Խելքն ու բախտը
ԽԵԼՔՆ ՈՒ ԲԱԽՏԸ
Խելքն ու Բախտը վեճի բռնվեցին․ Բախտն ասում էր․— Մարդիկն ինձանով են մարդ։ Խելքն ասում էր․– ինձանով։ Թեպետ դատավորի չդիմեցին, բայց իրանց մեջ պայման դրին, որ մեկը մյուսի արածին չխառնվի։ Եվ իրանց փորձը կատարեցին մի գյուղացու վրա։
Գյուղացին արորը լծեց և գնաց տափը վարելու։ Խոփը դեմ առավ մի պինդ բանի և կանգ առավ ակոսի մեջ։ Մարղր տեսավ, որ ահա՛ մի գուգում կա հողում, վերցրեց տեսավ, որ մեջը ոսկով լիքն է։
— Այս ինչ լավ եղավ,— մտածեց մարդը,— այսուհետև էլ ոչ մի նեղություն չեմ քաշիլ, ես էլ կընկնեմ հարուստ մարդոց կարգը, ինչե՜ր, ինչե՜ր չեմ անիլ, գյուղի համար աղբյուր հանել կտամ, եկեղեցի կշինեմ, աղքատներին առատ ողորմաթյուն կտամ․․․— մեկ էլ հանկարծ փոխեց մտածելու եղանակը և ասաց.
— Վա՜յ թե գողերն իմանան ու կես գիշերին գան հափշտակելու և առաջ ինձ սպանեն, հետո իրանց կողոպուտն սկսեն։ Չէ՛, սրա շառը շատ է, քանց խերը։
Այդ մտածության մեջ՝ տեսավ, որ իրանց դատավորն անցնում էր մոտովը։— Այս լավ եղավ, ասաց.— եկ ոսկիքը տամ սրան, իսկ ես հանգիստ իմ գործիս նայեմ։ Վազում է, կանչում դատավորին։
Բայց դատավորը որ գալիս է, մարդի խելքն էլ գլուխն է հավաքվում. ոսկին ծածկում է և ասում.— Աղա, դու դատավոր մարդ ես, գիտուն ես, ասա ինձ, խնդրեմ, իմ այս ջուխտ եզներից ո՞րին ես լավ համարում։
Սրա վրա դատավորը նեղանում է, բարկանում և թողնում հեռանում է։ Խելքն էլ մարդի գլխիցն է հեռանում և նա մտածում է, թե ինչո՞ւ ոսկիքը չտվավ, ի՞նչ պիտի անի, ո՞ւր պիտի պահի։ Մինչև երեկո անգործ է մնում և շարունակ սրա վրա է մտածում։ Մինչև այդ՝ դատավորը գնում է գլուղը և ետ դառնում, մարդն էլի գնում է առաձը կտրում, աղաչում, որ էլի մեկ անգամ գա վարածին նայի ու երթա։ Դատավորն զգում է, որ մի բան պետք է լինի, գնում է։
Հենց այդ րոպեին մարդի խելքը գլուխն է գալիս՝ և ասում է.
— Աղաչում եմ, չնեղանաք, բարի դատավոր, եթե ձեզ մի բան հարցնեմ.— Ինչպե՞ս եք նկատում, երեկվա վարածս է շա՞տ, թե այսօրվան. դուք գիտուն մարդ եք, լավ կգիտենաք այդ բանը։
Դատավորը խենթի տեղ է դնում մարդին և ծիծաղելով հեռանում է։ Մարդի խելքն էլ է հեռանում և ցելի մի կողմը նստում։ Մարդը ծեծում է գլուխն ու ասում. հիմա ի՞նչ անեմ, ինչպես անեմ, այս անիծած ոսկիքն ո՞ւր տանեմ, որտե՞ղ պահեմ։ Վերջը գուգումը փաթաթում է հացի մեզարումը և շալակում, գնում տուն և ասում կնկանը.
— Ա՛յ կնիկ, եզնիքը կապոտիր, խոտ տուր, արորը տար ներս, ես պիտի երթամ դատավորի մոտ, բան ունիմ։
Կնիկը տեսնում է, որ մեզարը մարդի շալակին է և մեջումն էլ բան կա, բայց վայր չի դնում, մտածում է, որ մի նոր բան պիտի լինի, ասում է մարդին.
— Եզները կապելն իմ ի՞նչ գործն է, ի՞նչ կա այդպես շտապելու, դատավորը հո չի փախչում, բեռդ ցած դիր, եզներդ տեղավորիր, հետո ուր ուզում ես՝ գնա:
Մարդը ցած է դնում բեռը, եզները ներս է անում և մինչև կապոտելն ու դուրս գալը՝ կնիկը մեզարը բաց է անում, գուգումով ոսկին վերցնում է, նրա չափին մի քար է դնում մեզարումը։ Մարդը վերցնում է մեզարը և տանում դնում դատավորի առջևը և ասում.— Առ այս, քեզ ընծա եմ բերել։ Բաց են անում տեսնում — քա՜ր․․․ Մարդն էլ է զարմանում։ Դատավորը բարկանում է և մարդին բանտարկելով՝ վրան հսկելու համար երկու պահապան է դնում, որ տեսնեն ինչ է անում և ի՞նչ խոսում, և գան իմաց տան։
Մարդն ինչ որ մտքումն ասում է, նույն մտքով ձեռքերն էլ շարժում.— գուգումն այսքան էր, բերանն այսքան, փորն այսքան, տակն այսքան, ու մեջի ոսկիքը այսքան։
Նայողները պատմում են դատավորին, թե երկու ձեռքով բան է չափում, բայց ոչինչ չի խոսում։— Կանչեցեք,— ասում է դատավորը։
Մարդին կանչում են և դատավորը հարցնում է նրան, թե ինչ բան էիր չափում ձեռներովդ։ Մարդի խելքը գլուխն է գալիս, և պատասխան է տալիս, թե՝ «Ես քեզ էի չափում և ասում՝ քո գլուխն այսքան է, քո վիզն այսքան, քո փորն այսքան, քո մորուքն այսքան, ու ասում էի, թե արդյոք դու ես մե՞ծ, թե՞ մեր այծը»։
Սաստիկ բարկանում է դատավորը և հրամայում է, որ տանեն կախեն: Տանում են որ պարանը ճիտը ձգեն, ասում է․ «Ինձ մի կախեք, ես կերթամ ուղիղը կասեմ»։ Դատավորը հրամայում է, որ ճշմարիտն ասե, թե ինչ էր չափում բանտումը։
Մարդն ասում է.— Ես ոչ այս գիտեմ և ոչ այն, հավատացեք, որ եթե ճոպանը իմ ճտից չհանեիք, ես հիմա խեղդված կլինեի, ահա ձեզ ճշմարիտը։
Սրա վրա ծիծաղում է դատավորը և ազատում մարդուն։ Մարդը գնում է տուն, ուր նրա Բախտն ու Խելքը ասում են միմյանց.— Ոչ մեկս չհաղթվեցինք, երևում է, որ Բախտն ու Խելքը հաջողության և ընդունակության պես միմյանցից անբաժան պետք է լինին, և Բախտը Խելքով ու Խելքն էլ Բախտով կարող են մարդին մարդ շինել։
1906