Jump to content

Խաղաղություն (Վարդան Հակոբյան, Արցախա ծուխ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ


Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,
երազների մեջ աչքեր կան տխուր,
պատասխաններում հարցեր կան անլուռ,
ամեն քայլի մեջ՝ ճամփաներ անլուր...
Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։

Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,-
վստահությունը ձեռքի է կարոտ,
ճամփորդն ուզում է լուսո առավոտ,
երկինքն ուզում է խիզախ սավառնորդ...
Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։

Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,-
ատոմի ահը ճաքել է ցրտից,
սիրո պես մահը գալիս է...սրտից,
շնչահեղձ եղավ հավատը ստից...
Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։

Դու պարզ հայացքով աշխարհին նայիր,-
դյուրին մի կարծիր ճամփան անձրեւի,
ձյուն կա շվաքում անգամ արեւի,
փորձիր հագնել եւ հոգսը սարերի...
Դու պարզ հայացքով աշխարհին նայիր։