Լվացարարուհին
Նավակայքին դիմացը, տանիքը՝ փողոցին պատին ուղղությամբը վերջացող խցիկի մը մեջ կը լվար Սուրբիկ աղտոտ, սևցած լաթերը զորս շաբաթը երկու անգամ կը ժողվեր՝ ընտանեզուրկ նավավարներե, ձկնորսներե, մոտակա փուռին գործավորներեն, գիշերները անկյունի խահվեն պառկող գավառացի պտղավաճառներն ու նավակայքին վրայի նեղ խուցերուն մեջ բնակող նավավարներեն։ Չարաչար կաշխատեր խեղճ աղջիկը մինչև իրիկուն թակույկին վրա կորաքամակ, թևերը մինչև արմունկները սոտթած, թնճուկ մազերը, որք թերևս սանտր բնավ տեսած չէին, ճակտեն մինչև ուսերուն վրա խռիվ խռիվ, ցիրուցան, շապիկին ճեղքեն ցուցնելով նիհար՝ կրակին տաքությունեն պղնձագույն դարձած լանջը, որ տխուր հևքով մը շարունակ կելներ կիջներ։ Ձեռքի տենդոտ շարժումներով կը ծեծեր, կաճըռեր լաթերը, անոնց աղտը հանելու մոլեգնությամբ մը համակված։ Միս մինակ կապրեր Սուրբիկ, հայրը մեռած ըլլալուն և մայրն ալ, հակառակ աղջկանը կամքին, նորեն ամուսնացած ըլլալուն՝ նավամատույցին վրա բիլավ ծախողի մը հետ։
Սուրբիկ առեր քալեր էր մորը տունեն ու երկու երեք օր ասդին անդին անոթի պտտելեն ետքը այդ խցիկին մեջ մտած էր և քիչ ատենեն բավական հաճախորդ ձեռք էր ձգած։
Աղտոտության հաղթելու այդ գործողության մեջ սփոփանքի և զբոսանքի պես բան մը կը գտներ մանկամարդ լվացարարուհին, թակույկին մեջ լեցվող աճառին սպիտակ փրփուրները հաճոյական տեսք մը կը ընծայեին իր սևուկ աղվոր աչվըներուն, զորս հոսնական ակնարկով կր դիտեին իր կոշտ հաճախորդները։ Սուրբիկ մինչև մութը կը լվար, և հետո, պարտեզին մեջ լարած հին փտտուկ չվաններուն վրա կը փռեր շապիկներն ու թաշկինակներո։ Գործը բոլորովին ավարտելե ետքը շտապով կուտեր կը լմնցներ ունեցած ուտեստը, անկողինը կը փռեր մահճակալի ձևով շինված տեղի մը վրա ու կը պառկեր՝ շատ անգամ իր լաթերը երազելով, որք ճեպ ճերմակ կըլլային և հաճախորդները կը գովեին իր լվացարարական ճարտարությունը։
Հաջորդ օրը ավելի եռանդով կաշխատեր, լաթերը ավելի սաստկությամբ կր ճզմեր կը ճմռթկեր իր փրփրցուցած կարմիր մատներուն մեջ, և զմայլումի ու գոհունակության եզական հառաչանք մը կարձակեր, երբ զանոնք քով քովի փռելեն ետքը՝ անճառ ակնարկ մը նետեր անոնց վրա։
Առանձնությունն ու թշվառությունը բնավ տաղտուկ և հուսահատություն չէին պատճառեր Սուրբիկին, ընդհակառակը չափազանց գոհ էր իր վիճակեն, իր թակույկեն, հնոցեն ու եփոցեն զատ ամեն բանի կասկածելի աչքով կը նայեր և բնավ մեկուն հետ բարեկամությամբ չէր տեսնվեր։
Բայց օր մը, երբ, նավակայքին վրայի խուցը բնակող ծեր նավավարի մր ճերմակեղենները տարավ, երիտասարդ մր նշմարեց, որ կարճ փոթուռմը հագած, ոտվըները բոբիկ, հուժկու կուրծքը գետինը փռած կը քնանար։ Սուրբիկ անտարբեր աչքով մը դիտեց այդ կայտառ մարմինը ու հարցուր նավավարին թե ո՞վ է անիկա։
— Թորոսին խայըխովը պալըխճություն կընե կոր, պատասխանեց ծերունին, տահա նոր է, ամա... ասված հեռու ընե։
— Անունը ի՞նչ է։
— Հուսեփ։
— Լաթերը որի՞ կուտա կոր։
