Jump to content

Խաբված աղջիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խաբված աղջիկ
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 476
ծ. ― էջ 805
ԽԱԲՎԱԾ ԱՂՋԻԿ

Արշակն ու Շողերը հեռավոր ազգականներ էին։ Արշակը մշտական գնալ-գալ ուներ[1]։ Սիրում էր մոտիկ գյուղացի մի երիտասարդի՝ Գևոյին։ Այդ Գևոն Արշակի մոտ ընկերն ու սիրելին էր։ Այնինչ իրան ծնողները խոսք էին տվել իրանց հարևանի տղին։ Յուր սրտի այս գաղտնիքը Շողերը հայտնեց Արշակին։

– Ի՞նչ կտաս, որ քո սիրած տղին տամ քեզ,– ասաց[2] Արշակը, երբ Շողերի հետ մենակ էին սրահում։

– Ինչ ուզես, կտամ․․․ հոգիս էլ կտամ, թե մի էդպես բան անես․․․ Մի լավ ղանաուզ արխալըղ կկարեմ քեզ համար․․․ ինչ ուզես, կտամ,– և չէր իմանում Շողերն՝ ինչ խոստանա յուր սիրած տղին ստանալու համար․․․

– Է՜, էդ չելավ[3], արխալուղն ի՞նչ եմ անում, ես արխալուղ չունե՞մ․․․– փոքր-ինչ շփոթվելով[4] ասաց Արշակը, դողալով նայելով աղջկա իրանին՝ գլխից մինչև ոտը։

– Բաս ի՞նչ ես ուզում․․․ դե, դու ասա, ի՞նչ տամ,– հարցրեց մոլորված աղջիկը, և այդ օրն այդպես բաժանվեցին։

Երեկոյան խոսակցություն կար Շողերի հոր տանը Շողերի մասին։ Մարդ ու կին համաձայն էին իրանց հարևանի տղին տալու։

– Հազիր դուռն ի դռան հարևան ենք, մեր ամեն ցավին ու աշխատանքին էլ ընկեր կըլի, մեր երեխեն (աղջիկն) էլ մեր աչքի առաջը կըլի․․․

– Տղին էլ մեր տղի նման ճանաչում ենք, փոքրությունից մեր աչքի առաջին ա մեծացել, աշխատավոր, խելոք, ղոչաղ տղա ա․․․ էսօր մեր Արշակն էլ խորհուրդ տվեց, որ դրան տանք։

Ամբողջ մարմնով լսելիք դարձած Շողերն իմացավ[5] յուր հորն ու մոր[6] բոլոր խոսակցությունը։

Մյուս անգամ Շողերն աշխատում էր շուտով առանձին պատահել Արշակին[7]։ Ջրի ճանապարհին պատահեցին իրար և ժամադիր եղան իրիկունը Շողերանց դեզի քամակին։

Ամառային մի լուսնյակ գիշեր երկու երիտասարդներն եկան ժամադրության տեղը։ Նրանք զգույշ շշնջում էին[8]։

Աղջիկն աղաչում էր Արշակին, որ իբրև եղբայր, ազգական մի մարդ, իրան ազատի, հենց անի, որ իրան սիրածին տան․․․

– Ի՞նչ կտաս դրա համար․․․,– ակամա հևոցը զսպելով, հարցրեց Արշակը։

– Ի՞նչ տամ․․․ ի՞նչ ունեմ, որ ինչ տամ,– լացակումած[9] բացականչեց թշվառ աղջիկը։

– Օ՜, որ ուզենաս․․․

– Ի՞նչ․․․ ինչ ես ուզում, դե դու ասա։

– Ասե՞մ։

– Հա՛։

– Ասե՞մ,– կրկնում էր Արշակը և քնքշալով ձեռքը մոտեցնում աղջկա ձեռքերին։

– Դե՛ ասա էլի,― անհամբերությամբ հարցնում էր աղջիկը։

– Ասե՞մ,

― Դե ասում եմ, ասա էլի․․․

― Որ տաս ոչ․․․

– Արշակ, հոգիս ուզես, հոգիս էլ կտամ, միայն հենց ըլի, որ էդ բանը գլովս բերես․․․ Ես քեզ ասում եմ, ասա, վախիլ մի․․․

