Խնամատար/VI

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
V Խնամատար

Ալեքսանդր Շիրվանզադե

VII

[107]

[108]
շքեղ հագուստով։ Մարիա Իվանովնան խոհանոցում կերակուր էր

պատրաստում ճաշի համար։ Կատերինա Կարլովնան մեքենայի վրա մի ինչ-որ բան էր կարում։

Լսելով յուր հետևից Պետր Ստեփանիչի բարևի ձայնը, նա իսկույն ընդհատեց գործը, բարձրացավ տեղից և, սառն քաղաքավարությամբ պատասխանելով նրա բարևին, ձեռ տվեց և դիմեց խոհանոց, որ մորը հայտնի։

— Ոչինչ, ոչինչ, նեղություն մի՛ քաշեք, Կատերինա Կարլովնա, — ասաց Պետր Ստեփանիչը, կտրելով օրիորդի ճանապարհը, որ դուրս չգնա։

Բայց օրիորդը չլսեց նրան։ Մի վայրկյանից ներկայացավ Մարիա Իվանովնան, թևերը մինչև արմունկները ծալած։ Պետր Ստեփանիչը թռավ տեղից և քաղաքավարությամբ բարևեց նրան։

— Երեկ, երբ Կատերինա Կարլովնան իրեղենները դարսում էր, ես նկատեցի, որ նրա ճերմակեղենի կամոդը շատ հնացած է և անպետք։ Չնեղանաք, Մարիա Իվանովնա, ես առանց ձեր թույլտվության, մի լավ կամոդ եմ առել նրա համար, որն այս րոպեիս գործակատարս կբերի։

— Իզուր եք առել, ես շնորհակալ եմ, իմ կամոդը շատ լավն է, — պատասխանեց Կատերինա Կարլովնան, մի նշանավոր հայացք ձգելով յուր մոր երեսին, որ սա ևս հրաժարվի նվերն ընդունելուց։ Մարիա Իվանովնան հասկացավ աղջկա միտքը, բայց և այնպես կամոդը խիստ հետաքրքրեց նրան։

— Ցավդ առնեմ, մեզ համար ինչու ավելորդ խարջեր եք անում, որ առաջուց ինձ ասեիք ես չէի թողնի, — ասաց նա, սիրալիր նայելով Պետր Ստեփանիչի երեսին, որ տեսնի ինչպես հասկացավ նա յուր անորոշ խոսքերը։

— Մեծ գումար չեմ տվել, հարյուր մանեթն ինչ բան է, որ նրա համար մտածեմ, — պատասխանեց Պետր Ստեփանիչը, ժպտալով Կատերինա Կարլովնայի երեսին։

Վերջինը երեսը դարձրեց դեպի մորն և սկսեց հանդիմանորեն նայել նրա երեսին։

— Կատյա, իսկ որ հենց քեզ հարկավոր է մի կամոդ, վնաս

չունի, որ Պետր Ստեփանիչն առանց մեզ հարցնելու առել է։ Հորդ
[109]
կասեմ, որ յուր ռոճիկից հարյուր մանեթ թողնի Պետր Ստեփանիչի մոտ։

— Մամա, ի՞նչ ես ասում, հարյուր մանեթը պապայի մի ամսվա ռոճիկն է, ես ինչ եմ անում այդքան թանկ կամոդը, — կրկին հակառակեց օրիորդը։

— Դուք ինձ վիրավորում եք, Մարիա Իվանովնա, ես փողի կարոտություն չունիմ․ ես այդ իբրև մի չնչին նվեր եմ տալիս և ոչ թե ծախում,— պատասխանեց Պետր Ստեփանիչը, կեղծորեն իրան վիրավորված ձևացնելով։

Այդ ժամանակ մի մշակ, Պետր Ստեփանիչի գործակատարի առաջնորդությամբ, ներս բերեց բավական մեծ կամոդ ընկույզի փայտից շինած։

Կամոդը դրեցին պատշգամբի վրա։ Պետր Ստեփանիչը բանալին շուռ տվեց և բաց արավ, որ պահարանը ցույց տա Կատերինա Կարլովնային և Մարիա Իվանովնային։

