բնագիր
Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն
Խըմե՛ցուր ձեռիդ թասէմէն,
Ջո՛ւր իմ ասում, (տուր քասէմէն).
(Մըն)ացի սըկու մասէմէն.
Ա՛չքի լուս, ջո՛ւր իմ ասի,
(Հուր չիմ ասի, հուր) չիմ ասի,
Թուր չիմ (ասի), տո՛ւր չիմ ասի:
Գօ՛զալ, Աստուաձ քիզի լաւ տայ,
Չուզողի աչքիրուն ցաւ տայ.
Անգալի խօսքին մի՛ ավտայ.
Ա՛չքի լուս, (զ)ուր իմ ասի,
(Ս)ուր չիմ ասի, սուր չիմ ասի.
Զու(ր) իմ ասի, սուր չիմ ասի:
Ով քիզի այան մըտիկ տայ,
Աբէլին Կայան մըտիկ տայ.
Ինչ աչք քիզ խայան մըտիկ տայ,
Ջանո՛ւմ եար, կո՛ւր իմ ասի.
Նուր չիմ ասի, նու(ր չիմ ասի),
(Կուր իմ ասի, նուր չիմ ասի):
Ովոր ինձ շինից դիվանա՝
Սուրբ Կարապիտէն խիվանայ.
Վադի էրեսըն սիվանայ.
Ա՛չքի լուս, մո՛ւր իմ ասի,
Չուռ չիմ ասի /չուռ չիմ ասի,
Մուր իմ ասի, չուռ չիմ ասի/:
Էշխէմէդ խըմած, մաստ էկած,
Գըլուխըս մահին ռաստ էկած.
Սայաթ-Նովէն իմ՝ տիսդ էկած.
Ա՛չքի լուս, ու՞ր իմ ասի,
Սուր չիմ ասի, սուր չիմ ասի,
Տուր չիմ ասի, (սուր չիմ ասի):
Էսպէս թասլիբ. Արութինի ասած. մայիսի 10-ին, քրոնիկոնի 446-ին /1758/:
|
թարգմանություն
Խմե՛ցրու ձեռքիդ թասիցը
Խմե՛ցրու ձեռքիդ թասիցը,
Ջո՛ւր եմ ասում, տո՛ւր գավիցը,
Զուրկ մնացի նշխարքիցը,
Ա՛չքի լույս, ջո՛ւր եմ ասում,
Հո՛ւր չեմ ասում, հուր չեմ ասում,
Թուր չեմ ասում, տո՛ւր չեմ ասում:
Սիրո՛ւն, աստված քեզ լավը տա,
Չուզողի աչքերին ցավ տա,
Բանսարկուին մի հավատա,
Ա՛չքի լույս զուր եմ ասում,
Սուր չեմ ասում, սուր չե՛մ ասում,
Զուր եմ ասում, սուր չե՛մ ասում:
Ով որ քեզ անտարբեր նայի,
Աբելին Կայենը նայի,
Ինչ աչք որ քեզ ծուռ կնայի,
Հոգի՛ յար, կո՛ւյր եմ ասում,
Լույս չեմ ասում, լույս չեմ ասում,
Կույր եմ ասում, լույս չե՛մ ասում:
Ով որ ինձ շինեց դիվահար՝
Սուրբ Կարապետից խևանա,
Վատի երեսն սևանա,
Ա՛չքի լույս, մո՛ւր եմ ասում,
Չոռ չե՛մ ասում, չոռ չե՛մ ասում,
Մուր եմ ասում, չոռ չե՛մ ասում:
Սիրուցդ խմած, արբեցած,
Գլուխս մահին հանդիպած,
Սայաթ-Նովեն եմ՝ տեսդ եկած,
Ա՛չքի լույս, ու՞ր եմ ասում,
Սուր չեմ ասում, սուր չե՛մ ասում
Տուր չեմ ասում, սուր չե՛մ ասում:
|