– Դե կաց ասեմ,– և սիրտ անելով ու ավելի մոտենալով, ձայնն ավելի մեղմացնելով, համարյա շշնջալով, նա անպատկառ առաջարկություն արավ Շողերին։

Շողերը մի սարսափ զգաց, ականջները տժժացին, և քիչ էր մնում ընկներ։

Արշակն էլ վախից, թե ամոթից, չգիտեմ զղջաց, թե սպասում էր․․․  – Դու գիտես,– բաժանվելիս ասաց Արշակը,– հետո կփոշմանես... ամեն բան էս երկու օրումը կվերջանա, ես էլ պետք է աշխատեմ, որ քեզ տան ձեր հարևանին։

Այս իրիկունից հոգեկան սարսափելի տանջանքներ սկսվեցին Շողերի համար։ Խոսակցությունն ավելի սաստկանում էր, արդեն ուզում էին խոսալ նշանդրության օրի մասին։ Շողերն ընդմիշտ զրկվում էր յուր սիրած Գևոյից, որին կարող էր ստանալ, եթե համաձայներ Արշակի հետ․․․

Որն է լավ, մի անգամ Արշակի առաջարկությունն ընդունել, թե՞ ընդմիշտ դառնալ կինը յուր ատած Մաթոսի․․․ այն Մաթոսի, որ չարժեր, նույնիսկ Արշակի մի մատին․․․ Այդ համաձայնությունը միանգամից որոշում է, վճռում է Շողերի բախտը․․․ Ուրիշ ճանապարհ չկա, նա խոմ չի կարող ծնողներին ասել, թե ես ձեր սիրած տղին չեմ ուզում, «ես էլ ուրիշ տղա եմ սիրել», այդ միջոցն ավելի կծանրացներ Շողերի թշվառությունը, և իսկի Շողերն էլ ո՛չ սիրտ ուներ, ո՛չ կարող էր այդպիսի բան ասել յուր հորն ու մորը։

Էլ Արշակն էր միակ հնարը․․․ կամ պետք էր խեղդվել․․․

Բայց խեղդվե՞լն է լավ, թե՞ Արշակին համաձայնելը։

Մի քանի անտանելի օրերից հետո, սարսափելի տանջանքներից[10], ծածուկ լալուց, մտքումը հազար ու մին տարօրինակ վճիռներ անելուց ու քանդելուց հետո, մի օր դարձյալ ժամադրության հրավիրեց Արշակին։

Այդ գիշեր նրանք մտան մի մութ մարագի շեմք։

– Միայն խոսք ես տալի՞ս, որ էդ բանը գլուխ բերես,– դողդողալով հարցրեց աղջիկը[11]։

– Էդ իմ ձեռին ա,– խոստացավ Արշակը[12] և տենդային դողով համբուրեց․․․ գրկեց[13]։

– Ամա խոսքիցդ ետ չկանգնես, ա՛յ․․․

Էլ ոչինչ չլսվեց․․․

Միայն երկու շաբաթից հետո լսվեց, որ[14] Շողերը նշանվեց․․․ իրանց [հարևանի տղի հետ]։ Արշակը շատ էր աշխատել, չէր կարողացել համոզել․․․-ին Շողերին ուզելու։

Գործը քննչի մոտ էր․․․

Քննիչը մի առողջակազմ, թխադեմ, համալսարանական մարդ էր։ Յուր սեղանի ետևից հարցեր էր տալիս Շողերին, և ավելի նրա աչքերի կրակն ավելանում էր, քանի դիտում էր յուր առջև կանգնած աղջկանը։

Աղջկա հայրը և մի քանի բարեկամներ կանգնած էին ետև։ Շողերն ամոթալի և խղճալի էր այդ ժամանակ, նրա համար էլ գլխի աղլուխն իջեցրել էր մինչև քթի ծայրը։

– Դուրս գնացեք, թողեք միայն հայրն այստեղ մնա,– հրամայեց քննիչը[15]։

Մնացին քննիչը, հայրն ու աղջիկը։

Քննիչը վեր կացավ տեղից, դուրս եկավ սեղանի ետևից և համոզական եղանակով դիմեց հորը.

