Jump to content

Գող (Երուխան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՈՂԸ

Ծովին եզերքեն քիչ մը ասդին կը գտնվեր տնակներու դես ու դեն կքած, ծռմռկած շարքը, որուն մեջ կը բնակեին ձկնորսի ընտանիքներ։ Այդ շարքեն անջատ, տասը կանգունի չափ հեռուն, ծովեն դուրս ցցված ժայռի մը կը կրթներ Հաճի Թումայի անշուք տնակն ալ, որուն կը հասնեին երբեմն ալիքներն, երբ ուժգին հով մը տակն ու վրա ըներ ծովը։ Բայց հոզ չէր, Թումա՝ վաթսուն տարեկան ուղղաբերձ և կորովի ծերուկ մը, մեծ հրճվանքով ու անբացատրելի հաճույքով մտիկ կըներ կատաղի երաժշտությունը ալեկոծ ծովին, հովին ահարկու պայթումները, ու մոլեդին կոհակներուն կործանումներն ու մեծաժխոր փշրումները իր տընակին ետևի ժայռին դեմ։

Կույր էր հեք Հաճի Թուման․ հիսուն տարեկան եղած ատենը աչքերն սկսած էին աղոտանալ, բիբին տեսողական ուժը մեկեն ի մեկ տկարացեր էր և օրին մեկն ալ, այդ աստիճանական շիջումին հաջորդել էր ամբողջական կուրությունը։ Բայց այդ ալ հոգ չէր։ Հաճի Թումա, այնքան գերազանցապես գիտակ էր ծովին ու ծովեզերքին ամեն ծակուծուկերուն, որքան մրջյունն իր ստորերկրյա բնակարանին հազար ու մեկ մասերուն․ բնավ չէր զիջած հրաժարիլ իր սիրած ու պաշտած արհեստեն, հայրն իրեն ուրիշ բան չէր կտակած եթե ոչ ձկնորսություն, Հաճի Թումա պիտի շարունակեր զայն, կույր ալ հիվանդ ալ ըլլար, մինչև որ մեռներ։ Բայց իր ընտանեկան կյանքը տռամներով լեցված էր։ Երեք մանչ զավակներ ունեցած էր, որոնց ամենքն ալ ուզած էր իր արհեստին հեշտին տաժանքներուն ու վտանգներուն մեջ մեծ ցնել, ամենն ալ ձկնորս էր ըրած, այլ, ավաղ, ամենքն ալ թեև իրեն պես խիզախած էին հեղուկ տարրին դեմ, բայց այս վերջինը տարած էր հաղթանակը իր վհանման կլափին մեջ ընկլուզելով զանոնք։ Իսկուհի տուտուն մազերը փետտեր ու անէծքներ թափեր էր էրկանը գլխուն, որ այդպես ճղակտոր կը հաներ իր «կյուզելիմ» զավակները, և գիշեր ցերեկ կը հանդիմաներ Թուման։

― Զավակներուս էճելը մտար, խըյանեթ մա՛րդ, կը պոռար անոր երեսին, քա պաշխա զենաաթ չիկա՞ քի աս զուլում զենաթին կուտաս կոր անոնք։

— Կնի՜կ, քուկին խելքդ չի հասնիր, կը պատասխաներ Հաճի Թումա՝ անտարբեր կերպով կարգադրելով իր ձկնորսի սարուածները, անոնց ալ ճակատը անանկ կրվեր է… հեմ, կնի՛կ, ինծի անանկ տույ կըլա կոր քի մեր զավակները բիդին ծովը պիտի խըղդվփն։

Եվ ծովն ուր կորած էին իր զավակները, իր ամենօրյա զբոսավայրն էր գրեթե։ Ահարկու լուղորդ մըն էր Հաճի Թումա, իր ջլապինդ բազուլներով՝ շատ անգամ փոթորկի ատեն իսկ ալիքներուն հետ կը մաքառեր, ծովին խորքերը կը մխրճեր և ձուկերն իրենց բույներուն մեջ հանկարծակիի կը բերեր։

