Jump to content

Խեղճություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խեղճություն

Իվան Նիկիտին

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Խեղճություն


Է՛հ դու, խեղճությո՛ւն, միշտ սովոր լացին,
Տան մեջ համբերող ամեն դառնության.
Դու ընտելացած կըտոր սև հացին,
Քաշվող ու վախլուկ օտարի դըռան։

Ամենքի աչքին նայում ես երկչոտ,
Անտե՜ր ես, անճա՜ր, ամոթից սպանվա՜ծ.
Անկյուն ես կանգնում հարուստների մոտ,
Որպես աչքի փուշ, մերժվա՜ծ ու լքվա՜ծ…

Դու լո՜ղ ես տալիս—ո՛ւր ջուրն է տանում,
Ո՛ւր ճամփա կըտան—այնտեղ ման գալիս.
Արև ես խընդրում—անձրև ըստանում,
Բերանդ են փակում՝ շիտակ խոսելիս։

Գարունդ անկանա՜չ, գարունդ անծաղի՜կ,
Սիրում ես՝ կարոտ խընդալից սերին.
Խընդում ես՝ խընդումդ անժամ ու լըռիկ,
Վերջն էլ քաղց ու ցավ՝ ծերության օրին։

Ո՜չ կյանքըդ է—կյանք, ոչ էլ օրըդ-օր,
Հալ ու մաշ եղած, սըրտում հազա՜ր դարդ.
Մահն է վրա հասնում, թաղվում ես դու խոր,
Վայրի ծաղիկն է գերեզմանիդ զարդ…