Խնամատար/I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բովանդակություն Խնամատար

Ալեքսանդր Շիրվանզադե

II
[87]
ԽՆԱՄԱՏԱՐ
Վիպակ
I

Հունիսի սկիզբն էր։ Բաքվի նավահանգստի առաջնակարգ կայարաններից մեկի վրա եռում էր ծովեզրյա և արդյունաբերական քաղաքին հատուկ աշխատավոր կյանքը։ Եղանակը սաստիկ շոգ էր։ Միջօրեի արեգակը պայծառ հորիզոնից յուր այրող ճառագայթները սփռել էր խաղաղ ծովի հայելանման մակերևույթի վրա։ Քամու նշույլ չկար։ Օդը պլպլում էր այնպես, ինչպես պլպլում է թոնրի երեսին կրակի զորությունից։ Երրեմն-երբեմն այս կամ այն տեղում ծովի հարթ մակերևույթը սոսափվում էր դեսուդեն լողացող փոքրիկ մակույկների թիերի հարվածներից։ Այդ ժամանակ պարզ ջրի մեղմ ալիքները մի առանձին հրճվանքով խաղում էին արեգակի հետ, փշրելով նրա լույսը բյուրավոր գոհարափայլ ճառագայթների։ Մակույկներն անցնում էին, անջատված ջուրը միանում էր և ծովի մակերևույթը կրկին հարթվում։

Կայարանն երեք կողմից շրջապատված էր բազմաթիվ փոքր ու մեծ շոգենավերով և առագաստանավերով։ Մի քանիսը շոգենավերից լիքն էին զանաղան տեսակի ապրանքներով և սպասում էին
[88]
դատարկվելու կամ ճանապարհ ընկնելու։ Իսկ շատերն արդեն դատարկվել էին և պատրաստվում էին նորից բարձվելու։ Դրանք այն նավերն էին, որոնք գլխավորապես պտտում են Բաքվի և Հաշտարխանի միջև, առաջինից տանելով զանազան նավթային մթերքներ, իսկ վերջինից դեպի Բաքու բերելով Ռուսաստանի ապրանքները։ Առագաստավոր նավերն իրենց խառնիճաղանջ առագաստներով, անթիվ, դեպի այս ու այն կողմեր ճյուղավորված պարաններով, իրանց կեղտոտ տախտակամածներով և փայտապատ կեղևներով՝ վիթխարի, ամրաշեն և երկաթապատ հպարտ շոգենավերի մոտ նմանվում էին գյուղական խրճիթների քաղաքի բարձրաշեն տների դիմաց։ Այդ հասարակ նավերը ճանապարհորդում են Պարսկաստանի և Բաքվի մեջտեղ։ Պարսկաստանի գրեթե ամբողջ արդյունաբերությունը, որ մեծ մասամբ մրգեղեններից է բաղկացած, տեղափոխվում է այդ նավերով։ Աշխատանքը կայարանի շուրջը, ծովի երեսում, եզերքի մոտ բորբոքման մեջ էր։ Ահա մի կողմում նավերից մինը բեռան ծանրությունից մինչև տասներկու-տասներեք կանգնաչափ խրված ջրի մեջ, հանդարտությամբ օրորվում է այս կողմ այն կողմ։ Ամրակազմ և առողջադեմ թուրք նավաստիները դուրս են կրում ապրանքների ահագին հակերը։ Արեգակի տաքությունից և աշխատանքի ծանրությունից քրտինքը նրանց ծովային քամիներից այրված ու սևացած դեմքերից թափվում է այն առատությամբ, ինչպես բաղնիսի ներսի պատերից թափվում են շոգու գոլորշիները։ Ամեն անգամ, երկար պարանների միջոցով նավի ներքնահարկից հակերը դուրս քաշելու ժամանակ նրանց հաստ բրդյա շալով գոտևորվաձ մեջքերը թեքվում են, ողնաշարները դուրս ցցվում, բայց նրանց համար կարծես այդ անզգալի էր։ Ոչ կիզիչ արեգակը, ոչ ծանր աշխատանքը նրանց դեմքերից չի հեռացնում այն սովորական ուրախ ու զվարթ ժպիտը, որ հատուկ է միայն նավաստիներին, երբ սրանք գտնվում են չորությունում։ Նրանք երգում են, ծիծաղում, կատակներ անում իրարու հետ, և ամեն անգամ հակը մշակի մեջքին դնելիս մի-մի աքացի ևս ավելացնում են հետևից, որ մշակը շուտ տեղ հասցնի։ Սակայն մշակը, որ ապրանքի հակերը նավի տախտակամածից տեղափոխում է դեպի կայարան, դանդաղ է
[89]
շարժվում տեղից։ Տասը-տասներկու փութանոց բեռան ծանրության

