած «ուսումնարանի տեսուչին»: Հարուդ ամին է խնդրում որդուն ընդունեն, «որ ինձ նման չմնա անկիրթ»:

Դպրոցը երկու սենյակից է. մի հին, կիսավեր տուն, նեղլիկ պատուհաններով: Մի կերպ հարմարեցրել են, սվաղել, ապակու տեղ թուղթ փակցրել պատուհաններին: Նստարան դեռ չունեն, երկար տախտակներ են, քարերի վրա շարքով դարսած:

— Էս հեչ, — ասում է մի գյուղացի, — եկող տարի նոր դպրոց ենք շինելու:

Գնում ենք նոր դպրոցի տեղր նայելու: Քար ու ավազ են բերել, քարերը պայթեցրել, տեղը հարթել: Անտառում հարյուր գերան ունեն, կլպած, տաշած: Դպրոցի տեղը մի քիչ հեռու է գյուղից:

— Ոչինչ, ժամանակով իլիստրիկի ճրագ էլ կը բերենք, ճանապարհին ֆանարներ կը կախենք, լույս կը լինի...

Տուն ենք դառնում: Մթնում է, դրսում՝ դուման է սարերում, խոնավություն է կաթում սարերից, ցուրտ է, փողոցներում՝ ցեխ:

Շարվում ենք շուրջը թեժ թոնրի: Կրակը ճարճատյունով լափում է գերանները չոր, հրի լեզուները թռնում են վեր, կայծերը մի պահ սենյակի կիսամութն են լուսավորում, որպես «իլիստրիիկի» ճրագներ...