Jump to content

Խնամատար/VII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ինչ պտույտներ էր անում խեղճ կինը նրան հաճոյանալու համար — անհնարին է նկարագրել։ Եվ ինչպես կարող էր ուրիշ կերպ վարվել Մարիա Իվանովնան, քանի որ նա տեսնում էր, թե որքան ուշադիր է Դոլմազովի նման մի նշանավոր հարուստ դեպի յուր մի չնչին գործակատարի չնչին ընտանիքը և ինչպես նա հոգում է այդ ընտանիքի բախտավորության համար։ Բայց մի առանձին ուրախություն էր զգում Մարիա Իվանովնան յուր աղջկա վերաբերմամբ, նկատելով այն ուշադրությունը, որին արժանացել էր Կատերինա Կարլովնան Դոլմազովի կողմից։ Շատ անգամ նա, լուռ ու մունջ, ձեռները ծոցում ծալած, քաշվում էր սենյակի մի անկյունը, մտիկ անում յուր աղջկան և Պետր Ստեփանիչին, որոնք իրարու դեմ նստած խոսում էին մտիկ էր անում և խորասուզվում մտածողության մեջ։ Այդպիսի րոպեներում նրա ծնողական զգայուն սիրտը սկսում էր բաբախել յուր սիրեցյայ զավակի բախտավորությամբ։

Մարիա Իվանովնայի առաջ պատկերանում էրն փառավոր կառքեր, բազմաթիվ ծառաներ, զարդարուն սենյակներ մի բարձրաշեն շքեղ տան մեջ։ Տունը Դոլմազովինն է, իսկ նրա մեջ իշխում է յուր աղջիկը։ Կատերինա Կարլովնան ամբողջ օրը պտտում է զարդարուն սենյակների մեջ, կարգադրություններ է անում, հյուրեր է ընդունում և ճանապարհ դնում։ Իսկ երեկոները Պետր Ստեփանիչի հետ նստում է կառք և գնում ծովափը զբոսնելու։ Զբոսանքից վերադառնում է տուն, թեյ խմում, հագուստը փոխում, ավելի շքեղը հագնում և Պետր Ստեփանիչի հետ թև-թևի տված գնում թատրոն, պարահանդես և այլն։ Նրանց հետ գնում է նույնպես և՛ Արտեմը։ Իսկ ինքը, Մարիա Իվանովնան, Կարլ Մարկիչի հետ մնում են տանը, խոսում են, զվարճանում են, սպասելով երիտասարդ ամուսինների վերադառնալուն, որ միասին ընթրեն։

Եվ այսպես, ուրեմն, Մարիա Իվանովնան երևակայում էր ոչ միայն Կատերինա Կարլովնայի, այլև ամբողջ ընտանիքի մոտիկ ապագան բախտավորված, եթե միայն Դոլմազովի սիրտն այնքան բարի է, որ նա ուշադրություն չի դարձնիլ նրանց աղքատության վրա, եթե նա աչքի առջև կունենա Կատյայի անձնավորությունը, նրա գեղեցկությունը, շնորհքը, բնավորությունն և եթե Կատյան նույնպես, լավ կշռադատելով յուր ապագան, կաշխատեր այդ հատկություններն ավելի գեղեցիկ, ավելի հրապուրիչ գույներով ներկայացնել Դոլմազովին, որպեսզի անդառնալի կերպով գրավի նրա սիրտը։ Բայց ավա՛ղ, Կատյան այդ չէր հասկանում, որովհետև, Մարիա Իվանովնայի կարծիքով, նա հիմար էր և փոխանակ Դոլմազովին գրավելու, աշխատում էր, կարծես, զզվեցնել նրան։ Նա առաջվա պես սառն և երբեմն կոպիտ էր վարվում Դոլմազովի հետ։ Մարիա Իվանովնան այդ տեսնում էր և մինչև յուր հոգու խորքը վրդովվում բայց չէր կարողանում Դոլմազովի ներկայությամբ արտահայտել յուր վրդովմունքը Կատյային։ Նա, զսպելով յուր բարկությունը, սպասում էր Դոլմազովի հրաժարվելուն։ Երբ խնամատարը ոտը դռներից դուրս էր դնում, մայրը սկսում էր թափել աղջկա գլխին անթիվ նախատինքներ և երբեմն հիշոցներ։

— Հազար անգամ ասել եմ, որ գիժ ես, խելք չունիս․ դու ո՛չ քեզ և ո՛չ մեզ համար չես մտածում։ Աղքատ ու հպարտ, աչքերդ բաց արա և լավ տես, թե դու ինքդ ո՛վ ես, ի՞նչ ես, իսկ Դոլմազովն ո՛վ է։ Գիտես, որ մեր ապրուստը նրանից է կախված, ինչպես ուզենա, այնպես էլ կարող է անել, կարող է մեզ հարստացնել, կարող էլ է քաղցած թողնել, բայց դու էլի գոռոզ ու գոռոզ։ Ի՛նչ ես մտածում որ քինթդ այդքան բարձր ես պահում։ Խելքի եկ, Կատյա, տե՛ս, մեկ էլ եմ ասում, մեր օրը քեզանից է կախված․․․