տակ նրա ծնկները ծալվում են, կոկորդը դուրս է ցցվում, շլինքն երկարանում է, բերանը ակամա բացվում է, և ամեն անգամ յուր բոբիկ ոտերը փոխելու ժամանակ մի տնքոց է արձակում կրծքից։ Երբեմն դժվարությամբ և երկյուղով, որ միգուցե հակը մեջքից թավալվի, նա յուր ոսկրացած ձեռքը տանում է ճակատին և դուրս սլում քրտինքի խոշոր, կեղտոտ կաթիլները։ Նավի մի անկյունում կանգնած է ապրանքի տերը։ Սա մի պարսիկ առևտրական է, բարձր և կլորակ մահուդյա գլխարկով, երկայն փեշավոր արխալուղով, որի վրա մեջքին կապած է մետաքսյա կապտագույն գոտին։ Նրա թեթև, սպիտակ ամառային մետաքսյա կապայի փեշերը հասնում են մինչև կանաչագույն պարսկական քոշերի կրունկները։ Մի ձեռում պահած հովանու կոթը և մի փոքրիկ ձեռատետր, իսկ մյուս ձեռում մատիտը բռնած, յուր երկայն ու բարակ մատերով զգուշությամբ նշանակում է ապրանքի հակերի թիվը, կշիռն և համարը, դեմքի վրա անդադար խաղացնելով մի խորհրդավոր ժպիտ։ Ստեպ-ստեպ նա գլուխը թեքում է դեպի մեջքը, հինայով ներկած միրուքը փասյանի պոչի նման ցցում է օդի մեջ և գոռում մշակների կամ նավաստիների վրա, հրամայելով, որ նրանք զգուշությամբ և շտապով կատարեն իրանց գործը։ Այն ժամանակ բարեպաշտ մուսուլմանի բերանից առատությամբ դուրս են հոսում հիշոցներն այն արագությամբ, ինչպես երևի արտասանում են նրա շրթունքները նամազի ժամանակ մեծ մարգարեի սրբազան աղոթքը։

Մի փոքր հեռու այստեղից կանգնած է մի ուրիշ նավ։ Սրա նավաստիները բոլորը ռուսներ են։ Խմբովին հավաքված նավի ծայրը, նրանք նավապետի կառավարությամբ, բռնած մի հաստ պարանի ծայրից, որը մյուս ծայրով կապված է կայարանի սյուներից մեկին, միահամուռ ուժով քաշում են պարանը, որպեսզի նավը մոտեցնեն կայարանին։ Ամենից առաջ կանգնած է կարմիր շապկով մի հաղթանդամ և երգում է ռուս մուժիկի սովորական «Դուբինուշկան»։ Ստեպ-ստեպ նրան ձայնակցում են և մնացյալ նավաստիները, կրկնելով երեք անգամ միաբերան ухнем, ухнем,

ухнем, և պարանը քաշում։ Եվ այդ ծովային որդիների բերանից
[90]
դուրս թռչող բացականչումները տարածվելով խաղաղ ծովի մակերևույթի վրա, թաղվում են աղի ջրի անդունդի մեջ, տանելով իրանց հետ մարդկային աշխատավորների կրծքից արձակված դառն հառաչանքները։

Մի ուրիշ կողմում մշակների մի խումբ թավալում է ֆոտոգենով լի տակառները կայարանից դեպի շոգենավը և դարսում այնտեղ։ Ահա ֆոտոգենի տերը, կարմրերես և չաղ մարմնով հայը, ժամացույցի երկու մատնաչափ լայնությամբ ոսկե շղթայի հետ ձեռներով խաղալով, ինքնաբավական նայում է ֆոտոգենի տակառներին։ Նա զանազան հրամաններ է տալիս յուր մոտ կանգնած գործակատարին, որ որսորդական շան պես պտտում է յուր աղայի չորս կողմը և ամեն անգամ, երբ աղան խոսում է, համեստությամբ բարձրացնում է գլուխն և ուշադրությամբ լսում նրա հրամանները, կարծես կամենալով նրա ամեն մի խոսքը ներս կլանել ոչ միայն ականջներով, այլև աչքերով, քնթի պնչերով, բերանով։

Վերջապես, այդտեղ տիրում էր մի հափշտակիչ կենդանություն, որին միայն արդյունաբերական ծովեզրյա քաղաքում կարելի է հանդիպել։

Կայարանի ծայրում խռնվում է ամբոխի մի մեծ բազմություն։ Ամենքն, իրարու հրելով այս ու այն կողմ, աշխատում են առաջ շարժվել և, որքան հնարավոր է, ավելի մոտենալ կայարանի ծայրին։ Բոլորի հայացքներն ուղղված են ծովի հեռավոր հորիզոնին, ուր հազիվհազ նշմարվում է ծխի մի փոքրիկ խողովակ, որը հանդարտությամբ բարձրանում է վեր, կարծես ջրի խորքից դուրս զալով։ Այս — Հաշտարխանից եկող շոգենավն է։ Ամենքն անհամբերությամբ սպասում են նրան կայարանի վրա։ Մեկն եկել է դիմավորելու յուր բարեկամին, մյուսը — նամակներ ստանալու, երրորդը — լոկ յուր հետաքրքրությանը բավականություն տալու։