— Շատ գեղեցիկ բան է, շատ էժան եմ առել։

Այսպես թե այնպես, կամոդն այնքան գեղեցիկ էր, որ միանգամից գրավեց Մարիա Իվանովնային։ Երկար ժամանակ նա նայում էր կամոդի ներսին, դրսին, վերևին և չէր կարողանում կշտանալ նայելուց։ «Ի՛նչ լավն է, ի՛նչ մեծն է, Կատյա, շորերդ կտեղավորվեն», — կրկնում էր նա անդադար, ուրախությունից պտույտ գալով պահարանի չորս կողմը։

Վերջապես ավելորդ ժամանակ չկորցնելու համար Պետր Ստեփանիչը կողպեց պահարանը և բանալին առաջարկեց Կատերինա Կարլովնային, ուղղակի նրա դեմ կանգնելով և մեջքից թեքվելով։

— Թանկ չէ նվերը, բայց թանկ է իմ սերը, ասում են ռուսները, — ասաց Պետր Ստեփանիչը ռուսերեն լեզվով, բանալին բռնելով ուղիղ օրիորդի քթի առջև։

Այս խոսքերն օրիորդին ավելի շփոթեցրին։ Նրա երեսը կարմրեց, և նա չկարողացավ թե ինչ պատասխանի միևնույն Ժամանակ, բանալին չընդունելով Պետր Ստեփանիչից։

Պետր Ստեփանիչի դեմքով մի վայրկյան սահեց անբավականության
[110]
ժպիտ, բայց նա զսպելով յուր վրդովմունքը, կրկին առաջարկեց։

— Ի՛նչ ես մեխված մնացել, Կատյա, ախար քեզ է առաջարկում Պետր Ստեփանիչը։

Կատյան լուռ էր տակավին։ Պետր Ստեփանիչը բանալին հանձնեք Մարիա Իվանովնային, յուր դեմքը քիչ թթվացնելով։

— Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Աստված ձեր մինը հազար անի, Պետր Ստեփանիչ, ձեր լավությունը հավիտյան չենք մոռանալ։ Կատյա, դու հրավիրիր Պետր Ստեփանիչին սենյակ, քիչ խոսեցեք, ես գնամ կոֆե պատրաստեմ այս րոպեիս։

— Դու մնացիր, մամա, ես կպատրաստեմ։

— Չէ, չէ, ինչ ես խոսում, դու ե՞րբ ես կոֆե եփել, որ հիմի թողնեմ․ նստիր այստեղ, ես այս րոպեիս․․․

Կատերինա Կարլովնան ակամա համաձայնվեց և Պետր Ստեփանիչին հրավիրեց ներս։ Նա մոտեցավ կարի մեքենային և սկսեց շարունակել յուր ընդհատված գործը, առաջարկելով Պետր Ստեփանիչին նստել։

Պետր Ստեփանիչը նստեց լուռ ու մունջ, ագահությամբ նայում էր օրիորդին, որը գլուխը խոնարհեցրած, գործում էր նույնպես լուռ ու մունջ։ Նա կամենում էր խոսել, բայց չգիտեր ինչի մասին խոսեր և ինչպես սկսեր։ Այդ տևեց մի քանի րոպե։ Վերջապես նա յուր աթոռը վերցնելով, մոտեցավ օրիորդի սեղանին և վստահացավ ընդհատել անտանելի լռությունը։

— Կատերինա Կարլովնա, այս գիշեր կլուբում լավ կոնցերտ է լինելու, ես եկել եմ ձեզ հրավիրելու։ Կհամաձայնե՞ք ինձ հետ միասին գնալ, տոմսակներ էլ վերցրել եմ։

— Ոչ, ներեցեք, չեմ կարող, շատ հոգնած եմ, մի ուրիշ անգամ կգամ, — պատասխանեց Կատերինա Կարլովնան այս անգամ բավական մեղմությամբ։

— Այժմ ուշ է հրաժարվելը, տոմսակները գնված են, — ասաց սիրտ առնելով Պետր Ստեփանիչը, թեև դարձյալ սուտ, որովհետև նա տոմսակներ դեռ չէր գնել․․․

— Առանց ինձ հայտնելու զուր եք առել։
[111]
— Հիմա ինչևիցե, երկուսը առել եմ, մեկը ինձ, մյուսը ձեզ