Եվ այսպես, Մարիա Իվանովնան երկար նախատում էր յուր աղջկան։ Սակայն աղջիկը շարունակում էր յուր «հիմարությունը»։ Մի օր նրա հանդգնությունն այնտեղը հասավ, որ նա պատասխանեց յուր ծնողի հանդիմանությանը, թե ինքը դիտմամբ է սառն վարվում Դոլմազովի հետ, որպեսզի վերջինը դադարի իրանց այցելելուց։ Մարիա Իվանովնան փրփրեց, կատաղեց յուր աղջկա այդ հանդգնության վրա, բայց․․․ դարձյալ անօգուտ։

Գալով Դոլմազովին, պետք է ասած, որ նա սկսել էր մեծ զգուշությունով վարվել Կատերինա Կարլովնայի հետ, նույնիսկ Մարիա Իվանովնայի բացակայության Ժամանակ։ Նա պահում էր իրան համեստ, չէր համարձակվում որևէ ավելորդ խոսք թռցնել բերանից։ Նա այնպես էր իրան ձևացնում օրիորդի առջև, որ իբր թե սաստիկ փոշմանել է յուր նախկին վարմունքի մասին։ Սակայն Կատերինա Կարլովնան որքան զգույշ էր, այնքան դիտող, դարձյալ չէր կարողանում հասկանալ այդ խորամանկությունն և լիովին թափանցել Դոլմազովի հոգին։

Հասավ կոնցերտի երեկոն։ Պետր Ստեփանիչը ժամանակից մի ժամ առաջ զուգվեց և, յուր սեփական կառքը նստելով, եկավ Կատերինա Կարլովնայի մոտ։ Օրիորդը դեռ հագնված չէր։ Նա մոռացել էր յուր խոստումը, փորձեց հրաժարվել։ Մարիա Իվանովնան ուղղակի կատաղեց։ Ի՛նչպես կարող է հրաժարվել Դոլմազովի պես մարդու հետ մի որևէ հանգես գնալուց։ Դոլմազովն, օրիորդի կասկածը փարատելու համար, ասաց․

— Մարիա Իվանովնա դուք էլ հագնվեցեք մեզ հետ գնալու։

Մարիա Իվանովնան հոգով ուրախ էր նրանց ուղեկցելու, քիչ մնաց համաձայնվեր անգամ, բայց հիշեց, որ օրինավոր հագուստ չունի։

— Ուրիշ անգամ, — ասաց նա, — ուրիշ անգամ։ — Կատյա, գնա, պատրաստվիր։

Ապագայում օրիորդը շատ անգամ իրեն հարցնում էր, ինչպես եղավ, որ նա մոլորվեց և կամքի ուժ չունեցավ տանը մնալու։ Նա անցավ մոր հետ յուր սենյակը։

Դոլմազովը մնաց մենակ, կանգնեց հայելու առջև և սկսեց դիտել իրան ոտից մինչև գլուխ։

— Թո՛ւ, իսկ որ շատ եմ տգեղացել․․․ ի՛նչ անճոռնի է լինոլմ մարդ առանց հոնքերի և թերթերունքների, — խոսում էր նա, ուղղելով յուր սպիտակ փողկապը։ Փարիզից բերել տված ճարն էլ չի օգնում մազեր բուսնելուն․․․ Ասում են, որ Վիեննայում կարող են բժշկել, հարկավոր է անպատճառ գնալ, եթե ոչ խայտառակություն է, կանայք ինձանից փախչում են։

— Էհե՛, այ մի ուրիշ ցավ, այս ի՞նչ է դուրս գալիս քնթիս վրա, — շարունակեց նա, շոշափելով քթի ծայրն, ուր գոյացել էր մի կարմիր բշտիկ։ — Ցավում է, այդ լավ նշան չէ, հարկավոր է անպատճառ բժշկին ցույց տալ․․․

Ներս մտավ Կատերինա Կարլովնան։ Դոլմազովը շտապեց հեռանալ հայելուց։

Օրն արդեն մթնել էր։ Քաղաքային ժողովարանի դահլիճը, ուր պիտի կայանար կոնցերտը, լուսավորվում էր առաստաղից քաշ տված երեք ահագին ջահերով և պատերին խփած բազմաթիվ կանթեղներով։ Օրիորդը, Դոլմազովի ուղեկցությամբ, բարձրացավ ընդարձակ սանդխտով դեպի դահլիճը։ Ներկայացումը դեռ չէր սկսվել։ Հանդիսականները, այս ու այն կողմ ցրված, զբոսնում էին։ Երիտասարդ վաճառականների մի խումբ նախասենյակի մի անկյունում պատրաստած բուֆետի առջև, մի սեղանի շուրջը հավաքված, կոնծում էր․․․ Խմբի մեջ երևում էր և՛ Սերգեյ Իվանիչը, որի հետ մենք ծանոթացանք կայարանի վրա։

