Խոսք՝ Երեւանի պետական համալսարանի 75-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստում
ԽՈՍՔ՝ ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ
[խմբագրել]Հարգելի գործընկերներ,
Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 75-ամյա հոբելյանի այս նշանակալից հանդիսության առիթով, կարծում եմ, նախ եւ առաջ պարտավոր ենք խորին ակնածանքի ու երախտագիտության մեր տուրքը հատուցել այն լուսավոր նվիրյալներին՝ Հայաստանի առաջին հանրապետության պատասխանատուներին ու մեծահամբավ հայ գիտնականներին, ովքեր մեր ժողովրդի համար ստեղծված դժվարագույն պայմաններում, ազգային գոյապայքարի ծանր օրերին ձեռնարկեցին հիրավի պատմական, հիրավի հոգեշնորհ մի գործ, որն արժանի է տեղ զբաղեցնելու Մաշտոցի եւ Տաթեւացու մեծագործությունների կողքին։
Ես նկատի ունեմ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին, հանրային կրթության նախարարներ Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանին ու Նիկոլ Աղբալյանին, համալսարանի բուն կազմակերպիչներ Յուրի Ղամբարյանին ու Դավիթ Զավրյանին, դասախոսներ Ստեփան Մալխասյանցին, Մանուկ Աբեղյանին, Հակոբ Մանանդյանին, Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանին, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանին, Երվանդ Տեր-Մինասյանին, Սիրական Տիգրանյանին, Ռուբեն Աբրահամյանին, Աշխարհբեկ Քալանթարին, Գրիգոր Ղափանցյանին, որոնց հետագայում միացան Հրաչյա Աճառյանը, Ալեքսանդր Թամանյանը, Լեոն, Գեւորգ Ասատուրը, Թադեոս Ավդալբեգյանը, Արսեն Տերտերյանը եւ շատ ուրիշ լուսավոր գիտնականներ։
Մի քանի տարվա ընթացքում, փաստորեն, հաջողվեց նորաստեղծ համալսարանի շուրջ համախմբել եւրոպական մայրաքաղաքներում բարձրագույն կրթություն ստացած եւ ազգային ու համաշխարհային գիտական շրջանակներում արդեն իսկ ճանաչում գտած համարյա բոլոր մտավոր ուժերը՝ անգնահատելի մի հանգամանք, որը միանգամից ապահովեց Երեւանի համալսարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող գիտակրթական մակարդակը։
Համալսարանը սնուցող մյուս կենսական աղբյուրը Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի եւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի կարողություններն էին, որոնց շնորհիվ նրա հիմքում դրվեց նաեւ հայ միջնադարյան մտքի լուսավորական ժառանգությունը, որն ակունք էր առնում գլաձորյան եւ տաթեւյան ավանդույթներից։
Այսպիսով, համալսարանի հիմնադրմամբ եւս մեկ անգամ ապշեցուցիչ հետեւողականությամբ դրսեւորվեց լայն առումով ընկալվող հայ հոգեւոր մշակույթի զարգացման անխախտ օրինաչափությունը. այն է՝ մի կողմից անմիջնորդ հաղորդակցությունը ժամանակի քաղաքակրթության ամենաբարձր նվաճումներին, մյուս կողմից՝ ազգային ավանդույթի ժառանգականության ապահովումը։
Բացառությամբ, թերեւս, անտիկ մտածողության, նման անմիջական ճանապարհով են Հայաստան թափանցել հաջորդաբար հելլենիզմի, ասորական ու բյուզանդական քրիստոնեաբանության, նորպլատոնականության գաղափարներն ու համակարգավորված ուսմունքները։ Հայ ժողովուրդը նաեւ առաջինն էր արեւելյան ազգերից, որ հետագայում նույնպիսի ոչ միջնորդավորված ճանապարհով եւ գրեթե անհապաղ յուրացրեց եւրոպական սխոլաստիկայի, Վերածնության ու Լուսավորության շրջանի գիտական արգասիքները։
Հայ մշակույթը երբեք չմնաց փոխառված գիտելիքների սոսկական պատճենողի դերում, այլ, ստեղծագործաբար յուրացնելով այդ բազմերանգ հարստությունը, ստեղծեց սեփական մտքի ձեւավորված համակարգը, որը, որպես անընդհատ կուտակվող ժառանգություն, փոխանցվեց սերնդե-սերունդ՝ հակառակ անկման ու վերելքի իրարահաջորդ ժամանակներին։ 20-ական թվականների համալսարանն, ահա, հիմնված լինելով հազարամյա հայ մշակույթի էությունը կազմող այս առողջ արմատների վրա, հաստատուն մտադրությամբ ու գործնական քայլերով նախանշեց մայր հունը, որով պետք է ընթանար արդի հայ գիտության եւ բարձրագույն կրթության բնականոն զարգացումը։
Հետագայում, սակայն, այդ հունը ենթարկվեց լուրջ ձեւախեղումների, որոնց հետեւանքով նախ խափանվեց անմիջական ու համընթաց հաղորդակցությունը արտաքին աշխարհի գիտական նվաճումներին, իսկ այնուհետեւ գրեթե լիովին խզվեց նաեւ համալսարանական կրթության կապը միջնադարյան հայ մշակույթի ժառանգության հետ։
Վուլգար-մատերիալիզմի համատարած տիրապետությունը ծանր հարված հասցրեց հատկապես հումանիտար գիտություններին՝ փիլիսոփայությանը, պատմությանը, տնտեսագիտությանը, իրավաբանությանը, գրականագիտությանը, արվեստաբանությանը, լեզվագիտությանը, մանկավարժությանը։ Այդ հարվածից, սակայն, զերծ չմնացին անգամ բնական եւ ճշգրիտ գիտությունները, մասնավորապես գենետիկան եւ կիբեռնետիկան։
Համալսարանը չխուսափեց նաեւ մեր ժողովրդին բաժին ընկած դառը ֆիզիկական փորձություններից. հարյուրավոր դասախոսներ ու ուսանողներ զոհ դարձան ստալինյան բռնապետության գիշատիչ հալածանքի։ Հարյուրավորներ էլ, կատարելով իրենց հայրենասիրական պարտականությունը, կյանքը տվին Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներում։
Այնուամենայնիվ, հակառակ գաղափարախոսական բնույթի այդ աղետալի ծայրահեղություններին եւ ամբողջատիրական վարչակարգի բիրտ ճնշմանը, Երեւանի պետական համալսարանը 75 տարի շարունակ պատվով կատարեց պետական, գիտական եւ մանկավարժական կադրերի պատրաստման ազգաշահ խնդիրը, միշտ մնալով հանրապետության մայր բուհի բարձրության վրա՝ հաստատություն, որից աստիճանաբար ճյուղավորվելով, փաստորեն, ձեւավորվեց Հայաստանի բարձրագույն կրթության ողջ համակարգը։
Բացի զուտ գիտակրթական գործունեությունից, համալսարանն այդ տարիներին աչքի ընկավ եւս մի կարեւոր առաքելությամբ՝ դառնալով հանրապետության հասարակականան֊քաղաքական կյանքի ոչ ֆորմալ կենտրոնը, որը, շարունակ արծարծելով քաղաքացիական եւ ազգային բնույթի լուրջ խնդիրներ ու դրանով զգալիորեն նպաստելով ժողովրդի հասարակական գիտակցության բարձրացմանը, մշտական մտահոգություն էր ստեղծում ամբողջատիրական վերնախավի համար։ Դա վերաբերում է, ի դեպ, ոչ միայն համալսարանի դասախոսական կազմին եւ ուսանողությանը, այլեւ նրա կուսակցական կազմակերպությանը, որը կոմունիստական ուղղափառության տեսակետից համարվում էր ամենաանհնազանդն ու վտանգավորը Հայաստանում։
Ինչպես ամենուր, համալսարանում եւս ազգային-քաղաքական խմորումներն սկսվեցին խրուշչովյան ազատությունների շրջանում։ 1965թ. ապրիլի 24-ին համալսարանականները գտնվում էին Խորհրդային Միությունում տեղի ունեցած առաջին համաժողովրդական ցույցի առաջնորդող շարքերում։ 1967-ին համալսարանի ուսանողներն էին, որ մեծ դժվարությունների եւ անհրաժեշտ գաղտնապահություն պահանջող ջանքերի գնով առաջին ծաղկեպսակը դրին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։ Հաջորդ տարի առաջին անգամ կրկին համալսարանում հաջողվեց վերից իջեցված թեկնածուի փոխարեն հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր առաջադրել սեփական թեկնածուին՝ մեծ հայրենասեր, ակադեմիկոս Արտաշես Շահինյանին։ Իսկ 1978 թվականին հատկապես համալսարանի շնորհիվ էր, որ ՀԽՍՀ նոր Սահմանադրության մեջ պահպանվեց հայերենը որպես պետական լեզու սահմանող հոդվածը։
Համալսարանի դասախոսները եւ ուսանողները զանգվածային մասնակցություն բերին նաեւ 1988 թվականին ծագած ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժմանը՝ դրանով հսկայական ավանդներդնելով Հայաստանի պետական անկախության վերականգնման գործում։
Նշելով այս ամենը, ես ուզում եմ հատուկ ընդգծել ըստ արժանվույն Երեւանի պետական համալսարանին պատկանող այն նշանակալից դերը, որ նա կատարել եւ այսօր էլ շարունակում է կատարել ինչպես գիտակրթական գործունեության, այնպես էլ մեր ժողովրդի հասարակական գիտակցության ձեւավորման բնագավառում։
Եւ այս կապակցությամբ սրտանց շնորհավորելով համալսարանի բոլոր շրջանավարտներին, դասախոսական ներկա կազմին եւ ուսանո ղությանը, ինչպես նաեւ վստահ լինելով, որ ժամանակավոր դժվարությունները ձեզ երբեք չեն շեղի ազգային գերխնդիրների լուծմանը ծառայելու պարտականությունից, մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք՝ ի շահ հայկական գիտության բարձր վարկի պահպանման, ի շահ Հայոց պետականության ամրապնդման։
«Հայաստանի Հանրապետություն», 12 հոկտեմբերի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Համալսարանի հիմնումը հիրավի պատմական, հոգեշնորհ գործ էր» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/11.10.94։ Բնագիր։ Ինքնագիր։