Jump to content

Խնամատար/II

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
II

Խումբը տաքացած խոսում էր ու վիճաբանում հանքերի, գործարանների, նավթի և ուրիշ այսպիսի հետաքրքրական նյութերի մասին։ Մի քանիսը խոսողներից այնքան ոգևորվել էին, որ քիչ էր մնում փոխեին իրանց կանգնած դիրքն և քանդեին մեջտեղի օղաձև տարածությունը։ Մեկը կամենալով համոզել ինչ-որ բանում յուր դեմուդեմ կանգնողին, մի փոքր առաջ շարժվեց, և երկուսի փորները մի քիչ ընդհարվեցին։

Խոսակցությանը չէր մասնակցում միայն երիտասարդը։ Նա երեսը դարձրել էր դեպի ծովն և հեռադիտակով անդադար նայում էր եկող շոգենավին, որն այդ ժամանակ այնչափ մոտեցել էր կայարանին, որ պարզ նշմարվում էին տախտակամածի վրա խմբված ճանապարհորդները։

— Պետր Ստեփանիչ, ինչո՞ւ ես այդպես անհամբեր մտիկ անում, երևի, մարդի ես սպասում, — դիմեց երիտասարդին հաստափորներից մեկը, աջ ձեռը դնելով նրա ուսին, երբ խոսակցությունը մի քանի վայրկյան ընդհատվեց։

Պետր Ստեփանիչը չպատասխանեց։ Նա խորասուզված շարունակ նայում էր դեպի շոգենավը։ -Պետր Ստեփանիչ, ախար քեզ հետ են խոսում,- կրկնեց հետաքրքիր հաստափորը, կանգնելով նրա դեմ ու դեմ և ձեռով ծածկելով հեռադիտակի բերանը, որպեսզի Պետր Ստեփանիչի ուշադրությունը յուր վրա դարձնի:

-Հը՛մ,- ասաց միայն Պետր Ստեփանիչն և, հեռադիտակն ազատելով նրա ձեռից, կրկին սկսեց նայել:

-Ումի՞ն ես սպասում, ասա, տեսնեմ,- շարունակեց հաստափորն, այս անգամ Պետր Ստեփանիչի ձեռից խլելով հեռադիտակն և թաքցնելով յուր մեջքում:

-Սպասում եմ:

-Ո՞ւմին:

-Կարլ Մարկիչի ընտանիքին:

-Ո՞րտեղից:

-Հաշտարխանից:

-Ի՞նչ ասացիր, Կարլ Մարկի՞, ո՞վ է Կարլ Մարկիչը:

-Իմ կառավարիչը:

-Նեմե՞ց է:

-Հայ է, հաշտարխանցի:

-Կարլ Մարկիչ,- կրկնեց Սերգեյ Իվանիչը (այսպես էր հաստափորի անունը), աչքերը չռելով և յուր դեմքի վրա խաղացնելով զարմացական ժպիտ:

-Գասպարն է, ծերունին, ճանաչո՞ւմ ես խո նրան:

-Գասպարը…հը՛մ… ես էլ ասում եմ, այդ ինչ Կարլ է- ասաց Սերգեյ Իվանիչը, հառաչելով, կարծես, մի ծանրությունից ազատված:- Ինչո՞ւ է բերել տալիս Գասպարն յուր ընտանիքը:

-Ես եմ ասել, խեղչն առանց կնոջ տխրում է, ասացի մի լավություն անեմ: Տներիցս մեկում նրա համար լավ բանակարան եմ նշանակել, թող ապրեն, քեֆ քաշեն: Արժե Կարլ Մարկիչը. նա շատ լավ գործակատար է:

-Արժե, արժե, 'ատ ճշմարտասեր մարդ է, ղալբություն չգիտե: Ես նրան լավ եմ ճանաչում: Առաջ նա Հաշտարխանի ամենաառաջին վաճառականներից մեկն էր, բայց ընկերները խաբեցին, փողերը ձեռքից խլեցին և չոր տափի վրա թողեցին: Նրա ընտանիքն էլ եմ ճանաչում: Ռուսաստանից գալիս ես Հաշտարխա նում նրանց մոտ գնացի, ինձ սուր-ով հյուրասիրեցին: Մի լավ տղա ունի և մի լավ աղջիկ: Նրանք էլ գալի՞ս են:

-Գալիս են: Որդուն ես շատ եմ հավանել, ուզում եմ Բալախանիի նավթահանքերից մեկի վրա գործակատար նշանակել:

-Շատ լավ կանես, շատ լավ կանես, Պետր Ստեփանիչ, լավ տղա է, հոր նման ղոչաղ է: Բայց ուրիշ բան է նրա աղջիկը, հրեշտակի գեղեցկություն ունի, Պետր Ստեփանիչ, ամբողջ Հաշտարխանի մեջ հատը չկա:

Այս ասելով, Սերգեյ Իվանիչն յուր յուղալի աչքերի բիբերը ոլորեց և ատամների վերին շարքով ներքին պռոշի ծայրը թեթևությամբ կծեց, նայելով ուղղակի Պետր Ստեփանիչի աչքերին: Սա նույնպես մի վայրկյան նայեց նրա երեսին, ոչինչ չասաց և, կրկին հեռադիտակը մոտեցնելով աչքերին, սկսեց նայել շոգենավին:

