Խոսրով-Շահ
Ժամանակով մի հատ թաքավոր կըլի, թաքավորին կունենա մի հատ երիտասարթ տղա, անունը կըլի Խոսրով-շահ: Խոսրով-շահի արվեստը՝ թվանքը ձեռին, ավ ա անում:
Արի տես, որ Խոսրով-շահը մի տարի, հինգ տարի յաշը կլըցվի, յաշը լցված միչոցը կգա կասի իրա հորը.— Վեր արի թախտիցդ, ես նստեմ թաքավոր:
Հերը կասի.— Որթի, դու ջահել ես, էտ բանին մի հակառակիլ, քու թաքավորութան ժամանակը չի հըլա:
Խոսրով-շահը ավի տեղիցը գալուս կըլի, մի կոնդի տակից ձեն կգա, կասի՝ Խոսրով-շահ,— իրեք անգամ ձեն կտա. «Խոսրով-շահ, դու թաքավորին մի՛ նեղացնիլ, դու ընչար մսե աթոռի վրա չնստես, երկաթե ամանըմ հաց չուտես, դու թաքավորութուն չես տենա»:
Խոսրով-շահը կգա, մտածմունքի մեչ կընկնի քշերը, առավոտը վե կկենա կասի.— Ո՛վ թաքավոր, տու քու թաքավորութունը, բավական ա ինչ ես ման գամ,— էլեդ կվեկունի թվանքը, կէթա ավի, էլեդ կգա էն տեղը կհասնի, էլեդ մի ձեն կգա. «Խոսրով-շահ, ընչար մսե աթոռի վրա չնստես, էրկաթե ամանըմ հաց չուտես, թաքավորութուն չես ստանա»:
Արի տես որ, Խոսրով-շահը վե կացավ, իրա թաքավորական շորերը վե կալավ, կորավ:
Գնաց մի քաղաքի թուշ էլավ, գնաց քաղաքի բազարը, մի տերտեր դրան ռաստ էկավ, ասեց.— Որթի՛ս, նոքար չե՞ս ըլի:
Ասեց.— Կըլեմ, տերտեր։ Ասեց.— Կարա՞ս չէ մեհտարութուն անի, ձի պահի։
Ասեց.— Լա՜վ։
Գնաց մեհտարութուն արուց։ Տերտերը քշերը իրա կնկա հետ մտածեց, որ սա նոքարացու չի։
Կնիկն ասեց.― Տերտեր, բեր սրան շինենք մեր առաչը աշբազ[1]։ Խոսրով-շահը շատ լավ ղուլղուլ[2] արուց։ Մարթ ու կնիկ քշերը մտածեցին. կնիկն ասեց.— Տե՛րտեր, սա նոքարացու չի, սա յա թաքավորի ցեղ ա, յա երանալի տղա ա։
Տերտերին ուներ մի հատ ախչիկ, տղա զավակ չուներ։ Ինքը շատ հարուստ էր, ասեց.— Մարթ,— ասեց,— բեր մեր ախչիկը տանք էս տղին։
Իրիկվա հացիցը ետ կանչեցին Խոսրովին.— Խո՛սրով,— ասեց,— իմ ախչիկը կառնե՞ս, որ տամ քեզ։
Խոսրովը ասեց.— Տե՛րտեր, որ դու տաս, ես կառնեմ։
Առավոտը տերտերը մարթիկ կանչեց, նշան տվուց, Խոսրովը էլավ էս տան տղեն. սկսեց նոքարներ բռնել, լծկանը բո՜լ, տունը՝ լիքը։ Տերտերը բերեց դրան պսակեց, տունը էլավ իրանը։ Խոսրովը իրա վար ու ցանքի հետ էր, իրա թաքավորի լայեղ շորերը տարել գոմշի մսըրքումն ա պահել։ Մի էրկու տարի քաշեց, դրա կինը ետ ընկավ։
Հ’արի խաբարը տանք Խոսրով-շահի հորիցը՝ թաքավորիցը։
Թաքավորը ծերացել էր, օտար թաքավորներ էկան վրին կռիվ, ասեց.— Գնացեք,— ասեց,— ծերացել եմ, իմ Խոսրովին քթեք։
Դրա նազիր-վազիրը ձի նստեցին աշխարը ման գալու, էկան էն քաղաքը, որդի Խոսրովն էր ապրըմ։ Հարցրեցին, թե.— Ըստեղ Խոսրով անըմով տղա կա՞։
Ասեցին.— Տերտերի փեսեն ա։
Դրա նազիր-վազիրը էկան տերտերի տունը ղոնաղ։ Տերտերը, հարուստ մարթ՝ դրանց պատվեց։ Աշընքվա ժամանակն էր, Խոսրովը ցել էր ջրըմ, ղոնաղների հետ որ էլան, բոլորի մտիցը գնաց Խոսրովը, դրա կնիկը պատճառավոր կնիկ էր, էկավ մորն ասեց.— Մե՛րիկ, ախր Խոսրովը հըմի սոված մահացավ. մի մարթի որ հեր ու մեր չունենա, մի՞թե նա պետք ա սոված մահանա։
Ասեց.― Որթի, էս ղդար ղոնաղը թողալ չի ըլիլ, վեր, հաց վե կալ, տար քու մարթին։
Էտ խեղճ կնիկը վե կացավ, հաց շինեց, վե կալավ մի բղըղի մեչ սպաս ածեց, մի քթալ դրուց հացի հետ, վե կալավ տարավ։ Գնաց հասավ իրա մարթին, բերուց հացը բաց արուց, Խոսրովն ասեց.— Ա՜յ կնիկ, մի՞թե մի մարթի որ հեր ու մեր չունենա, պետք ա սոված մահանա։
Ասեց.— Խո՛սրով ջան, նստի, հաց եմ բերե, կեր, մի առարկա ասեմ:
Եկավ Խոսրովը, նստելու, գետինը ցեխ էր: Կնիկը հացը բաց արուց, տեհավ որ աման չի բերել, ասեց.— Խոսրով ջան, ախր աման չեմ բերե, ընչո՞վ պըտի ուտես էս սպասը։
Ասեց.— Ա՛յ կնիկ, բահը լվա։
Էկավ կնիկը ծունկը դրուց, գետինը ցեխ էր, Խոսրովը նստեց ծնկան վրա, կնիկը բահը լվաց, բռնեց, Խոսրովը քթալը վե կալավ, հացը առավ ձեռը, կնիկը սպասը ածեց բահի մեչ, մի էրկու քթալ կերավ, մարթ ու կնիկ ին, սկսեցին խոսալ։
Ասեց.— Դե ասա՛, ա՛յ կնիկ, տենանք ո՞վ ա ձեր ղոնաղը։
Ասեց.— Ի՞նչ ասեմ, Խո՛սրով, ոչ ըլի էտ թավուր ղոնաղը, որ մինչի հիմի դու սոված ես։
Ասեց.— Էլեդ ասա, այ կնիկ։
Ասեց.— Խոսրով, էտ ղոնաղները թաքավորն ա ղրկել, նազիր, վազիրն են, թաքավորը շատ նեղ տեղն ա, Խոսրով անունով տղին են ման գալի:
Ասելու պես Խոսրովը հ’աշկերիցը վեր ածեց, քթալը վե դրուց, ասեց.— Կնի՛կ, կշտացա, բոլ ա:
Ասեց.— Ի՞նչ կերար, որ կշտացար։
Ասեց.— Փառք քեզ աստված, աստծու կամեցողութունն էր, կատարվեց իմ երազը, էս մսե աթոռը, էս բահն էլ էրկաթե ամանը։
Կնիկը մտիկ տվուց, որ մարթը լցվեց, ուզըմ ա որ լաց ըլիլ: Ասեց.— Կնի՛կ, բավական ա ըստեղ կենալդ, վեր,— ասեց,— գնա՛, ես Խոսրով-շահն եմ:
Որ ասեց, կնիկն էլ զարմացավ։ — Ըդոնք,— ասեց,— իմ նազիր, վազիրն են, կէթաս մի պղինձ ջուր կդնես, իմ շորերը գոմում, այսինչ գոմշի մսըրքըմն ա, կհանես, մաքուր կսրփես, ես որ գամ թաքուն, լեղանամ, շորերս հաքնեմ, էթամ իմ նազրների կուշտը։
Կնիկը վե կացավ, էկավ տուն․ ընչանք տուն գալը հըլա մտածում էր, թե դա Խոսրով-շահը չի ըլիլ։ Էկավ գնաց գոմը, մսուրքը բաց արուց, շորերը հանեց, թամուզ մաքրացրուց, մի պղինձ ջուր դրուց, հազրեց, Խոսրովը էկավ, դրուց դրան թեշտի մեչը, չին-չին[3] լեղացրուց, իրա թաքավորութան շորերը հաքցրուց, ընչանք էտ օրը չէր տեհե, թե թաքավորութենի նշաններ ունի դրան։ Որ տեհավ՝ կնիկն էլ զարմացավ, Քաքուլը սանդրեց, քցեց քամակը, գտակը դրուց գլխին, ուրախանաս՝ ինչ որ էտ կնիկը ուրախացավ, թե՝ փա՛ռք քեզ աստված, որ իմ մարթը թաքավոր ա։ Թուրը կախ տվուց վրին, վոնց որ թաքավոր. վեր կացավ, գնաց վիրև, վերի օթախները նստած քեֆ ին անում թաքավորի վազիր, նազիրը և տերտերը․ նեքսև մտնելու միչոցը նազիր, վազիրը վե կացան, դրան գլուխ վե բերին, մինչև անքամ տերտերն էլ չճանանչեց, որ իրա փեսեն ա։ Տեղ շանց տվին, էկավ նստեց։
Դրանք գլուխ վե բերին, ասեցին.— Չէ՛, Խոսրով-շահ, թաքավորը քեզ ուզըմ ա։
Տերտերը շատ ուրախացավ, ասեց․— Փա՛ռք քեզ աստված, որ իմ ախչիկը արժանացավ թաքավորի։
Էկավ էտ քշերը մնացին տերտերին ղոնաղ, պատրաստութուն քաշեցին՝ առավոտը դուս ըլելու։ Խոսրովը էկավ, առավոտը ձի նստեցին, մի ձի էլ պատրաստեցին բերին, որ իրա կնկանը նի հանի։ Կնկանը նի հանելու ժամանակը, պատճառավոր կնիկ էր, ոտը որ ուզեցավ դնի օրզանգուն՝ նրանից դուս էկավ մի բարակ քամի։
Ասեց.— Վե՛ դրեք իմ կնիկը, մեղք ա,— ասեց,— առ իմ աչու կռան բազմանդը,— ինքը ամոթ արուց, ասեց․— թե կբերես տղա՝ իմ թաքավորութան բազմանդը կկապես կուռը, թե կբերես ախչիկ՝ կպահես կուշտդ, ուրախութամբ, որ գլուխս ազատվի, ես կգամ, քեզ կտանեմ։
Քաշեց մի ամիս, էրկու ամիս, բարի ճամփա Խոսրովին, տերտերի ախչիկը ազատվեց, բերուց մի հատ տղա, անունը դրին՝ Բարակ-շահ։ Շատ երկար չասենք, էս տղեն դառավ մի տասը տարեկան, տերտերը վե կալավ, տվուց ուսումնարան: Ում էրեխեն տարեկան էր սովորում, դա օրական էր սովորում, օրական էլ մեծանում էր, էնպես ղվաթով տղամարթ դուս էկավ, որ էրեխանց հետ հաղ անելու վախտը ձեռը որին քցում էր՝ վնասում էր. ընենց էլավ որ դրա վարժապետները դրան հաղից արքելեցին, չին թողում, որ հաղ անի. որին ձեռ էր տալի, վնասում էր։
Քաղաքի մարթը լսեց, որ դա Խոսրով-շահի տղեն ա, սկսեցին գանգատվել տերտերին, որ քու թոռին հեռացրա։ Էրեխեն էլ մտածեց, որ թողում չեն հաղ անի, գնաց տուն, սկսեց լաց ըլելը։
Ասեց.— Ա՛յ մեր, թե հեր ունեմ՝ տեղն ասա, թե չունեմ՝ գերեզմանի տեղն ասա:
Ընչանք էտ օրր կնկա միտքը չէր ընկել թաքավորութան բազմանդը, վե կալավ կապեց կուռը, ասեց.– Դու Խոսրով-շահի տըղեն ես։
Տղեն գնաց տերտերի կուշտը, ասեց.– Ինձ մի ձի տու, ես պըտի գնամ իմ հորը քթնեմ։
Տերտերը շատ ուրախ էր, որ դա գլխից ըռադ ըլի, ասեց. — Ձին պատրաստ ա։
Ասեց.– Տուր ինձ ոսկի, էթամ գարի շինել տամ։
Տերտերը ոսկին տվուց, դա գնաց մի զարգյարի կուշտ.– Զարգյա՛ր,– ասեց,- կարա՞ս մի քառասուն հատ գարի շինի։
Զարդյարը շինեց մի քառասուն հատ, ածեց մի քիսիկի մեչ. վե կալավ էկավ տերտերի տունը։ Տերտերը պատրաստած ձին դուս քաշեց, նի էլավ ձին, մոր հետ մնաս բարով արուց, վեր կացավ, էս տղեն էր՝ ընկավ ճամփեն գնաց: Գնաց հասավ մինչի Խոսրով-շահի քաղաքը։ Գնաց թաքավորի պալատի առաչին վեր էկավ. մեհտարները մտիկ տվին, որ թաքավորի ցեղ ա, ձին վե կալան քաշեցին, տարան գոմը։ Գնաց ձիու կուշտը Բարակ-շահը, յոնջա դրին, վե կալավ դեն քցեց, գարի տվին՝ վե կալավ դեն քցեց, վե կալավ մեհտարին ծեծեց, էտ ձենը հասավ Խոսրով-շահի կուշտը, Խոսրով-շահը դրան կանչեց, ասեց.— Ո՛րթիս, ձին խոտ կուտի, ձին գարի կուտի, ընչի՞ հըմար ես իմ մեհտարներին ծեծում։
Ասեց.— Իմ ձին էտ խոտն ու գարին չի ուտիլ, իմ ձիու գարուցը բերեք։
— Որթի՛,— ասեց,— քու ձիու գարին ի՞նչ տեսակ ա։ Ասեց.— Իմ ձիու գարին հրեղ տոպրակի մեչն ա, նոքարներիդ մեկին ասա՝ բերի:
Գնացին նոքարները բերին: Տոպրակը թափ տվուց Խոսրով-շահի առաչը, որ քառասուն հատ ոսկուց գարի կա:
— Որթի,– ասեց.— էս գարին ձի չի ուտիլ։
— Որ էտ գարին ձի չի ուտիլ, մի բարակ քամու հըմար մարթ է՛լ իրա կնկանը բաց կթողա՞:
Խոսրով-շահը մտածեց ու լաց էլավ:
Ասեց.— Հա՞, որթի, դու իմ Բարակ–շա՞հն ես:
Շանց տվուց թաքավորական բազմանդը, որ կապել էր կուռը: Խոսրով-շահը փաթըթվեց տղին: Մի քանի օրից եննա Բարակ-շահին ղոշուն տվուց, ղրկեց, որ իրա կնկանն ու անորը բերեն իրա կուշտը։ Բարակ-շահը գնաց բերուց:
Բարակ-շահը Խոսրով-շահի պես ավչութուն էր անում. մի հինգ-տասը տարուց ետը Բարակ-շահը խելքին հասավ՝ միևնույն հոր ասածի պես էկավ, կանգեց հոր առաջը.— Վեր արի,— ասեց թախտիցդ,— ես նստեմ թագավոր:
Խոսրով-շահը մտածեց, ասեց. «Փառք քեզ աստված, իմ արածը իմ առաչն ա գալի»: Ասեց.— Ո՛րթի, ես ջահել եմ, դու մո՞նց նստես թաքավոր։
Ինադ արուց Բարակ-շահը, դուս էլավ, գնաց: Գնաց, մեկ-էրկու օր քնահարամ մնաց, գնաց մի հ’ախպըրի մոտացավ, քունը տարավ, քնեց։ Մի վախտ հ’անց կացավ, մտիկ տվուց որ կողքին մեկը բրթըմ ա, վե կացավ, տեհավ որ մի հատ ձի։
— Հը,— ասեց,— անասուն, ի՞նչ ես ուզըմ, քնիս լավ վախտն էր:
Էտ ձին աստծու հրամանով լիզու էլավ, ասեց.— Վե՛ր, Բարակ-շահ, պետք ա տանեմ, քու մուրազին հասցնեմ։
Վե կացավ, ասեց.— Քու անումը ի՞նչ ա:
Ասեց.— Իմ անումը Քուրքուն-ջանլաթ ա,— ասեց,— աստված ինձ ղրկել ա քու կուշտը, որ տանեմ քու մուրազին հասցնեմ:
Ձիու վրին ամեն բան պատրաստ էր, նի էլավ ձին, ասպապները կապեց, ընկավ ճամփա: Գնաց, հասավ մի ձորի մեչ, ձորի միչին մտիկ տվուց, որ մի լավ տներ կա շինած։
Քուրքուն-ջանլաթն ասեց.– Վե՛ր արի:
Վեր էկավ: Ասեց.- Իմ զոլանները շատ ղայիմ ձքա: Ձքեց: Ասեց – Նի՛լ: – Նի’լավ: Ասեց – Բա՛րակ-շահ, էս տները որ կա շինված՝ էս Օղուզի տներն ա, դրան ունի էրկու քիր. դու պիտի էթաս, նի’լես վիրև, դրան պիտի զոռես, քվորտանքը կմտածեն, մենձը կասի. «Մի պուճուր մարթ ա, չի կարալ մեր ախպորը զոռիլ», պուճուր քիրը կասի. «Դրա ձին մեր ձիուն կզոռի, դա էլ մեր ախպորը կզոռի»:
Քուրքուն-ջանլաթը ասեց.— Բա՛րակ-շահ, գյամս հանա:
Գյամը հանեց, բրախ տվուց:
Քուրքուն-ջանլաթը հասավ Օղուզի ձիու յալիցը բռնեց, տվուց գեննովը: Բարակ-շահը թուրը քաշեց, նի’լավ վիրև: Էտ ախչըկերքը մտածեցին. «Որ ձին ձիուն զոռեց, դա էլ մեր ախպորը կզոռի»:
Թուրը ձեռին նի’լավ վիրև, Օղուզը որ տեհավ՝ դողն ընկավ ջանը, վեր կացավ, գլուխը վեր բերուց, ասեց.— Էտ ղսմաթ ա, էկել ա, իմ քվորտանց մինը կտամ սրան:
Մենձ ախչիկը մտածեց, որ ես կառնեմ, պուճուրը մտածեց, թե ես սիրուն եմ, ինձ կառնի: Թեք ընկան քշերը հանգստանալու:
Առավոտը վե կացան, ակսեցին ավի էթալ: Գնացին մի հասարի պատահեցին, ասեց.— Օղուզ, էս ի՞նչ բան է:
Ասեց.— Աղես, սրա մոտ մի՛ գնա:
Ասեց.— Ընչի՞ հըմար, Օղուզ:
Ասեց.— Դրա միչին էրկու հատ ախչիկ կա, շատ սիրուն, հուրի մալար:
Ասեց.— Բո մո՞նց պըտի հանվի, քանդե՞մ պատերը հանեմ:
Ասեց.— Դրա ախպերը կգա, մեզ կսըպանի:
Մտիկ տվուց որ ճար ու ճամփա չկա, վե կացան իրիկունը գնացին Օղուզի տունը:
Քշերը քնեցին, առավոտը ասեց.— Օղուզ, մո՞նց պըտի դրա ճամփեն բաց անենք:
Ասեց.— Աղես, դրա պատերը բոլորը էրկաթից ա:
Ասեց.— Դե վեր, վե կալ էրկու հատ պարան:
Վե կալան, նի էլավ Քուրքուն-ջանլաթը, ընկան ճամփեն, հասան էտ տների կուշտը: Քուրքուն-ջանլաթին բաց թողուց: Պարանները վե կալան, նի մտան մեշեն, չոր ցախը բո՜լ, պարանները փռեցին, դրին վրին, ամենքը մի հինգ, տասը շըլակ վե կալան բերին, հասարի չորս դիհը ցախ վրա տվին, փռի ղայդա կպցրին, էրկաթները որ տաքացավ, էտ ախչըկերքը նեքսևից ճչացին, ու դուռը բաց արին։
Ասեց.— Օղուզ, գնա ախչկա կռնիցն էլ բռնա, հանա։
Օղուզը գնաց նեքսև, դրան կապեցին սանիցը, ճրաքը դրին գլխին։
Օղուզը ետացավ, Բարակ-շահը գնաց նեքսև, էթալու պես՝ ախչըկերքը, երկուղն ընկավ սրտերը, վե կացան, գլուխ տվին Բարակ-շահին։
Թուրը քաշեց․– Հը՜,– ասեց,– անզգամներ, ընչի՞ եք իմ ախպորը կապել սանիցը։
Դրանք երկուղու ասեցին․– Մենք չգիտենք թե քու ախպե՛րն ա։
Վե կացավ ախչըկերանց կռնիցը բռնեց, դուս բերուց դրսև, ինքը նի’լավ իրան Քուրքուն-ջանլաթը, Օղուզը նի’լավ իրան ձին, ախչըկերանցը ասեց․– Ընկեք աոաջ։
Ասեց․— Աղես, ոտով ո՞նց էթանք։ Սպասի, մենք էլ էրկու ձի դուս բերենք։
Ախչըկերքը գնացին գոմիցը էրկու ձի դուս քաշեցին, ամենքը մի ձին նի’լան։ Գնացին ճամփի կեսը հասան, ասեց․– Օղուզ, էս ախչըկերանց ո՞րը կառնես։
Օղուզը մտածեց, ասեց.— Թե մենձին առնեմ, կասի, «Մենձը ես եմ», թե պուճուրին առնեմ՝ պուճուրը սիրուն ա,– մտածեց Օղուզը, ասեց,— յաշով մենձ եմ, մենձին կառնեմ,– աղես,– ասեց,– ես կառնեմ մենձին։
Բարակ-շահը շատ հավանութուն տվուց Օղուզի զրըցին, ասեց.– Դե՛, Օղուզ, էտ քու կնիկը, էս էլ իմ կնիկը, արի իլղար[4] անենք, որ քունը տղա բերի՝ իմ ախչիկը տամ, քունը ախչիկ բերի՝ քու ախչիկը տու իմ տղին։
Էկան տուն։ Օղուզի քվերտանքը ոխակալեցին, որ իրենց առավ ոչ, էտ ախչկանն առավ, ասեցին․– Դրանից որ երեխա ըլի, քցենք ծովը։
Էկավ մի տարի անցկացավ Օղուզի կնիկն էլ, Բարակ-շահի կնի՛կն էլ էրկուֆոքըսացան, Օղուզի կնիկը բերուց ախչիկ, Բարակ-շահի կնիկը բերուց տղա։
Բարակ-շահի, Օղուզի արհեստը ավչութունն էր․ էթըմ ին ավ անըմ, բերում ապրում, Օղուզի ախչկա անունը դրին՝ Բաղդիկ, Բարակ-շահի տղի անունը դրին՝ Տղա-Շիրին։ Բարակ-շահը սրտի ուրախութունիցը Քուրքուն-ջանլաթին մտամոռ արուց։ Տղա-Շիրինը էկավ մենձացավ, դաոավ տասը-տասնէրկու տարեկան տղա։ Օղուզի քվորտանքը իրանց ախպոր ախչկանը գողացան, դրին մի ղութու մեչ, մուշամրեցին, քցեցին ծովը։ Էտ ղութին գնաց դեմ էլավ մի ջաղացի նավի, հանեցին, բաց արին ղութին, տեհան միչին ախչիկ էրեխա ա, տարան քաղաքի թաքավորին ընձայեցին։
Թաքավորը շատ ուրախացավ էտ ախչկա վրեն, ասեց․— Պահեմ մենձանա, ուզեմ իմ տղին։
Օրերի մի օրը Բարակ-շահը հարցրուց Օղուզին.— Ո՞ւր ա Բաղդիկը։
Ասեց․— Բաղդիկը մեռել ա,— քվորտանքը հավատացրել ին, թե Բաղդիկր մեռել ա։
Տղա-Շիրինը սկսեց հոր արհեստը բանացնիլ, թվանքը վե կալավ, գնաց ավղուշ։ Ճամփին մի պառավ կնիկ ռաստ էկավ, կուժը դարտակ, տվուց պառավ կնկա կուժը ջարթեց։
Ասեց.— Ո՛րթի, խի՞ ես ջարթըմ կուժս։
Ասեց.— Դարտակ էկար առաչս։
Ասեց․— Թե նամուսով ես, գնա քու Բաղդիկդ առ, հրե Իրմեց երկրըմն ա։
Տղա-Շիրինը հանեց մի հատ իրեքանոց, տվուց պառավին, ասեց.— Գնա՛, քե հըմար կուժ առ։— Էլ գնաց ոչ ավի, ետ դառավ էկավ տուն, սկսեց լաց ըլելը։
Բարակ-շահն ասեց.— Ո՛րթիս, խի՞ ես լալի։
Ասեց․— Իմ Բաղդիկը ո՞ւր ա, պետք ա ես գնամ Բաղդիկին առնեմ։
Ասեց.— Քու Բաղդիկը մեռել ա։
Ասեց․— Ո՛չ, չի մեռել, պետք ա էթամ քթնեմ։
Մեկ օր, էրկու օր շատ լաց էլավ։ Բարակ-շահը մտիկ տվուց, որ չէ, տղի խաթրը չի կարալ առնիլ, ղաֆըլդան[5] միտքն ընկավ Քուրքուն-ջանլաթը։ Վեր կացավ, գնաց Քուրքուն-ջանլաթի կուշտը, մտիկ տվուց, որ Քուրքուն-ջանլաթը էնդար ա լաց էլել, զաբնել ա, դարձել ասեղ։ Քուրքուն-ջանլաթին դուս քաշեց, տարավ ծովի ղրաղը, չին-չին լեղացրուց, բերուց դրուց առաչը ծաղիկ, յոնջա, իրիկունը բերուց տվուց լավ գարի, մի իրեք-չորս օր լավ պահեց, Քուրքուն-ջանլաթը էփեջա չաղացավ։
Քուրքուն-ջանլաթը լիզու էլավ Բարակ-շահին ասեց․— Քանի տարի ա ինձ մտիկ չիր անըմ, ի՞նչն ա ստիպել, որ էս քանի օրը ինձ լավ ես պահըմ։
Պատասխանեց Բարակ-շահը.— Իմ Բաղդիկը չի մահացել, սաղ ա, տար Տղա-Շիրինին, բեր Տղա-Շիրինին։
Պատասխանեց Քուրքուն-ջանլաթը, ասեց.— Տանեմ Տղա-Շիրինին, ո՛չ բերեմ Տղա-Շիրինին։
Սկսեց աղաչել Բարակ-շահը Քուրքուն–ջանլաթին։
Բարակ-շահի խաթրը չկոտրեց Քուրքուն-ջանլաթը, ասեց.— Տանեմ Տղա-Շիրինին, բերեմ Տղա-Շիրինին։
Էկավ Բարակ-շահը, դուս քաշեց Քուրքուն-ջանլաթին, կանչեց Տղա-Շիրինին.— Հը՛,— ասեց,— ո՛րթի, գիտե՞ս Բաղղիկի տեղը։
Ասեց.— Հարցնելով կքթնեմ։
— Դե՛,— ասեց,— էս իմ ձին, էս դու, նի՛լ իմ ձին գնա, Քուրքուն-ջանլաթը որտեղ ըլի, կքթնի։
Հաքավ իրա մաքուր շորերը, կապեց իրա ասպարները, նի էլավ Քուրքուն-ջանլաթը, ասեց.— Հը՛, տղա, ինձ քշես ոչ, ես իմ կամքովը կէթամ։
Երկար ճամփա գնացին, ճաշին մտիկ տվուց ճանապարհին. տեհավ էրկու ամպ կռվում են, տղեն երկուղեց, սկսեց կաննիլը։
Քուրքուն-ջանլաթը ասեց.— Վեր արի, իմ ղոլանները ղայիմ ձքա։
Վեր էկավ, կապեց։
Ասեց.— Նի՛լ, քաշի թուրը, էնպես ինձ կօրղանգես, որ փորս ծակի, ես շատ որ եգին կէթամ, թուրը կքցես, սև ամպի մեչտեղիցը կտաս։
Ձիուն որ շատ քշեց, սև ամպին հասավ, սև ամպի մեչտեղիցը տվուց կտրեց, ձին անց կացավ։ Բավականի գնաց, ետ մտիկ տվուց՝ սիպտակ ամպը քամակիցը գալիս ա։
— Հը՛,— ասեց,— Քուրքուն-ջանլաթ, հասավ ինձ, հիմի կսըպանի։
Ասեց․— Ինձ ետ դարցրու, թուրը քաշա։ Ետ դառավ Տղա-Շիրինը, թուրը քաշեց, ամպը պատռեց, միչիցը դուս էկավ մի սիրուն մարթ, ուզեցավ որ տա էտ մարթին, ասեց.— Հը՛, Տղա-Շիրին, ես քու քեռին եմ, ինձ մի սըպանի։
Ասեց.— Մո՞նց իմանամ, որ դու իմ քեռին ես։
Ասեց.— Քու մերն ու Օղուզի կնիկը իմ քվորտանքն են. Օղուզիցը էլել ա Բաղդիկը, Բարակ-շահիցը դու ես, որ անունդ ա Տղա-Շիրին։ Էտ ամպը էկել էր, որ ինձ սըպանի, սաբաբը[6] իմ քվորտանքը, լավն էն էր, որ դու դրան սըպանեցիր, ես էլ գամ քեզ օքնեմ, էթանք Բաղդիկը բերենք։
Իրա քեռին ընկավ առաջ։ Մտիկ տվին, որ մի քաղաքի մոտացել են, քաղաքի նախրչին մի անծին էրինջ դրել ա մզրախի ծերին ու դրել հ’ուսին։ Տղա-Շիրինը ասեց․— Ա՛յ մարթ, մեղք չի՞ էտ անասունը, դրել ես հ’ուսիդ։
Ասեց.— Ես էս քաղաքի նախրչին եմ, շափաթը մի ըսենցը փայ[7] ունեմ, պըտի տանեմ տուն ուտեմ, համեցեք, դուք էլ էթանք ինձ ղոնաղ։
Տարավ իրա տունը, նախիրը բաց թողուց քաղաքը, էրինջը էկավ քերթեց․ նախրչու կնիկը վե կացավ, կռները քշտեց, օջաղը վառեց, միսը կոտորեց, ղոնաղների հըմար լավ խաշլամա արեց։ Էտ նախրչին ձին տարավ կապեց գոմըմը, Տղա-Շիրինի քեռին գնաց ձիու կուշտը, նա անմահ էր, հաց չէր ուտում։ Տղա-Շիրինը, նախրչին և նախրչու կնիկը նստեցին լավ կեր ու խումի, գինին դրին առաչները, խաշլամեն դրին կողքները, շատ անուշ կերան, խմեցին, էկան թեք ընկան քնելու։
Խաբարը տանք, որ նախրչուն մարթկութուն չունի, կնիկն էլ շատ սիրուն ա, նախրչին որ քնըմ ա, մեռլի պես ա դառնըմ։ Քշերվա մի միչոցը նախրչու կնիկը վե կացավ, մտավ Տղա-Շիրինի ծոցը։
Ջահել տղա՜, սիրուն կնիկ. իրար հետ քեֆ արին ընչար լիս։
Առավոտը նախրչին վե կացավ, գնաց նախիրը, էս տղեն Բաղդիկին մտահան արուց, նախրչու կնկա հետ սիրահարվեց։ Կացավ ընչար վեց ամիս դրա կշտին։ Ղաֆիլ Բաղդիկը միտն ընկավ, գնաց Քուրքուն-ջանլաթի կուշտը։ — Հը՛,— ասեց,— Տղա-Շիրին, անջախ ընկա միտդ։
Վե կացավ, ձին դուս քաշեց, նի էլավ ձին, քեռին ընկավ առաչ, երկար ճամփա գնաց․ մի ծովի թուշ էլավ։
Քեռին ասեց․— Գնա՛ քու Բաղդիկին բեր, ես ըստեղ կկենամ ընչար քու գալը։
Քուրքուն-ջանլաթին Տղա-Շիրինը քցեց ծովի էրեսը, էնպես անց կացրուց Տղա-Շիրինին Քուրքուն-ջանլաթը, որ ոտը շթրչվեց. գնաց մի քաղաքի թուշ էլավ. տեհավ մի պառավ կնիկ կաննած ա.— Բարև քե՛զ,— ասեց,— նանի։
Ասեց․— Բա՛րով, հազար բարով, ո՛րթի։
— Նանի՛,— ասեց,— ղոնաղ չե՞ս ուզիլ։
— Ո՛րթի,– ասեց,— ղոնաղն աստծունն ա։
Տարավ պառավը ղոնաղ տղին։
Ասեց․— Նա՛նի, ընչի՞ ա քաղաքը ըսենց մալուլ։
Ասեց․— Ո՛րթի, մեր թաքավորը մի պուճուր ախչիկ բերեց, պահեց մենձացրուց, հըմի ուզըմ ա որ իրա տղի հետ պսակի, էտ ախչիկը չի առնըմ էտ տղին, աղուն առել ա մի ձեռը, խանչալը մի ձեռը, «Ւնձ կսըպանեմ,— ասըմ ա,— քու տղին չեմ առնիլ»։
— Նանի՛,— ասըմ ա,— էտ ախչկա անունը ի՞նչ ա։
— Էտ ախչկա անունը Բաղդիկ ա։
Ասըմ ա․— Ընչի՞ հըմար չի առնըմ թաքավորի տղին։
Ասըմ ա․— Ախչիկը ասըմ ա, որ այսինչ երկրըմը մի տղա կա, անըմը՝ Տղա-Շիրին, ես նրան պըտի առնեմ։
— Նանի՛, — ասըմ ա, — կա՞րաս ինձ շանց տալ էն ախչըկանը։
Պառավն ասըմ ա․— Շատ հեշտ ա։
Տալիս ա պառավին մի տոպրակով ոսկի, պառավը շատ ուրախանըմ ա, ասըմ ա.— Ո՛րթի, դու,— ասըմ ա,— առավոտը ձիդ նի՛լ, արի ծովի ղրաղը, ես ախչկան բերեմ, դու փախցրա։
Առավոտը տղեն վեր ա կենըմ, ձին նի’լըմ, էթում ծովի ղրաղը։ Տղեն մատանիքը տալիս ա պառավին։ Պառավը տղի մատանիքը վեր ա ունըմ, էթըմ ա Բաղդիկի կուշտը, ասըմ ա․— Էկե՛ք, ես Բաղդիկին կասեմ, թաքավորի տղին կառնի։
Շատ ուրախանում են, պառավին տանում են Բաղդիկի կուշտը։
Պառավը խոլվաթացնում ա[8] օթախը, մնում են ինքը ու Բաղդիկը։ Շանց ա տալի Բաղդիկին Տղա-Շիրինի մատանիքը։ — Բա՛ս, նանի, դու ինձ մո՞նց պըտի տանես Տղա-Շիրինի կուշտը,— ասըմ ա Բաղդիկը։
Պառավն ասըմ ա․— Բաղդիկ ջա՛ն, շատ հեշտ ա տանիլը։
Պառավը վեր ա կենըմ, գնում ա թաքավորի կուշտը․— Թաքավորն ապրած կենա,— ասըմ ա,— Բաղդիկը քու տղին առնըմ ա, հրաման տար, տանեմ ծովի ղրաղը, ման ածեմ, սիրտը առնեմ, գա քու տղին առնի։
Թաքավորը շատ ուրախանըմ ա։
– Վե կալ տար, նանի՛, տա՛ր, ման ածա։
Պառավը տանըմ ա Բաղդիկին ծովի ղրաղը, ընենց որ հետը մարթ չի թողնըմ, ինքն ու մենակ Բաղդիկն են ըլնում. ծովի ղրաղը հասած ժամանակը Տղա-Շիրինը գալիս ա ձիով, ձեռը քցըմ Բաղդիկին քաշըմ թարքը, քցում ծովի հ’էրեսն ու փախչում։ Հավարն ընկնըմ ա քաղաքը.— Թ՛աքավորը սաղ ըլի, Բաղդիկին փախցրին։
Հավարին՝ ընչար դուս գալը, տղեն հասնըմ ա ծովի էն դիհը, իրա քեռու կուշտը։ Վեր ա գալի ձիուցը, շատ քրտնած ա ըլըմ, շորերը հանըմ ա հ’ախպըրըմը լեղանալու, հավարը գալիս ա հասնըմ՝ Բաղդիկին էլ, տղի ձին էլ վեր են ունում, տանում, մնում ա մենակ տղեն, մըն էլ իրա քեռին։ Լաց ա ըլըմ տղեն, մղկըտըմ ա, թե Բաղդիկիս տարան, էլ ո՞նց պետք ա գնամ։
Քեռին ասըմ ա․— Ես քեզ կանցկացնեմ, ո՛րթի, կգնաս՝ կբերես, մըն էլ ըստի վե չգաս։
Քեռին էլեդ հաքնում ա էն ամպի խրխին, վեր ունում Տղա–Շիրինին, ծովն անց կացնում էն դիհը․ էլի քեռին ետ ա դառնում գալի իրա տեղը։
Տղեն էթամ ա էլեդ պառավի տունը։
— Նա՛նի,— ասըմ ա,— բա ո՞նց պըտի ըլի, որ ես տանեմ Բաղդիկին։
Պառավն ասըմ ա.— Որթի, քու ձիուն էնդար քար են բարցել, մեչքը պլոկվել ա, ձիուդ դեն են արել, որ ղուրդ ու ղուշն ուտի։
— Նա՛նի,— ասըմ ա,— հըմի ո՞րտեղ կըլի իմ ձին։
— Ո՛րթի,— ասըմ ա,— գնա հանդերը ման արի, կքթնես։
Գնամ ա քթնում Քուրքուն-ջանլաթին, քաշում ծովի ղրաղը,– չին-չին լեղացնում, մի էրկու ամիս թամուզ, լազաթին պահըմ ա, շատ լավ չաղացնում ա, քաշում բերըմ պառավի տունը, հանում բոլ ոսկի տալիս պառավին։ Պառավը վեր ա կենըմ, էթըմ Բաղդիկի կուշտը։
— Նա՛նի,– ասըմ ա,— ի՞նչ խաբար կա Տղա-Շիրինիցը։
— Բաղդիկ ջան,— ասըմ ա,— էկել ա Տղա-Շիրինը։
— Նա՛նի, բա ինձ ո՞նց պըտի տանես Տղա-Շիրինի կուշտը։
Ասըմ ա․— Շատ հեշտ ա, ո՛րթի․ յավաշ էթամ թաքավորի կուշտը։
Երկար տարիք ա անց կենըմ, թաքավորը պառավին չի ճանանչում։
Պառավն ասըմ ա թաքավորին․— Թաքավորն ապրած կենա, Բաղդիկը քու տղին առնում ա. տանեմ ծովի ղրաղը, ման ածեմ, գա քու տղին առնի։
Թաքավորն ասըմ ա.— Պա՛ռավ, էն տարին էլ մի պառավ էկավ տարավ, ման ածեց, խափեց։
Ասեց.- Ես լավ կնիկ եմ, էն պառավը չեմ։