Իսկուհի տուտուն մխիթարվեցավ սակայն՝ չորորդ զավակի մըն ալ տեր ըլլալով. բայց հակառակ իր անդուլ անդադար աղոթքներուն, փոխանակ աղջկան, նորեն կունտուկլոր մանչ մը աշխարհ եկավ։

Հաճի Թումայի ալքերը շողացին ու ժպիտ մը սահեցավ թանձր շուրթերուն վրայեն, երբ տեսավ նորածնին համեմատաբար կորովի ու առնական շինվածքը։ Ամեհի ձկնորսին սիրտը տակաւվին չէր վհատած ու կակուղցած՝ իր անդառնալի կորուստ֊ ներեն. և հանձին այդ մանկան, կընդնշմարեր քաջ ու պնդակազմ ձկնորս մը, որ փոթորիկները կարհամարհե, և ծովուն ալիքները կը թափանցե։

Բայց կինն ըսած էր իրեն.

— Ինծի նայե հա՛, էյեր աս ալ պալըխճի ընելու էլլաս նե՝ կլոխս կառնեմ կերթամ չոճուխիս հետ: — Խենդ եմ զեհեր, պատասխանած էր Թումա՝ ձայնին մեջ հեգնական թեթև երանգով մը։

Սերոբ տասնչորս տարու էր երբ Հա՛ճի Թումային աչվըներըն սկսած էին տկարանալ։ Հեք բարի մարդը գիշերներով խսրհած էր սա կարևոր խնդրին վրա թե՝ իր չորրորդ զավակն ալ Հծով հանե՞»։ Չէր հաջողված իր կինն համոզել. և վերջապես որդիական գորովն ալ այս անգամ վարանումի մեջ կը թողուր զինքը։ Գիշեր մը Իսկուհի տուտուն էրկանը ոտվըներուն ինկեր ու արյուն արցունք թափելով խնդրեր էր որ խնայե Սերոբին։

Եվ խնայեր էր Թումա։

Բեք աղեկ ամա, պալըխճիությունեն աղեկ ի՞նչ զենաթի տանք, հարցուցած Էր կնկանը։

- Տեմիրճության տուր։

Սերոբ երկաթագործի քով սկսած Էր երթալ, երբ տասնըչորս տարու Էր և երբ Հաճի Թումայի աչՎըները հավետ զրկված Էին ծովին հաճոյալի տեսքը դիտելե և իր բռնած ձուկերուն հանգամանքները զննելե։

Դժբախտությունը սա էր որ Սերոբ, իր հոր ձկնորսական արյունը ժառանգած էր, իր պզտիկ տարիքեն կր սիրեր ծով մտնել, լողալ, ձուկ որսալ․ բայց մորն ընդդիմության առջև տեղի տված էր և ակամա մտած էր երկաթագործության արհեստին մեջ։ Այնուհանդերձ բնավ առիթը չէր փախցներ, երբ պարապ ժամանակ ունենար։ Ամառը, գիշերներն ուշ ատեն տուն դառնալով, կը՝ հանվեր ու երկարորեն կը լոգնար ծովին մեջ, ե հորը պես քաջ լուղորդ մը եղած Էր։

Հիմակ, Հաճի Թումա ալ առջի պես չէր կրնար խիզախել ծովին դեմ․ բայց նորեն չէր ուզած բաժնվիլ տնկից։ Բնականաբար չէր կրնար կանոնավոր ձկնորսություն ընել․ չէր կրնար ուռկաննորը կարկտել, կարթերը պատրաստել, և ձկնորսական ուրիշ կարգադրություններ ընել։ կափսոսար իր աղետալի որոշումին վրա․ եթե Սերոբն երկաթագործ․չըլլար, պիտի օգներ իրեն ու դյուրացներ իր կրած դժվարությունները։ Երբեմն այքան կը դառնանար որ խիստ կշտամբանքներ կուղղեր կնկանր։

— Կնի՛կ, կը պոռար, էյեր Սերոբը պալըխճի ըլլար նե իմ աչքերս ասանկ չէին ըլլար. տերտես քեորցա։