-Առաջին անգամ, երբ ես նրան տեսա, քիչ մնաց որ խելքս կորցնեի,- շարունակեց շատախոսել Սերգեյ Իվանիչը:- Ասացի, այ սրա նման կնիկ ունենա մարդ, որ պարզերես կարողանա հասարակության մեջ դուրս գալ: Ինչ գորտոպիանի վրա ածել, ինչ պար գալ, ինչ խոսել թե՛ հայերեն և թե ռուսերեն, մի խոսքով, ոսկի է ոտքից մինչև գլուխ: Ա՛յ, նրա նման կինկ ունենաս, հետդ տանես Ռուսաստան և բոլորին զարմացնես, թե չէ` քեզ համար շատ լավ հարսնացու կլիներ:

Պետր Ստեփանիչը հեռադիտակի տակից ժպտաց և ոչինչ չպատասխանեց:

-Բավական հասակավոր աղջիկ է, բայց մինչև օրս ուզող չկա հոր աղքատության պատճառով: Անիրավ Հաշտարխանոմ` առանց օժիտի ոչ մի տղա աղջիկ չի վերցնում:

Պետր Ստեփանիչը հեռադտիակը հեռացրեց և, սպիտակ ու մաքուր թաշկինակով աչքերը սրբելով, միայն արտասանեց «Հը՞մ», կարծես, հարցնելով յուր խոսակցի միտքը:

-Ասում եմ, մի մեծ ողորմություն կանես,- շարունակեց Սերգեյ Իվանիչը,- եթե նրան այստեղ մի լավ տղի տաս:

Պետր Ստեփանիչը, հեռադիտակը դնելով գրպանը, պատասխանեց. -Նրա հայրը հարուստ եղած ժամանակ շատ անգամ է օգնել հորս… իհարկե, ես էլ պարտավոր եմ փոխարենը վճարել լավությունով:

-Ապրե՛ս, Պետր Ստեփանիչ, Գասպարն արժե, նա խեղճ, կորած մոլորված մարդ է:

Լսվեց կայարանին մոտեցող շոգենավի սուլոցը: Ամբոխը սկսեց հրելով մոտենալ կայարանի եզրին: Շոգենավը, շվշվալով, շոգին կողքերից բաց թողնելով և խարիսխների շղթաները զրգնացնելով, մեղմիկ սահում էր առաջ:

Պետր Ստեփանիչն յուր որոնող հայացքը ձգեց տախտակամածի վրա, բարձրանալո ոտների ծայրերի վրա: Այնտեղ նա նկատեց ճամփորդների մի խմբակ, բաղկացած երեք հոգուց: Մեկը միջահասակ, մոտ քառասուն ու հինգ տարեկան կին էր եվրոպական հագուստով, գլուխը սև շալով փաթաթված: Մյուսը 23-24 տարեկան մի երիտասարդ էր բարձր հասակով, սև, փոքրիկ միրուքով, համակրելի դեմքով և բավական մեծ քթով: Երրորդը մի օրիորդ էր ամառային բաց գույնի հագուստով և հարդյա դեղնագույն, լայնեզր գլխարկով: Սա կլիներ մոտ 25 տարեկան, բարձրահասակ էր, դեմքի բավական նուրբ գծերով, ոչ այնքան գեղեցիկ, որքան սիրուն և համակրելի:

Պետր Ստեփանիչը Սերգեյ Իվանիչի ուղեկցությամբ դիմավորեց նրանց: Երկուսն էլ, հերթով նորեկներին բարևելուց հետո, շտապով վերցրին մի-մի կտոր ճանապարհային իրեղեններից և իջան կայարան:

-Բաս ի՞նչտեղ է Կարլ Մարկիչը,- հարցրեց պառավ կինը:

-Գործարանումն է, շուտով կգա, ես ցույց կտամ բնակարանը, կառքս սպասում է ձեզ,- պատասխանեց Պետր Ստեփանիչը քաղաքավարությամբ, մի դիտող հայացք ձգելով օրիորդի վրա:

Սերգեյ Իվանիչն արմունկով բոթեց նրան և զգուշությամբ շշնջաց նրա ականջին.

-Լուսնայկ է. մուշտարու աչքով մտիկ արա:

-Կատերինա Կարլովնա, շա՞տ է նեղացրել ձեզ ծովը,- դիմեց Պետր Ստեփանիչն օրիորդին:

-Օ՛խ, օխ, էլ մի հարցնիր, ցավդ առնեմ, մեր ոսկորները փշրտել է, պատասխանեց մայրն աղջկա փոխարեն: — Մամա, ի՛նչ ես ասում, ինձ չի նեղացրել ծովը, նա շատ խաղաղ էր, — հակառակեց Կատերինա Կարլովնան, բռնելով յուր եղբոր թևից։

— Դո՞ւք ինչպես եք, Արտեմ Կարլիչ, — քաղաքավարության համար հարցրեց Պետր Ստեփանիչն երիտասարդին։

— Ինձ համար շատ ուրախ անցավ ժամանակը, — պատասխանեց Արտեմ Կարլիչը համեստությամբ, գլուխը քիչ թեքելով կրծքին։

Այսպես խոսելով հասան փողոց, ուր Պետր Ստեփանիչի շքեղ կառքն երկու առույգ ձիերով լծված սպասում էր նրանց։ Պետր Ստեփանիչն օգնեց օրիորդին և մորը կառք նստել, իսկ ինքն Արտեմ Կարլիչի հետ տեղավորվեց նրանց դեմ։ Մի քանի րոպեում արագընթաց ձիերը կառքը սլացրին դեպի ծովեզրյա ընդարձակ փողոցի ծայրը, ուր նա անհետացավ։ Սերգեյ Իվանիչը մնաց նրանց հետևից նայելով։

— Շառլատան, անառակ Դոլմազով, ես քո միտքը հասկացա, — արտասանեց նա։

Հետո, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, կրկին վերադարձավ շոգենավ։