– Այս գործում դու ոչինչ չես կարող անել։

Հայրը վախեցած միայն գույնը թռցրեց հարցի փոխարեն և զարմանքով.

[16] Այստեղ համաձայնություն է եղել. աղջկա կամքով եղած բան է, օրենքը տղին չի պատժիլ։ Это обольщение.

– Բաս[17] էդ օրենքումս ի՞նչ ա գրած, սրան ի՞նչ անեմ։

– Ինչ կուզես արա, օրենքը քեզ չի օգնիլ․․․ ես ուրիշ բան եմ ասում,– կամաց ձայնով շարունակում էր քննիչը։

– Դու կուզե՞ս, որ էս նշանած տղի հետ պսակենք։

– Վա՜․․․ աղա ջան, թեկուզ էն դռան շան հետ պսակեցեք, միայն թե պսակեցեք. մնին տվեք, էլ աչքս տեսնի ոչ։

– Դե դու մի երկու րոպե դուրս գնա, էնտեղ սպասիր։

Հայրն էլ որ դուրս գնաց[18], Շողերը վախից անզգայանում էր, մեկ էլ հանկարծ արյունը գլուխը տալիս, մեկ էլ քրտնում․․․ քննիչը մի ձեռքը նրա ուսին դրած, գլուխը առաջ մեկնած Շողերի աղլուխի տակից ցած թողած աչքերին էր նայում, սիրալիր և քնքուշ սկսեց խոսալ։  – Կուզե՞ս քո նշանածի հետ պսակել տամ քեզ։

Շողերը քարացել էր։

– Կուզե՞ս․․․– կրկնեց քննիչն ավելի մեղմ։

– Հա,– շշնջաց աղջիկը՝ դողալով ու թուքը կուլ տալով։

– Հա՞․․․– կրկնեց քննիչն ու ուրախացածի պես և փաղաքշելով ձեռքն ուսից փոխադրեց գլուխը։

Շողերի մտքովն անցավ նրա ձեռքը դեն ձգել յուր գլխից, բայց առաջ խելոք համարեց հարցնել.

– Ախար[19] Սարոն ինձ էլ չի ուզում։

– Էդ իմ ձեռքի բանն ա, դու կտեսնես ինչպես կուզի,– ապահովացրեց[20]– քննիչը, ձեռքն անց կացնելով մյուս ուսը։

– Նա որ չի ուզում, դու ինչ պետք է անես,– դարձյալ հարցրեց աղջիկը, հաստատ իմանալու համար յուր դրության գինը։

– Ես նրան․․․ քու ինչին է պետք. դու ուզո՞ւմ ես նրա հետ պսակվել։

– Ուզում եմ։

– Այդքանը[21] Մնացածը ես գիտեմ․․․– ձեռքն արդեն փաթաթել էր աղջկա վզովը, իսկ մյուս ձեռքով բավական բարձրացրեց երեսի ծածկոցը։

Մի․․․ երկու րոպեից հետո քննիչի սեղանը շրխկաց։ Հայրը հազաց դրսիցը, ներսից նրան պատասխան չտվին։

Մեկ էլ հազաց․․․

Մի քիչ կացավ, երրորդ անգամն էլ որ հազաց, ներս կանչվեցավ։

Դուրս գնալիս քննիչը հորն ու աղջկանը կրկին արավ յուր խոստմունքը և[22] հայտնեց, թե ինքը քննության մեջ գրել է, որ աղջիկը յուր նշանածից է հղացել, դուք էլ այս խոսքի վրա կանգնեցեք․․․

– Ախար էդ ո՞նց կըլի,– վախեցած հարցրեց աղջիկը։ Արշակը պրծավ այդտեղ։

– Դուք այսպես ասացեք, ասում եմ ձեզ,– կրկնեց քննիչը մի փոքր կոպիտ ու բարկացած,– լավ, լավ,– և դուռը ետ տարավ հոր ու աղջկա ետևից[23]։

«Սա էլ խաբեց, սև ամպի նման»,– անցավ Շողերի մտքովը։

Գործը քննիչը հանձնել էր դատարանին։

Ներս մտնելիս Շողերը լսում էր, թե ինչպես էին․․․ շշնջում. «Խեղճ տղա, կկորչի, զուր կգնա» և ալլն։