համար, անպատճառ պիտի գաք։

— Ո՛չ, ես գալ չեմ կարող։

— Բաս տոմսակնե՞րը, — ասաց Պետր Ստեփանիչը կատակով։

— Տվեք ձեր ընկերներին։

— Ընկերներ չունիմ, Կատերինա Կարլովնա, ես մենակ մարդ եմ այս աշխարհում, նոր եմ ուզում ընկեր ձեռք բերել, — ասաց Պետր Ստեփանիչը, կեղծությամբ փոխելով յուր ձայնն ու դեմքը, որպեսզի օրիորդի գութը շարժի դեպի ինքը։

Սակայն Կատերինա Կարլովնայի դեմքի վրա նա չնկատեց ոչինչ փոփոխություն։ Նա տեսավ նույն անտարբերությունը, նույն սառնությունը, ինչ որ առաջ էր։

— Այսպիսի քաղաքում ձեզ նման հարուստ մարդը շատ հեշտությամբ կարող էր ընկերներ ունենալ, — պատասխանեց օրիորդը, չնայելով նրա երեսին։

— Մենակ եմ, մենակ, Կատերինա Կարլովնա, ա՛խ, եթե իմանաք իմ ցավը։ Ես ունիմ շատ ծանոթներ, բայց ոչ ոքի հետ բարեկամություն անել չեմ կարող։

— Ինչո՞ւ։

— Որովհետև այստեղի մարդիկ անքաղաքավարի են, նրանց հետ ես չեմ սիրում ընկերանալ։

— Դուք ի՞նչ տեղացի եք, ներեցեք հարցնել։

— Ես կովկասցի եմ, Շուշումն եմ ծնվել։ Բայց շատ երկար ժամանակ ապրելով Մոսկվայում, Պետերբուրգում, մոռացել եմ Կովկասի կյանքը։ Ես սովորել եմ ընկերություն անել կրթված, լուսավորված, թատրոններ, օպերաներ գնացող մարդկանց հետ։ Այստեղ չկան այնպիսի մարդիկ, այստեղ ամենքը միայն մի բանի վրա են մտածում, այն է` փող աշխատել, և սրա համար փչացնում են իրանց կյանքը։ Գործարաններում, հորերի վրա, նավթի և կեղտի մեջ կորած, մագազիններում չիթ ու կտորի փոշու մեջ խեղդվում են, տքնում են գիշեր ու ցերեկ, որ ինչ է իրանց գրպանները լեցնեն։ Լեցնում են և չեն իմանում ինչպես ծախսեն փողերը, ինչպես ապրեն, որովհետև լուսավորություն ասած բանը չեն հասկանում,

որովհետև կրթված չեն։ Աշխարհ են շրջել, բայց ոչինչ չեն
[112]
կարողացել սովորել։ Ամիսներով, տարիներով մայրաքաղաքներում

ապրել են, բայց բացի իրանց ապրած հյուրանոցից և մի քանի փողոցներից, ոչինչ չեն տեսել։ Ռուսաստանում այդ մարդիկ ո՛չ թատրոն են գնում, ո՛չ օպերա, ո՛չ կլուբներ։ Իսկ եթե գնում էլ են, ոչինչ չեն կարողանում սովորել, թատրոնում կամ օպերայում ամենավերջինս աթոռներն են վարձում, որ էժան նստի։ Շատերը գնում են, ներկայացումը չվերջացած, կիսատ են թողնում ու դուրս գալիս, որովհետև ճաշակ ասված բանը չունին։ Նրանց համար զուռնա — բալաբանի ձայնը քաղցր է, քան թե Պատտիի երգելը։ Մոսկվայում ինձ վրա զարմանում էին, որ ես ամեն անգամ քսանուհինդ ռուբլի էի տալիս Պատտիին կամ Նիլսոնին լսելու կամ Սալվինիի խաղը տեսնելու, բայց ես սրտանց ծիծաղում էի նրանց անհասկացողության վրա։ Ինձ համար փողը մի միջոց է շքեղ ապրելու համար, իսկ նրանց համար նպատակ։ Ես ատում եմ նրանց, ատում եմ, որովհետև նրանք բոլորը թեև երիտասարդներ են, բայց հին հոգով և մաշված սրտով։ Ահա ինչու համար, ես, Կատերինա Կարլովնա, չեմ ընկերանում նրանց հետ։ Ա՛խ, եթե գիտենայիք, թե որքան ինձ համար դժվար է նրանց հետ խոսելն անգամ։ Ես մենա՛կ եմ, Կատերինա Կարլովնա, մենակ եմ, և ինձ համար շատ ու շատ դժվար է անցկենում այստեղ։