Ամենից առաջ կայարանի ծայրում հավաքված են մի խումբ հայ վաճառականներ թվով վեց հոգի։ Չնայելով տեղի սղությանը, սրանք կայարանի վրա բավական ընդարձակ տեղ են բռնում։ Ամբոխը, կարծես ճանաչելով այդ արտոնությունը, չի համարձակվում սեղմելու նրանց, այլ, ընդհակառակը, մի քանի քայլ հեռու է
[91]
պահում իրան, թողնելով մեջտեղ մի բավական ընդարձակ տարածություն։ Սրանք քաղաքի ամենահարուստ հայ նավթային արդյունաբերներն են, որոնք նույնպես սպասում են շոգենավին։ Իրարու դեմ շրջանաձև կանգնած, նրանք մեջտեղ գոյացնում են մի օղաձև տարածություն, ուր, կարծես, դրած լիներ մի բան, որն արգելում էր նրանց առաջ շարժվելու։ Եվ, հիրավի, կար մի արգելք, որ չէր թույլ տալիս նրանց ծածկել այդ տարածությունը։ Այդ — նրանց տակառաձև փորերն էին, որոնք բոլորն էլ, կարծես, մի կաղապարով ձուլված լինեին։ Մի քանիսն, երկու ձեռներով հետևից իրանց ձեռնափայտերի վրա հենված և ոտներն իրարից հեռու դրած, այնպիսի դիրք էին ստացել, որ նրանց մարմինները, մի արշին դուրս ցցված փորերի և կարճլիկ ոտների շնորհիվ, կանգնեցրած տիկերի ձև էին ընդունել։ Բոլորը հագնված էին հարուստ և եվրոպական տարազով, բայց ոչ այնքան մաքուր։ Մեկի շապկի կրծքի վրա երևում էին գինու կաթիլներից մնացած մանիշակագույն կոլորակ բծեր։ Նրանց ամենքի փորերի վրա արեգակի ճառագայթների տակ պսպղում էին ժամացույցի ոսկե շղթաները։ Բացառություն էր կազմում յուր մարմնի կազմվածքով միայն մի երիտասարդ։ Սա բարձրահասակ, նիհար և դեղնած մի մարդ էր, սև ու նոսր միրուքով և տափակ կրծքով։ Նայելով երիտասարդի դեմքին, կարելի էր ասել, որ նա գոնե քառասուն տարեկան է, բայց իսկապես նրա տարիքը քսանույոթից չէին անցնում։ Անցյալի զեխ և շռայլ կենցաղն այդ դեմքի վրա դրոշմել էր արդեն ծերության կնիքը։ Նրա թուխ ու լղար երեսի կաշին, եփած խնձորի կճեպի պես, մի քանի ծալք կուչկուչվել էր և հավաքվել քնթի երկու կողմերում։ Թերթերունքներից զուրկ աչքերի տակ նույնպես գոյացել էին մի քանի կապտագույն կնճիռներ։ Աչքերից վեր երկու դժվար նշմարելի գծեր, շնորհիվ դեռ պահպանվող մի քանի մազերի, հազիվհազ համոզում էին, թե մի ժամանակ այդ մարդը զուրկ չի եղել հոնքերից — մարդկային կերպարանքի այդ գեղեցիկ զարդից, առանց որի մարդ կատարելապես կապիկի է նմանվում։ Իսկ նրա ամբողջ դեմքն արտահայտում էր խորին վավաշոտություն, նրա փոքրիկ սևագույն աչքերի մեջ փայլում էր անասնական կիրք։ Նա հագած էր սպիտակ մետաքսյա կտորից կարած ամառային

[92]հագուստ, որ ավելի մաքուր էր և ավելի նուրբ ձևով կարված, քան նրա ընկերակիցներինը։ Դեղնագույն հարդյա գլխարկի լայն ծայրը սքողել էր նրա ճակատը, որ ծածկված էր բազմաթիվ մանր ելունդներով։ Մի նշան, որ հետևանք էր նրա անբարոյական կենցաղավարության։ Երիտասարդի ժիլետի վրա նույնպես փայլում էր մի ահագին ոսկե շղթա։ Իսկ շղթայից քաշ էր ընկած հինգկոպեկանոցի չափ ոսկե մեդալիոնը` զարդարված մանրիկ ադամանդներով։ Նրա բարակ դեղնագույն ձեռնոցներից մեկի տակից, աջ ձեռքի միջամատի վրա ցցված էր մատանու մեծ փիրուզեն։ Ճերմակ ատլաս յա փողպատի վրա մեխված էր մի մեծ ոսկե գնդասեղ նույնպես ադամանդներով զարդարված։ «Պետր Ստեփանիչ Դոլմազով» — այսպես էր փորագրված երիտասարդի անունը նրա ձեռնափայտի չորս մատնաչափ ոսկեպատ կոթի վրա։