Լուսաբացին նա բարձրացավ կախաղան…
Արտաքին տեսք
«ՓՇԵ ՊՍԱԿ» ԳՐՔԻՑ
Свой подвиг ты свершила прежде тела,
Безумная душа! Е. Баратынский
Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՛գ, օ, արշալույս արյունո՜տ),
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ…
Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
(Սիրտը նրան շշնջում էր`' անիծի՜ր),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Կայծկլտացին ճաճանչները ցան ու ցիր…
Մըռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդյոք հիշեց նա իր մո՞րը սգավո՜ր),
Գունատվում էր մութ գիշերը, և ուրախ
Արեգակն էր ոսկեզօծում սար ու ձոր…
Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՜գ, օ, արշալույս արյունո՜տ),
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ…