Ո՜հ, լուսին, լուսին, արդեն քանի՛ դար
Դու երկնքումը փայլում ես պայծառ,
Բայց ո՛րքան ստեպ լուսավորում ես
Ուրախ դեմքի տեղ մի տխուր երես։ 5
Քեզ խոր տխրությամբ չէ սպասում նա,
Որ չէր ստացել բաղդից մի հարված,
Որ գոհ յուր օրից հասած գիշերին,
Աղոթք է առնում վերև առ աստված։
Այլ քո ծագելուց մինչև մտանելդ 10
Աչքը քեզանից չէ հեռացնում նա,
Որի կորուստքը անչափ են կյանքում,
Որ արտասվում է յուր բաղդի վերա։
Ո՛հ, պայծառ լուսին, դու պայծառ լուսին,
Վկա չես միայն լոկ արտասուքի. 15
Դու ո՛րքան հաճախ քո խավար գահից
Տեսող ես լինում լուռ զարհուրանքի։
Քո ճառագայթով ո՛րքան փայլել է
Պողպատյա սուրը ծխված արյունում...
Թե հնար լիներ քեզ այդ րոպեին, 20
Խավարվիլ իսկույն գիշերի մթնում,
Լցվիլ արյունով, և այդ նշանով
Դողդոջուն աչքին այդ մարդասպանի
Երևել դարձյալ կապույտ երկնքում։
Թո՛ղ գեթ իմանար այդ չարագործը, 25
Որ կա մի վկա և խավար գործքի,
Որ երկնքիցը նորան նայում է
Մի դատապարտող խիստ, անմերժելի։
Բայց այս երազ է... ո՛վ գիտե, գուցե այս երեկոյիս
Դարձյալ կըթափվի մի մարդու արյուն. 30
Բայց նույնպես պայծառ, դու նույն սառնությամբ
Կըլուսավորես արյուն ու սուրը,
Եվ սպանվածին և մարդասպանին
Քո լուսից կըտաս հավասար բաժին: