Կամաց, սիրելիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խնդրում եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Կամաց, սիրելիս)

Վարդան Հակոբյան

Ես տուն եմ դառնում
***

Կամաց, սիրելիս, հանկարծ կլսեն...
Ճի՞շտ է, որ դու ինձ սիրում ես այնպես,
Ինչպես աշխարհում
Ոչ ոք չի սիրել,
Որ հեռանալիս
Մի նոր հանդիպման մասին ես խորհում,
Որ ես, վերջապես քեզ համար այն եմ,
Ինչ գարնան համար՝
Երգը թռչնակի,
Քեզ համար այն եմ, ինչ օրվա համար՝
                  Շողն արեգակի,
Ճի՞շտ է, սիրելիս:
Կամաց, քնքուշս, հանկարծ կլսեն...
Ճի՞շտ է դա, արդյոք... Դե լավ, ձեռքերիս
Խրատ մի կարդա,
Թող նրանք լողան վարսերիդ ծովում,
Իսկ դու եւ լսիր...
Ճի՞շտ է դա, արդյոք, որ մենությունդ
                   Ինձնով ես լցնում,
Քո կարոտի հետ-որ իմ կերպն ունի,
Տաք-տաք զրուցում...
Կամաց, սիրելիս, հանկարծ կլսեն...
Դա ճիշտ է, արդյոք, որ կռունկները
Խաբրիկ են բերում,
Սիրո մի տխուր կռունկ եմ տեսնում
Ես քո աչքերում:
Դե, դու հո գիժ չես, ինչո՞ւ ես տխրում:
Ճի՞շտ է դա, արդյոք,
Որ սիրելուց են,
Շատ սիրելուց են հաճախ բաժանվում,
Որ ժանգ են բռնում սրտերն առանց սեր:

Դեհ, խոսիր բարձր՝ ամենքը լսեն...