Ու ցավոտ ականողիքներուն մեջ տխուր կերպով կերերցնեը իր պտղած սպիտակուցները։

Արցունք մըն ալ կը գլորեր արևակեզ այտերեն վար։

Բայց ինչպես ըսի, չէր կրնար իր սիրելի տաշտեն հեռի ապրիլ Հաճի Թումա. ուռկանով ու կարթով որսալու անկարելիության առաջքն առած էր ուրիշ միջոցով մը։ Մեկ քանի խոշոր սափոր գնել դնել տված էր Սերոբին, և զանոնք զետեղած էր չորս հինգ կանգուն հեռուն, ծովին հատակը։ Ձուկերն, որք միշտ խորշեր ու ծակեր փնտռելու հետամուտ են, կը մտնեին այդ սափորներուն մեջ ու հոն կը հաստատէին իրենց բնակությունը։ Հաջորդ օրվան գիշեր. Հաճի Թումա, որ ծովին այդ մասը հրաշալի կերպով կը ճանչնար, կը հանվեր, կը հագներ իր մոմազօծ դեղնագույն լողազգեստը, ջուրր կը մտներ ու անձայն անշշուկ կը սուգեր ծովին տակը, կառներ սափորներն, ու կը տաներ զանոնք, ձուկերով լեցված, պատերազմեն հարուստ ավարով ետ դարձող հին զորավարի մը հոխորտանքով։ Այսլափն ալ մեծ մխիթարանք ու բարքական սփոփանք էր կույր ձկնորսին համար։


Իսկուհի տուտուն երբեմն կը փորձեր ետ կեցնել գալն այդ գործեն։

— Մար՛դս, կրսեր, ա՛լ ըռհաթ ըրե, օր մը խազա պիտի պերես կլխուդ, իշտե տղադ տահա տասնվեց տարու է ամա ապրեցնելու խտար քեզի կը կշտացնէ կոր։

− Չըլլար, կնի՛կ, չըլլար, կը պատասխաներ Թումա, տուն չիյտես, չես հասկնար, մինչև քի մեռնիմ նե ծովը չը խալըսիր ծառքես, պեոճեքս չէ մեռեր։

Ու կը շարունակեր իր ձկնկուլ սափորը ծովին հատակը իջեցնել ամեն օր, ու գիշեր, ուշ ատեն վերցնել, միշտ ձկնառատ:

Բայց գիշեր մը, երբ Թումա նորեն ծովին հատակեն տուն բերավ սափորները, ձուկի հետքն անգամ չը դտավ անոնց մեջը. զարմացավ ապշեցավ։ — Թոհա՜ֆ պան, մրմռաց, ա՞ս ինչ ըսել է, պալըխնեըը սրդողեցա՞ն ինծի։

Նորեն ծովին տակն իջեթուց զանոնք, բայց այս անգամ քիչ մը փոխեց անոնց տեղը։

Երբ հաջորդ գիշերը, որոշյալ ժամուն գնաց սափորնեոր տուն բերավ, ափ ի բերան մնաց երբ ձեռքն անոնց մեջ մխրճեչաթ միայն ջուր գտավ։

Այս անգամ հայհոյեց Հաճի Թումա, բարկությունեն քիչ մընաց գետինը զարներ ջախջախեր անիծյալ պարապ սափորը։

Բայց համբերեց, նորեն իրենց տեղը տարավ դրավ զանոնք, ու տուն դառնալով անկողին մտավ, տենդոտ ու ջղագրգիռ։

Մեծ անհամբերությամբ սպասեց հաջորդ գիշերվան, որ վերջապես հասավ։ Ի՜նչ սրտադողով, ի՜նչ մտահոգություններով պաշարված մտավ ծով հեք կույր ձկնորսը։ Սահեցավ դեպի սափորները, գորովանքով գրկեց զանոնք ու արմուկի հզոր բախումներով եզերք հասավ, տուն մտավ, և առանց ձեռք դիացնեքու անոնց, ըսավ կնկանը

— Ուսկո՛ւկ, սվոնց մեջ տուն նայե։

Իսկուհի տուտուն ձևռքովը շոշափեց սավփորներուն ներսն, ու... դարձյալ ոչինչ։

— Պան չիկա, Թումա, ըսավ վհատյալ ձայնով։

— Վա՛յ...