Պետր Ստեփանիչն ատենաբանում էր ոգևորված և զանազան թատրոնական շարժվածքներ անելով։

— Գնացեք, ուրիշ քաղաքում ապրեցեք, — ասաց Կատերինա Կարլովնան, երբ Պետր Ստեփանիչը դադարեց խոսելուց։

— Չեմ կարող, Կատերինա Կարլովնա, գործերս այստեղ են, թողնել անհնարին է։ Բայց ես, Կատերինա Կարլովնա, բախտավոր կլինիմ, եթե․․․ եթե․․․ է՛հ․․․

Այստեղ Պետր Ստեփանիչի լեզուն շփոթվեց, և նա, չկարողանալով վերջացնել յուր խոսքը, մի խորը հառաչանք արձակեց կրծքից։

Կատերինա Կարլովնան հոնքերի տակից նրա վրա նայեց և, գլուխը խոնարհեցնելով, քիչ կարմրեց։

Այդ ժամանակ դուռը բացվեց, Մարիա Իվանովնայի գլուխը
[113]
երևաց և նույն վայրկյանին կրկին անհետացավ։ Այդ նկատեց

միայն Պետր Ստեփանիչը։

— Շատերը կարծում են, որ մարդ փողով է բախտավոր, — շարունակեց Պետր Ստեփանիչը Մարիա Իվանովնայի գլուխն անհետանալուց մի քանի րոպե անցած։ Ես այդ չեմ հասկանում։ Ահա, ես հարուստ, փառք աստծո, էլ ինչս է պակաս, մի միլիոնի չափ կարողություն ունիմ։ (Պետր Ստեփանիչի կարողությունը երկու հարյուր հազարից ավելի չէր լինի)։ Տուն, տեղ, ոսկի-արծաթ, ծառաներ, կառքեր ամեն բան ունիմ, ինքս էլ մեն-մենակ, ո՛չ ծնողներ ունիմ, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ էլ պարտք, մի խոսքով, ես իմ գլխի ու կարողության կատարյալ տերն եմ։ Բայց մի թող գան սրտիցս հարցնեն, թե նա ինչ է ասում, մտնեն դրությունս և տեսնեն, թե այսքան հարստության մեջ ինչպես եմ ես զգում ինձ․․․ Տխուր, տխուր, մահու չափ տխուր․․․

Եվ Պետր Ստեփանիչը կրկին կրծքից արձակեց մի սուտ հառաչանք և կրկին նայեց օրիորդի երեսին։

— Պսակվեցե՛ք, գուցե այն ժամանակ ուրախ կլինեք, — ասաց Կատերինա Կարլովնան, փորձելով ավելի պարզ հասկանալ նրա միտքը։

— Պսակվե՛լ, բայց ո՛ւր է իմ սիրած աղջիկը, — պատասխանեց Պետր Ստեփանիչը, մեկ էլ հառաչելով։

— Ինո՛ւ, ասում են, որ Բաքվում շատերը կան։

Պետր Ստեփանիչը ոգևորվեց, նրա դեմքն այլայլվեց, աչքերը կարմրեցին, և նա հանկարծ արագությամբ բարձրացավ աթոռից։

— Չկա, չկա, Կատերինա Կարլովնա, չկա, բացի ձեզանից, թույլ տվեք․․․

Եվ նա, հարձակվելով օրիորդի վրա, կամեցավ համբուրել։ Օրիորդը սարսափած վեր թռավ տեղից, հրելով Պետր Ստեփանիչի կրծքին։

— Ի՞նչ եք անում, հեռո՛ւ կանգնեցեք, — ասաց նա սփրթնելով։

— Ես ձեզ սիրում եմ․․․

— Սուտ եք ասում։

[114]