— Դե,— ասեց,— վե կալ տար, ման ածա։
Պառավը տարավ Բաղդիկին ծովի ղրաղը, Տղա-Շիրինը նի’լավ ձին, էկավ ծովի ղրաղը, ձեռը քցեց, Բաղդիկին քաշեց թարքը ու փախավ։ Ծովն անց կացավ էն դիհը, էլ չկաննեց, ձին քշեց ու գնաց։ Քեռին ընկավ քամակն ու վազեց, էնքան որ դրանց էլ հավարավոր չհասավ։
Արի խաբարը տանք նախրչու կնկանից։ Ազատվել ա, մի տղա ա բերե, էտ տղեն դառել ա տասնըհինգ տարեկան. Բաղդիկը թարքը քաշած մտավ էն քաղաքը։
Նախրչու տղեն շատ ղվաթով[9] էր, մերն ասեց.— Որթի, գնա՛ էտ ձիավորի առաչը կտրա, էտ ախչիկը խլա քեզ հըմար։
Տղեն գնաց Տղա-Շիրինի առաչը կտրեց։
Դրանց ղալմաղալը ընկավ, ասեց.— Վեր ա՛րի, կոխ պրծնենք, դու տաս ինձ գեննովը՝ դու իմ գլուխը կտրա, ես տամ քեզ գեննովը՝ ես քու գլուխը կտրեմ,— ասեց նախրչու տղեն։
Տղա-Շիրինը վեր էկավ ձիուցը, քեռին բռնեց ձին, խանչալները հանեցին, մեյդանըմը վե դրին, կոխ պրծան Տղա-Շիրինն ու նախրչու տղեն։
Տղա-Շիրինը տվուց գեննովը, խանչալը վե կալավ, որ գլուխը կտրի նախրչու տղի, նախրչու կնիկը էկավ ընկավ տղի վրեն.— Բեբախտ,— ասեց,— ո՞նց ես սըպանում էտ թավուր երիտասարթ տղին,— ասեց,— քեզանից ա, քու թորամեն[10] ա։
Տղա-Շիրինը մտածեց․— Ա՜յ հա՜յ, էս տղեն ինձանից ա,— իր ղմիշը չէկավ, որ սըպանի, տղին բաց թողուց։ Ետ նի էլավ ձին, շնորակալութուն արուց նախրչու տղիցն էլ, նախրչու կնկանիցն էլ, Բաղդիկին քաշեց թարքն ու գնաց։
Գնաց հասավ էն տեղը, որ սև ամպին սըպանել էր, քեռին էլ չգնաց, քեռին մնաց ըտեղ։ Խաբարը գնաց Բարակ-շահին.— Աչքդ լուս ըլի,— ասեցին,— էկավ Տղա-Շիրինը, բերուց Բաղդիկին։
Բարակ-շահը ասեց․— Ա՜յ հայ, նոր ես պետք ա տենամ Տղա–Շիրինին։
Հալիվորել էր Բարակ-շահը, շատ էր մտածում։ Տղա-Շիրինը գնաց Բարակ-շահի կուշտը, շատ ուրախացավ։
— Դեհ, վե՛ր,— ասեց,— որթի, էլ ըստեղ մեր կենալը հարկավոր չի։
Ինչ որ դաղել էր՝ բոլորը տվուց Օղուզին, մի ձին ինքը նի’լավ, Բարակ-շահը, կնկանը քաշեց թարքը, մի ձին նի էլավ Տղա–Շիրինը՝ Բաղդիկին քաշեց թարքը։ Գնացին իրենց երկրին մոտեցան, էն հ’ախպըրին, որ ինքը Բարակ-շահը քնել էր։ Խաբար ղրկեց Խոսրով-շահին․— Հ’աշկդ լիս ըլի, թաքավոր, որ էկավ քու տղեն, Բարակ-շահը, կնկանով և լավ տղա՝ հարսը հետը։
Խաբարը տանք, որ Խոսրով-շահը շատ հալիվորել էր, մտածում էր Բարակ-շահի հըմար։
Որ գնացին տուն, թաքավորը շատ ուրախացավ, վե կացավ տղին բարովեց, հարսին, թոռին բարովեց, ասեց.— Ըստուց ետը մենձացել եմ ես,— թախտիցը վեր էկավ, բերուց թոռին դրուց թաքավոր։
― Դե,– ասեց,– ո՛րթի, ես էլ եմ մենձացել, հերդ էլ ա մենձացել, ըստուց ետը թաքավորութունը ուրախութենով վայելես։
Նրանք հասան իրանց մուրազին, դուն էլ հասնես քու մուրազին։
Աստվածանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անգաջ անողին։
- ↑ Խոհարար (ծանոթ. բանահավաքի)։
- ↑ Ծառայություն (ծանոթ. բանահավաքի)։
- ↑ Մաքուր (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Բաշիքյարթմա (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Հանկարծակի (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Պատճառ (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Բաժին (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Առանձնացնում (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Ուժեղ (ծանոթ․ բանահավաքի)։
- ↑ Սերմից (ծանոթ․ բանահավաքի)։