Պետր Ստեփանիչն աշխատեց դահլիճ մտնել Կատերինա Կարլովնայի հետ այնպես, որ խումբը չնկատի։ Բայց այս չհաջողվեց նրան։

— Օհո՛, Պետր, լույսը քեզ տեսնողին, — գոչեց բարձր ձայնով խմբի միջից երեսը սափրած մի երիտասարդ կարմրած աչքերով։

Նա, իսկույն բաժանվելով խմբից, մոտեցավ Դոլմազովին։

— Բարև, Սիմոն Լազրիչ, քե՞ֆդ, — հարցրեց Պետր Ստեփանիչը, մի քիչ շփոթվելով և արագությամբ սեղմելով երիտասարդի ձեռը։

— Կա՛ց, ո՞ւր ես փախչում, կա՛ց․․․ տեսնեմ այդ ով է քեզ հետ, — ասաց երիտասարդը, բռնելով Դոլմազովի թևից։

— Օհո՛, Պետո՛, շնորհավորում եմ, ի՞նչ տեղից ես ճանկել այդ լուսնյակին։

Բայց Պետոն աշխատում էր խույս տալ։ Նա, մի կերպ յուր թևն ազատելով երիտասարդի ձեռից, շտապեց դեպի Կատերինա Կարլովնան, որն այդ ժամանակ այնչափ հեռու էր, որ չէր լսում նրա խոսակցությունը։

— Տղերք, նոր խաբար, Դոլմազովը, ղոչաղը նոր որս է արել, — ասաց երիտասարդը, վերադառնալով և կրկին խառնվելով խմբին։

— Ո՞վ է, ո՞վ, — հարցրին միաբերան մի քանիսը խմբի միջից։

— Հայի էր նմանվում, բայց չճանաչեցի, լուսնյակ է, սպասեցեք, մի բաժակ էլ կոնծեմ և գնամ ես էլ ծանոթանամ։

Սիմոն Լազրիչը դատարկեց մի բաժակ ևս։

— Իզուր նեղություն մի՛ քաշիր, Սիմոն Լազրիչ, Դոլմազովը քո ասած մարդը չէ, ռեխդ թիքա չի գցիլ։ Ես աղջկան էլ ճանաչում եմ և գիտեմ ինչ բան է։

— Ո՞վ է, ո՞վ է, Սերգեյ Իվանիչ, — կրկնեց դարձյալ միաբերան հետաքրքիր խումբը շրջապատելով Սերգեյ Իվանիչին։

— Յուր գործակատարի աղջիկն է։

— Հաշտրախանցի՞ն, հա՛, ես էլ եմ տեսել, ես էլ եմ տեսել, շատ գեղեցիկ է, — ասացին միմյանց հետևից մի քանիսը։

— Գեղեցիկ լինելը գեղեցիկ է, բայց ինչ անես, որ․․․

Եվ Սերգեյ Իվանիչը, խոսքը չավարտելով, կրծքից մի հոգոց հանեց և գլուխը խորհրդավոր կերպով շարժեց։

— Ինչպե՞ս։

— Այնպես, — պատասխանեց Սերգեյ Իվանիչը, աչքի մեկը խփելով և շրթունքները կրծելով։ — Տուն, տեղ, ամեն օր նվերներ, հորն և եղբորը պաշտոն լավ ռոճիկներով։

— Փա՛հ, քո վիզը կոտրվի Դոլմազով, օտարներից կշտացար, հիմա էլ հային ես ձեռք գցե՞լ, — բացականչեց Սիմոն Լազրիչը, ձեռների ափերը իրարու խփելով։

— Չեմ հավատում, ես Պոպովի աղջկան ճանաչում եմ, նա շատ հպարտ և խելոք աղջիկ է։ Դոլմազովը չի կարող նրա հետ խաղալ, — մեջ մտավ մի ուրիշը, որը մինչև այդ ժամանակ լուռ էր։

— Էհե՛, երևի, դու լավ չես ճանաչում Դոլմազովին; — պատասխանեց թերահավատին Սերգեյ Իվանիչը, գլուխը շարժելով։ — Նա այնպիսի մարդ չէ, որ մեկի համար անօգուտ մի կոպեկ ծախսի, ուր մնաց այնքան բաներ բաշխի, ինչ որ բաշխում է Գասպարի աղջկան։ Տունը լեցրել է հազար տեսակ բաներով, էլի օր չի անցնում, որ մի նվեր չտանի հյուր գնալիս։

— Չէ, եղբայր, ես լավ եմ ճանաչում Դոլմազովին, գիտեմ ինչ հոգի ունի․․․

Զանգակը հնչեցրին, ներկայացումը սկսվեց, ամենքը մտան դահլիճ։

Պետր Ստեփանիչն և Կատերինա Կարլովնան նստած էին երկրորդ կարգում։ Օրիորդը հագնված էր թեև ոչ շքեղ, բայց բավական նուրբ ճաշակով։ Բազմաթիվ լապտերների լուսավորության