Մեղադրյալը՝ Սարոն, կանգնած էր մի կողմ, նրա դիմաց՝ Շողերն ու յուր հայրը։

– Չե՞ք հաշտվում,– հարցրեց դա<տավորը>։

– Ես հաշտվում եմ, թե որ պսակվի,– ասաց աղջկա հայրը[24]։

– Դու չես հաշտվո՞ւմ[25], Սարո,– հարցրեք դատավորը։

– Ոչ, աղա, ես ուզում եմ իմանալ, թե ինչ ա իմ մեղքը, որ ինձ բերել են էստեղ, աննամուսությունն իրանք են արել, իրանք են իմ գլուխը կտրել, իրանք են․․․

– Լռի՛ր,– ձայն տվեց դատավորը և զգուշացրեց, որ եթե չհաշտվի, Սիբիր կերթա, կկորչի, այնպիսի հանցանք է գործել։

– Թող Սիբիր գնամ, ինչ անեմ, հալբաթ վերևն աստված կա,– մեղմ ու խղճալի պատասխանով լռեց Սարոն։

– Դու քանի ժամանակ է նշանված ես։

– Վեց ամիս դեռ չկա, աղա։

– Օխտն ամիս ա,– հանկարծ[26] մեջ ընկավ աղջկա հայրը։– Դեկտեմբերին ես նշանվել՝ դեկտ<եմբեր> , հուն<վար>, փետ<րվար>, մ<արտ>, օխտն ամիս ա, խի՞ ես սուտ խոսում։

– Հա՛, օխտն ամիս ըլի,– համաձայներ Սարոն։

– Աղա, հիմի սրա խոսքին էլ հավատալ կըլի՞,– գործը տարածի ձևով դիմեց աղջկա հայրը դատավորին։

– Սպասիր,– կանգնեց դատավորը, շարունակեց հարցը,– քանի՞ անգամ ես եկել նշանածիդ մոտ։  – Երկու անգամ եմ եկել, մին նշանիցը մի շաբաթ ետը, մին էլ մի ամիս առաջ[27]։

– Ո՞ւմ ներկայությամբ տեսար նշանածիդ։

[28]Իրանց տանըցոնց, դրուստն ասենք, մինակ էլ եմ տեսել, ամա․․․

Այս ժամանակ աղջկա հայրը իրան-իրան մտքումը բան էր հաշվում։

– Մենակ եղել եք ուրեմն։

– Մի շաբաթ չէ, տասն օր,– հանկարծ գոչեց աղջկա հայրը։

– Ինչ տասն օր,– զարմացած հարցրեց դատավորը, մինչդեռ մյուսները զսպում էին իրանց ծիծաղը։

– Դա ասում ա նշանիցը մի շաբաթ ետն եկա նշանածիս մոտ։ Սուտ ա ասում, տասն օրից ետն եկավ. դեկտեմբերի մոտին նշանվեց, տասին եկավ, սուտ ա ասում, էնտեղ էլ ասում էր, թե վեց ամիս, ինչ նշանվել եմ․․․ էլ ինչպե՞ս կարելի ա դրա խոսքին <․․․>։

– Ուրեմն դու եղել ես նշանածիդ հետ մենակ։

– Էլել եմ, աղա ջան։

– Հա՜, հրետ էդ հարցրու ա՛յ, էդ հարցրու,– վրա պրծավ Գ. բիձեն։

– Դու նշանածիդ հետ մենակ եղած ժամանակ չես ունեցել նրա հետ մոտիկ հարաբերություն։

– Իրան հարցրու, աղա ջան, ինքն ու իրան աստոծը,– պատասխանեց Սարոն՝ ցույց տալով Շողերի վրա։

– Հա՜, հարցրու, հարցրու, աղա ջան,– շտապում էր Գ. բիձեն։

– Համաձայն ես նրա ասածին։

– Թող ասի, թե ես իրան խաբար եմ, ինձ Սիբիր տարեք, ինձ սաղ-սաղ քերթեցեք․․․ ինքն ու իրան աստոծը, թող ասի։