— Նայինք, ըսեմ տե քեղի տա։ Սուրբիկ տնակը դարձավ, թակույկին առջևն անցավ, սկսավ բիրտ շարժումներով չաչրկել լաթերը և օճառն այնքան ուժգին քսել որ փրփուրի ահագին կույտով լեցավ ամանը։ Գիշերը է պառկած ատենը, ակռաներուն մեջեն Սուրբիկ կամացուկ մը փսրտաց
— Հուսեփին լաթերն ալ ես պիտի վլամ։
Այն գիշերը երազեց թե Հուսեփին լաթերը կը լվար և անանկ կը ճերմկցներ որուն նման մինչև այն ատեն ոչ մեկան լաթը ճերմկցուցած չէր։
Առտուն կանուխ արթնցավ և լվացքի կարգադրությունները ընելե ետք նավակայքը վազեց։ Հուսեփ նոր ելած էր և ծովին ջուրովը երեսն ու կուրծքը կը լվար։ Լվացարարուհին երկչոտ քայլերով ներս մտավ և աչք ըրավ ծերունի նավավարին որ լվացքի մասին խոսի երիտասարդ ձկնորսի հետ։
Ծերունին ըսավ․
— Ծո՛, Հուսեփ, աղտոտներդ ասկե ետքը ասոր տուր, հեմ աղեկ, հեմ աժան կը վլա։
Երիտասարդը իր շապկին ծայրովը սրբվելով հանդերձ, Սուրբիկը դիտեց, անոր թուխ աչվըներուն մեջ մխրճեց իր կրակոտ նայվածքը, ու թեթև ժպիտով մը ցուցնելով իր ճերմակ ակռաները ըսավ․
— Բեք աղեկ, վաղը առտու եկու տե առ։
Սուրբիկ լվացարանը դարձավ ուրախ զվարթ․ այն օրը մինչև իրիկուն երգ մը մրմռալով լվաց լաթերը, սովորականէն ավելի աշխուժով ու հոգածությամբ մաքրեց զանոնք, փրփուրը ավելի շատ և ավելի թանձր հանելով։
Հաջորդ առտուն մութնուլուսուն նավակայքին խուցը վազեց Սուրբիկ, ճակտին վրայի խառնիխուռն մազերը կրցածին լափ շտկած, շապկին կուրծքը ամոթխածությամբ գոցած։
Հուսեփ հին ուռկաններ կարկտելու զբաղած էր, երբ աղջկան ներս մտնելը տեսավ, ուրախության շողյուն մը փայլեցավ աչվըներուն մեջ։
― Հա՛, էկա՞ր, ըսավ ուռկանները մեկդի ընելով և ծրար մը առնելով զոր կարկառեց Սուրբիկին։
― Երկու շապիկ, չորս չորապ կա մեջը, ավելցուց․ աման աղեկ վլա, աղվոր քուրիկս։ — Հոգդ մըներ, ախպարիկս, ամեն նա կիտեն քի էս մեկ հատիկ վլացող եմ․ հեմ քուկիններդ տահա աղվոր…
—Իրա՞վ, հարցուց երիտասարդ ձկնորսը՝ անուշ նայվածք մը սևեռելով լվացարարուհիին դեմքին վրա։
Եվ, իրավ, Սուրբիկ, Հուսեփին լաթերը մասնավոր խնամքով լվաց․ նախ եփոցին մեջ աղեկ մը եփեց, հետո երեք անգամ լվաց, այն աստիճան հոգածությամբ որ ձյունի ճերմկություն ստացան շապիկները։ Ցերեկվան արևին փռեց զանոնք, չորալեն ետքը ծալեց ու գուրգուրանքով առավ ձկնորսին տարավ։
Բերնին ջուրերը վազելով դիտեց Հուսեփ՝ երկար ատենե ի վեր լվացք չը տեսած իր շապիկները, և սա գովասականն արձակեց․
—Է՛յ աֆերիմ Սուրբիկ, խըյախ վլացեր ես, քանի՞ փարա պիտի տամ։
Մանկամարդ լվացարուհին ձկնորսին մոտեցեր էր և չլսվելու համար ծեր նավավարեն որ քիչ մը անդին անկողնին մեջ մրափելով կը քնանար, ըսավ ցած ձայնով․
— Ամենուն քառսուն փարայեն վար չըլլար, ամա քենե քսան փարա կառնեմ։
Ձկնորսը թեթև մը կարմրեցավ, ձեռքը գրպանը խոթեց և երկու տասնոց դնելեն ետքը Սուրբիկին ձերքը, երրորդ մըն ալ տվավ ասելով։
— Աս ալ եմիշ առ տե կե՛ր։
Սուրբիկ գրեթե ցատկռտելով մտավ իր խցիկեն ներս․ կրակը կը ճարճատեր, ջուրը կեռար թիթեղե ամանին մեջ, աղտոտ լաթերը դիզված կը կենային թակույկին մեկ կողմը։
