Jump to content

Խնդրում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ


Խառնիր օրերս,
Բայց կարոտը այն, որ սիրուց է իմ
Սրտի մեջ դաջվել
(Երբ խորհում էի՝ որտե՞ղ ես, արի),
Խնդրում եմ, սեր իմ, դու մի շփոթիր
Ուրիշների հետ՝
Ճանաչիր դու քեզ...
Խառնիր խոհերս...
Բայց ամպերը այն՝ գարուն ավետող,
Որ մնացել են խոհերիս մեջ տաք
(Երբ խորհում էի՝ կարո՞ղ է չգաս),
Խնդրում եմ, սեր իմ, դու մի շփոթիր
Տառապանքի հետ՝
Դեռ շատ եմ անփորձ...
Խառնիր վարսերս,
Բայց պայծառ շողն այն, որ
                                      ճերմակ-ճերմակ
Լուսնից է ծաթել իմ գլխի վրա
(Երբ խորհում էի՝ կարո՞ղ է չգաս),
Խնդրում եմ, սեր իմ, դու մի շփոթիր
Ճերմակ մազի հետ՝
Ախր, շատ է վաղ...