– Կասի, բաս, կասի,– սպառնալով մեջ ընկավ Շողերի հայրը։

– Ախպեր[29], կասի, թող ինքն ասի, դու քանի մեջ ընկնես,–

[էջ]

բարկացավ Սարոն։ Մյուս կողմից սկսեցին աղմկել տղի հայրն ու մայրը, թե ինչի աղջկա մի խոսքի համար <․․․>։

Դատավորը բարկացած հրամայեց՝ «молчите», և լռածներին աչքերը չռած[30] միառժամանակ նայելուց հետո՝ հարց ու փորձ անել[31] Շողերին։

– Քու կամքովն եղավ այդ բանը, թե՞ զոռով։

– Ինձ խաբեցին։

– Ո՞վ խաբեց։

– Ուրիշը։

– Սա չէ՞ր,– դատավորը ցույց տվեց Սարոյին։

– Ոչ։

ՄԻՇԿԵՆ[32]

Ջրկիր Մարտիրոսը մի ձի գնեց Թիֆլիսի շուկայում։ Այդ այն պառաված ձիաներիցն էր, որ հեծելազորքի սպաները վաճառում են[33]։

«Ну! Прощай, Мишка». Դե՛հ, մնաս բարև, Միշկա,– զգացված ձայնով ասաց[34] զինվորը[35] յուր տիրոջ ձիուն, և մի անգամ ձիու մեջքին ձեռքով զարկելով բաժանվեց նրանից։

Թեև պառավել էր[36], բայց դեռ եռանդուն էր Միշկեն։ Ջրկիրը շատ գոհ էր յուր առուտուրից[37]։ Ամեհի Միշկեն գլուխը կախ արած[38] մի տաշեղի նման քարշում էր նրա ահագին[39] տակառը[40] Թիֆլիսի փողոցներով[41]։

Մի օր էլ ջրկիրը հանգիստ[42] բայաթի մռմռալով ջուր էր տանում մի նեղ ու ցեխոտ փողոցով– Միշկեն գլուխը կախ խելոք քարշում էր տակառը։ [43]Հանկարծ մոտակա փողոցում
  1. [գիտեր Շողերի մի սրտի գաղտնիքը, որ նա]
  2. [մի օր]
  3. [բա]
  4. [ու դողդողալով]
  5. [այս բոլորը]
  6. [այս]
  7. [Իրիկունը ժամադիր]
  8. Լուսանցքում «Կամ կարո՞ղ ես․․․ ուզում ես գնամ նրա մատանին բերեմ, երբոր համաձայնես, մատդ դնեմ»
  9. [հարցրեց]
  10. [արտ<ասուք>]
  11. [Ուզում ես գնամ նրա մատանին բերեմ առավոտը․․․]
  12. [մի]
  13. [մթնում]
  14. [մի քանի օր երկու շաբաթից հետո]
  15. Տողի վերևում «Թեկուզ մի ժամ կանգնած, թեկուզ»
  16. [դու]
  17. [սրան]
  18. [մենակ մնացած]
  19. [էն տղեն]
  20. [<1 առընթեր>]
  21. [բավական է]
  22. [սովորեցրեց]
  23. [– Լավ, լավ– խոստավցավ գյուղացին և շտապ գողի նման դուրս տարավ աղջկանը]
  24. [– Ես ոչ հաշտվում եմ, ոչ պսակվում]
  25. [տղային]
  26. [գոռալով]
  27. [աղաք]
  28. [Այս ժամանակ]
  29. [ասում]
  30. [նայում էր լռածներին]
  31. [դիմեց]
  32. [ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ]
  33. [պառաված համարելով]
  34. [ռուս]
  35. [որ]
  36. պառավ էր
  37. [էժան գնով այդպիսի քյահլան գնել։ Նա ավելի ուրախացավ, երբ ձին լծեց]
  38. [ձին գլուխը քարշ արած]
  39. [ջրի]
  40. [վեդրոյով ջրի տակառը] [և գլուխը քարշ]
  41. [շատ ջրում կանգնելուց] սկսեցին վերքեր երևալ ձիու մեջքին
  42. [մի]
  43. [Մոտակա փողոցում]