Եվ այս անգամ արձակած հիշոցը սոսկալի էր։

Հետո, ձայն ձուն չհանեց, աղետալի լռությամբ մը առավ սափորները, տենդոտ քայլերով հեռացավ տունեն և իրենց տեղը դրավ, ծովին տակր։

Բայց տուն մտած պահուն կը մրմռար, աչքը քթթելով.

— Հասկցա, վաղը գիշեր կիտեմ ի՛նչ պիտի ընեմ։ Հաջորդ իրիկունը, մութը կը կոխեր, ու ծովին հանդարտ մակերեսին վրա խավարը թուլորեն կը փռվեր` կապարի հալոց մը երևույթն ընծայելով անոր։

Գերեզմանոցի մը ծանր հանդարտությունը կը տիրեր ծովեզերքին վրա. ծովային քանի մը թռչուններ՝ մտացածին ստվերներու պես` կը հեծեին այդ լռին շրջապատկերին վերևը և ատեն ատեն ձուկ մը կը պատռեր ջուրին գորշագույն պարուտակն ու նեղ կիսաշրջանակ մը գծելով անհետ կոլլար։

Հանկարծ ստվեր մը ցցվեցավ այն ժայռին առջև, որուն ետին կերևի Հաճի Թումային տնակը. հետո կծկվեցավ, ամփոփրվեցավ ժայռին մեկ խորշին մեջ, ու հոն մնար։

Այս ստվերը Հաճի Թուման Էր։

Ամբողջ մարմինն անհետ եղած էր ապառաժին ետևը ու գլուխը միայն կերևեր, ուր ցավագին թավալումով կերերային մղտացած բիրերը։

— Մութլախա իմ ըսածիս պես ըլլալու է, կը մռլտար ակռաներուն մեջեն, խուլ կատաղությամբ. ա՛խ, մեյ մը ծառքս անցնի պիտի խխտեմ։

Ու մութը կիջներ` հետզհետէ ավելի թանձր, ավելի մահաստվեր։

Ժամերով սպասեց Թումա՝ ականջը տնկած, ամենեն պզտիկ շշուկեն` բոլոր մարմնովը դողդողալով։

Հանկարծ ճողփյուն մը լսվեցավ։

Վեր ցցվեցավ Թումա, դուրս ելավ թագստոցեն, և հրաշալի արագությամբ, իր որսին վրա սուրացող արծիվին բիրտ վայրագությամբը, ծովին հատակը խոյացավ։

Հանդարտ ջուրերը մեկեն ի մեկ վրդովեցան, ալեկոծում մը տեղի ունեցավ, ջուրի ցայտերը վեր ժայթքեցին, և հետո, ծովին վրա երևցավ, մութին մեջ, որ երկնքի պլպլուն նշույլներեն քիչ մը կը մեղմանար, հսկա մարմինը Հաճի Թումային, որ, երբ եզերք ելավ մեծաշռինգ հևքով, բան մը բռնած Էր իր կորովի բազուկներուն մեջ։Ուղղակի տնակ գնաց, ներս մտավ և գետինը նետելե ետք գիրկը բռնած մարմինն որ դիակ մըն Էր այլևս.

— Քա՛ կնիկ, պոռաց վայրագ շեշտով մը, սա ջունշանորդիին երեսը նայե վո՞վ Է։

Դիակին գլուխը կանթեղին դարձած Էր և դեմքը որոշակի կերևեր։

Իսկուհի տուտուն, որ կարկտուկ, կըներ, ոտքի ելավ՝ մահամերձի մը պես որ ահարկու ճգնաժամեն դերագույն ոստում մը կընե, վազեր դիակին քով ու լար ու կոծ մըն է փրցուր։

— Վա՛խ որտտիս, վախ Սերոբս...

Ծերունի հսկա ձկնորսը դողդողաց, ձեռքը աչվըներուն տարավ ու պտղած բիրերեն ժայթքող երկու կաթիլ խոշոր արցունքները սրբելե ետք` մրմռաց.

— Ես չըսի՞ քի մեր զավակները ամենն ալ ծովին մեջ պիտի մեռնին։