Ողջույն քեզ, տանջանք, ահեղ հիացումն…
Արտաքին տեսք
* * *
Ողջույն քեզ, տանջանք, ահեղ հիացում,
Գրկիր իմ սիրտը, քեզ օրհնում եմ ես,
Մանուկ օրերից իմ դուռն ես ծեծում,
Եվ հոժար հոգիս ընդունում է քեզ…
Փռեցեք այստեղ մարմինըս հլու,
Խաչեցեք նորից իմ խոցված հոգին,
Սիրտըս բացված է անանց սիրելու
Եվ տառապելու կրկին ու կրկին…
Ո՜վ գերագույն փառք, վերջին հիացմունք,
Արյունից սիրտըս քո համբույրներում։
Թափվեք, իմ երգեր, արցունք առ արցունք
Այնտեղ, ուր մարդկանց տանջանքն է լռում…