Խեղված նամակ խեղաթյուրվածներին
Ջղերս դողում են, ցավերս մորմոքված են, օրերս շնչառության հույսեր են փնտրում...
Ցինիկ կյանք ցինիկ թոհուբոհում...
Ինձ ոչնչություն են դարձրել, ինձ փականել են իմ մեջ: Սակայն նրանց ներկայությունն էլ ինձ ոչինչ չէր կարող տալ, բացի առաքինություններիս պղծություն նետելուց...
Ամեն ինչ շուռ է եկել...
Հավասարակշռությունս կորցնում եմ: Մի՞թե այսքան անզորացանք, որ անարդար կշեռքները չկարողացանք փշրել...
Իմ հիմար մտքերի վրա լռեցին, որպեսզի հիմարությունս շարունակեմ, իսկ խելոք մտքերիս վրա ծիծաղեցին, որպեսզի ինձ սպանեն իրենց ծիծաղով...
Ինձ հետ թող չխաղան «կռիվ-կռիվը»: Ես խաղալիքներից հոգնել եմ և կրակել էլ չեմ ուզում... Ես ապրեցնող էի...
Ես մեղավոր չեմ...
Ես նույնքան էի, որքան Հոմերոսը, բայց իմ հոգու աչքերը կուրացրին, իսկ ես, հակառակ բոլորի, բաց աչքերով ծնվեցի, որը միայն մորս վախեցրեց...
Ես նույնքան էի, որքան Ես էի: Այսօր փորձում են ինձ ինձանից խլել...
Ես մաշկ չունեմ, հերիք է քամիներ անեք ու նվագեք ջղերիս վրա...
Գիտակների մի ամբողջ խավարամաղձ համաստեղություն ինձ ծննդյան ու մահվան թվականներ է ուսուցանում: Բայց ինձ կյանքն է պետք...
Ինձ գոհացնում են իմ ունեցածով և գողանում են իմ ունեցածը...
Նրանք ցանկանում են ինձ գեղեցկացնել: Ես գեղեցիկ շատ բաներ ունեմ և չեմ գնահատում գեղերկացվածը...
Այսօր ինձ փառասեր կոչեցին... Այո, ես իմ փառքն եմ ուզում, ոչ թե իրենց նվիրածը, որն ընդունելն ինձ համար ինքնախաբեություն կլիներ...
Այո՛, սեփական մտքերիս վրա ես ավելի շատ եմ ուրախանում, քան իրենք, քանի որ ես հայտնաբերում եմ իրենց, իսկ իրենք իրենց կորցրածը հպարտությամբ չեն ուղում ընդունել: Ես նրանց կորցրածն եմ հավաքում, որպեսզի պատմությունը չաղքատանա...
Նրանք սարսափում են մահից: Եվ ոչ նրա համար, որ կյանքը թանկ է իրենց համար, այլ իրենց կյանքի էժանության պատճառով: Որովհետև արժեքները ճիշտ չեն գնահատվում...
Ես մահվանից չեմ սարսափում: Ես ահ չունեմ մահից: Ես արդեն ապրել եմ ծնունդից առաջ...
Նրանք փորձում են աշխարհը բաժանել իրենց մեջ, իսկ ես ուզում եմ ինձ բազմապատկել աշխարհում...
Նրանք հույսեր են ստեղծում հավատի համար, իսկ ես հենց հավատն եմ...
Նրանք սիրում են սիրել, իսկ ես սիրում եմ...
Նրանք գոհ են միայն մարդկային աչքերով, իսկ ես դժգոհ եմ իմ աչքերից, որոնք ինձ ավելի շուտ չնկատելը, սովորեցրին, քան նկատելը: Ես նկատում եմ հոգով, որը բազմաչ է ու քավություն չի պահանջում տեսածի համար...
Նրանց մոտ ձանձրույթը անտարբերությունն է, իսկ ինձ մոտ անորոշությունը: Կարծում եմ անորոշությունը պտուղներ կտա, իսկ անտարբերությունը՝ երբեք...
Նրանք քայլում են ոտնամատների վրա՝ վիզները երկարացրած, իսկ ես գոհ եմ բնությունից իմ կրունկների համար, իսկ երկար ժամանակ վիզ երկարացնելուց, կարծում եմ, կհոգնենք և վիզ ծռելու հերթը կգա...
Նրանք շտապում են խորհել, իսկ ես դեռ փորձ եմ անում և մտածում եմ: Առանց մտածելու խորհելը, կարծում եմ, հոգեկան հիվանդություն է...
Նրանք աշխարհի բոլոր հոգսերի մասին են խոսում և բոլոր հոգսերին գումարում իրենցը: Ես հիմքն եմ որոնում, սկզբնապատճառը...
Նրանք եղած իրերի համար նոր բառեր են որոնում, իսկ ես հասկացություններ եմ փնտրում: Ինձ թվում է ձիուն էշ կոչելով աշխարհում ոչինչ չի փոխվի: Հարկավոր է դեռևս էշերի թիվը կրճատել եղած հասկացություններով...
Նրանք հավատում են, որ 2x2=4-ի, իսկ ես կասկածում եմ, որ lx1=1֊ի: Սխալը թվերի մեջ չէ, այլ գործողության...
Նրանք աստվածներ ունեն, իսկ իմ աստվածը իմ ծաղրածուն է...
Նրանք սիրում են ասել, իսկ ես գործում եմ անկախ տարվա եղանակից...
Ես պատմություն եմ, նրանք պատմաբաններ...