Սակայն, այդ օրը, Սուրբիկ փոխանակ ուրախ ըլլլալու, լուրջ և տխուր կերպարանք մը ունեցավ․ ծանր ծանր, խորին մտածությամբ համակ՝ լվաց լաթերը բայց ցերեկին, միտքն իյնալով Հուսեփին տված տասնոցը, դուրս ելավ, խաղող գնեց այն նախկին զվարթությունն ստացած էր։
Չորս օր ետքը նորեն նավակայք գնաց մանկամարդ լվացարարուհին, ուզեց ձկնորսին աղտոտներն, ու այս անգամ անկից զատվեցավ ավելի մտերմացած անոր հետ։ Երբ երրորդ անգամուն, առտուն կանուխ, եր սովորական այցը տվավ Սուրբիկ, ձկնորսը ստիպեց զայն որ քիչ մը ավելի նստի և խոսակցին։ Խոսակցեցան. մեկը իր լվացարարությունը գովեց, մյուսն իր ծովային կյանքին վայելքները պարզեց: Երկուքն այ իրարու արհեստին հավնեցան, և այս անգամ իրարմե բաժնվեցան ձեռքի ուժեղ սեղմումով մը և անուշ նայվածքներու գորովալի գիրկընդխառնումով։
Սուրբիկին վտիտ այտերը լեցունություն մը կը ստանային, կենդանություն մը կը փթթեր անոր ամբողջ մարմնին մեջ, որմե հետե կը տեսնվեր Հուսեփին հետ։
Առտու մը, Սուրբիկ, լաթերը առնելե ետք, կամաց մը ըսավ Հուսեփին.
- Ախպարի՛կ, քու լաթերուդ համար ա՛լ ստակ մի տար, ամա իրիճա մը ունիմ, դուն ալ ինծի զատկին ֆիստան մը կը շինե՞ս։
Զատկին շրջազգեստը շինվեցավ, և Սուրբիկ անօրինակ պերևեթումով հագավ զայն ու պտտեցավ։ Կյանքին մեջ հեք թշվառ աղջիկն այնքան ուրախ, այնքան երջանիկ չէր եղած։
Իրենց առավոտյան տեսակցություններն հետզհետէ այնքան երկարեցան և իրենց ձայնն այնքան մեղմացավ որ՝ հոն պառկող ծերունի նավավարը քիթը բերանը սկսավ ծռմռել ու մռլտալ։
Վերջապես օր մը Հուսեփ փսրտաց Սուրբիկին ականջին.
— Ինձի կառնե՞ս, Սուրբիկ։
— Կառնեմ, ըսավ լվացարարուհին կարմրելով։
Առտու մը, Սուրբիկ նավակայք գնաց Հուսեփին աղտոտ լաթերը առնելու համար. ծեր նավավարը անդին կը խռկար. խեղճ աղջիկը զարմանքով տեսավ թե ձկնորսը իր ծիծաղկոտ դեմքով չէր երևար իրեն. միայն ուշադրություն ընելով դիտեց, որ անկողինը ուռեցած էր. կամաց մը մոտեցավ, վեր առավ վերմակը, և ահագին կոծ մը արձակեց. ծեր նավավարը վեր ցատկեց։ Սուրբիկ անկողնին սնարին վերևը, Հուսեփին անշարժ մարմնին մոտ կեցած կուլար։ Նավավարը ըսավ երերկտալով․
— Զավալլը Հուսեփը, հը՛մ, երեկ գիշեր աղը նետած ատեն ծովը ինկեր է, մինչև քի ազատեր են նե, խեղդվեր է. յա՜, աս զենաաթին սոնը աս է, հատե՛ մի՛ լար, դուն ալ մեխկ էս։
Ու վերմակը գլխուն քաշելով սկսավ քնանալ։
Հեք Սուրբիկ, կես ժամ անընդհատ լացավ ծովամույնին սնարին վերևը, ցած հեծկլտուքներով։
Հետո ծռեցավ. կամաց մը համբուրեց Հուսեփին սառ շուրթերը, որոնք տժգունած էին, առավ սենյակին անկյունեն ծրար մը, ուր կը գտնվեին խեղճ ձկնորսին առջի օրը պատռտած աղտոտները, դուրս ելավ, խցիկը գնաց, ջրալից թակույկին առջև անցավ, և սկսավ լվալ, կատաղի շարժումներով, մատներովը մոլեգնորեն պատռտելով շապիկը, ծվիկ ծվիկ ընելով, կտորներ քաշելով հանելով երբեմն, օճառի փրփուրներուն, ջրի ցայտերուն մեջ, որք դուրս կը թափեին թակույկեն։
Հետո ժողվեց այդ բզկտած լաթերը, պարտեզ տարավ, չվաններուն վրա փռեց, արևին մեջ, և ինքն ալ անոնց դիմացը նստավ։
Հեք լվացարարուհին, մերթ խնդաց, մերթ լացավ, մերթ հեծեծեց, մերթ քրքջեց։