Jump to content

Խաբար գընաց բըլբուլի մօդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Խաբար գընաց բըլբուլի մօդ. «Վարդըն քու գալուն մընում է

Խաբար գընաց բըլբուլի մօդ. «Վարդըն քու գալուն մընում է,
Ճըղքընիրըն բացրացիլ է, վըրէն շուռ գալուն մընում է.
Առավուտուց զանգակի պէս քաղցըր ձէն տալուն մընում է»:
Բըլբուլն ասաց. «Չիմ կանայ գայ, պուճպուճէս լալուն մընում է»:

Վարդըն ասաց. «Իմ բըլբուլին ալ պուճպուճէն վո՞ւնց կու խաբէ.
Թէ խիլք ունիս, ղա՛րիբ բըլբուլ, է՛լ քու բաղի ճանփէն չա՛փէ:
Քանի գ՚ուզէ քընած տիղըն իր թըշնամին կուռըն կապէ,
Էլի վիրջումըն մէյդանըն Ռօստօմի-Զալուն մընում է»:

.........................................................................................................
Վարդըն ասաց. «Խա՛յին բըլբուլ, նա՛լաթ էդ քու էյթիբարին,
Անցկացաւ ապրիլ, մայիսըն, մէկ օր չըհարցըրիր եարին:
Չէթուղ թէ մուրազին հասնին, տե՛ս ի՞նչ արաւ քավթար ղարին.
Փահրադին քըլունգն ըսպանից, Շիրին՝ խանջալուն մընում է»:

Աշխարհումըս վարդն է էլի բըլբուլնիրու սիրեկանըն.
Բըլբուլի լիզվով իմ ասում՛ «Տէ՜ր, պա՛հէ վարդի նըմանըն»:
Աշխարհումըս քանի սաղ իս, Սայաթ-Նովու գերեզմանըն
Շահ-Աբասի Լալի նըման, շահի՝ վրէն գալուն մընում է:


«Սա մի մուխամբազ է. Սայաթ-Նովէն կարծեց, որ ղաենը պիտի նրա գերեզմանի վրա գա մեծ ժխորով, որպիսի նրան մաս-մաս անի: Հապա ո՞վ կարող էր ուժ բանեցնել: Երևակայեցեք այդպիսի տղամարդու մահը» (Օհանի վրացերեն ծանուցումը՝ Լ. Մելիքսեթ-Բեկի թարգմանությամբ): Միտքն անհասկանալի է (Ի. Ս.):

թարգմանություն
Լուրը գնաց բլբուլի մոտ. «Վարդը քո գալուն է մնում

Լուրը գնաց բլբուլի մոտ. «Վարդը քո գալուն է մնում,
Սաղարթները բարձրացել են, շուրջը շուռ գալուն է մնում,
Վաղորդյան զանգակի նման, քաղցր ձայն տալուն է մնում»:
Բլբուլն ասաց. «Չեմ կարող գալ, կակաչս լալով է մնում»:

Վարդը ասաց. «Իմ բլբուլին ալ կակաչը ո՞նց կխաբի,
Թե խելք ունես, թշվա՛ռ բլբուլ, էլի այգուդ ճամփեն չա՛փի,
Որքան էլ որ քնած տեղը իր թշնամին ձեռքը կապի,
Վերջում դարձյալ մարտադաշտը Ռոստոմի-Զալին է[1] մնում»:

......................................................................................................
Վարդը ասաց. «Ա՛յ նենգ բլբուլ, անե՛ծք անհաստատ քո վարքին,
Անցկացավ ապրիլ, մայիսը, մի օր չհարցրիր յարին:
Չթողեց մուրազին հասնեն, տես ի՞նչ արեց ջադու-ղարին[2].
Ֆահրադին[3] քլունգն սպանեց, Շիրին՝ քեզ դաշույնն է մնում»:

Աշխարհումս վարդն է դարձյալ բլբուլների սիրեկանը,
Բլբուլի լեզվով եմ ասում «Տե՛ր, պահի վարդի նմանը»:
Աշխարհումս քանի ողջ ես, Սայաթ-Նովու գերեզմանը
Շահ-Աբասի Լալի[4] նման, շահի այց գալուն է մնում:


  1. Ռոստոմ-Զալ - Ֆիրդուսու հայտնի հերոսը:
  2. Ղար - Վհուկ կին այդ սիրավեպում, որի հաղորդած կեղծ լուրի պատճառով ֆահրադը ինքնասպան եղավ իր աշխատանքային գործիքով՝ քլունգով:
  3. Ֆահրադ-Շիրին - արևելյան սիրավեպի հերոսներ:
  4. Լալա - Շահ-Աբասի հայազգի պալատական, հավատարիմ ծառայի տիպար: Վերջին տողը տարաբնույթ մեկնաբանություններ ունի: