Jump to content

Ելույթ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համագումարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից




ԵԼՈՒՅԹ ՀԱՅԿԱԿԱՆԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

[խմբագրել]
(15 հոկտեմբերի, 1994 թ.)

Մեծարգո տիկին Մանուկյան,

Սիրելի հայրենակիցներ,

Ինձ գերագույն գոհունակություն է պատճառում սրտագին ողջույնի եւ երախտագիտության խոսք ուղղել ՀայկականԲարեգործական Ընդհանուր Միության առաջին անգամ Հայաստանի հողում տեղի ունեցող համագումարի հարգարժան պատգամավորներին եւ հյուրերին, քանզի ինքնին արդեն ուշագրավ այս փաստին հակված եմ ընծայելու թե՛ խորհրդանշական, թե՛ բովանդակային խոր իմաստ։

Խորհրդանշականը Հայոց անկախ պետականության իրողության մի նոր ու գեղեցիկ հաստատումն է, քանի որ առանց այդ իրողության համագումարը չէր կարող Երեւանում տեղի ունենալ, իսկ բովանդակայինը՝ ́արեգործական Միության գործունեության ակնհայտ վերակողմնորոշումն է դեպի հայրենահայության մաքառման սատարումը, ամենեւին չանտեսելով, իհարկե, նաեւ Սփյուռքի կարիքները։

Հիմնվելով 1906 թվականին, հայկական ամենածաղկուն գաղութներից մեկում՝ Եգիպտոսում, Բարեգործականը շատ շուտով տարածվեց համարյա բոլոր այն երկրներում, որտեղ ապաստան գտան եղեռնից մազապուրծ արեւմտահայության բեկորները։ Եւ կարճ ժամանակի ընթացքում, շնորհիվ իր առողջ արմատների եւ ազգային մեծ բարերարների աջակցության, Միությունը վերածվեց հստակ կազմակերպված ու լայնորեն ճյուղավորված կառույցի՝ Հայ Առաքելական Եկեղեցուց հետո, փաստորեն, դառնալով երկրորդ, հիրավի, համահայկական հաստատությունը։

Եթե սփյուռքահայ գաղթօջախներում կա մի կազմակերպություն, որը, թեեւ պայմանականորեն, բայց իրավամբ կարող է հավակնել Սփյուռքի յուրահատուկ կառավարության դերին, ապա դա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն է՝ իր շուրջ 25 հազար անդամներով, 200-ի հասնող մասնաճյուղերով, մանկապարտեզների, դպրոցների, ակումբների, որբանոցների, ծերանոցների, հիվանդանոցների ցանցով, մշակութային ու երիտասարդական կենտրոններով, համալսարանական կրթաթոշակներով, հրատարակչական գործունեությամբ եւ այլն։

Այդ կառավարությունը յուրահատուկ է նախ եւ առաջ այն առումով, որ երբեք չխառնվեց քաղաքականությանը՝ լիովին նվիրվելով սփյուռքահայության հոգեւոր եւ սոցիալական կարիքների հոգացողությանը։ Թեեւ եղան փորձեր՝ Բարեգործականը ներքաշելու քաղաքական խնդիրների ոլորտ, բայց, ի պատիվ իրեն, նա մշտապես պահպանեց ապաքաղաքական, զուտ մարդասիրական, ազգային կազմակերպության իր նկարագիրը։

Յուրահատուկ է նաեւ նրանով, որԲարեգործական Միության գործունեությունը, թեեւ հիմնականում ուղղված սփյուռքահայության ցավերի ամոքմանը, չսահմանափակվեց միայն Սփյուռքով, այլ, հավատարիմ համահայկական իր կոչմանը, հաստատությունը լուրջ գործեր ձեռնարկեց նաեւ հայրենի հողում՝ մասնավորապես 1924–1937 թվականներին, 1946–1948 թթ. ներգաղթի տարիներին, ինչպես նաեւ 1988թ. աղետալի երկրաշարժից եւ Հայաստանի անկախության վերականգնումից հետո։ Եթե ժամանակ առ ժամանակ, դժբախտաբար, Բարեգործականի եւ հայրենիքի կապերը խզվեցին, ապա ամենեւին ոչ թե նրա, այլ բացառապես խորհրդային վարչակարգի մեղքով։

Յուրահատուկ է նաեւ այն տեսակետից, որ այդ կառավարությունը հաջորդաբար գլխավորեցին Սփյուռքի ամենամեծ բարերարներն ու անառարկելի հեղինակությունները՝ Պողոս Նուպար փաշան, Գալուստ Կյուլպենկյանը, Զարեհ Նուպարը, Արշակ Կարագյոզյանը, Ալեք Մանուկյանը եւ Լուիզ Սիմոն Մանուկյանը։ Բարեգործական միության բարգավաճման եւ նրա գործունեության անսահման ծավալման գործում մեծ է դերը հատկապես Ալեք Մանուկյանի, որը 36 տարի հաստատությունը գլխավորելուց հետո, մնալով նրա ցկյանս պատվավոր նախագահ, չնայած իր նահապետական տարիքին, այսօր էլ լի է իր կյանքի առաքելությունը շարունակելու լուրջ մտահղացումներով. դրա վկան ես եղա երկու ամիս առաջ Դետրոյտում նրա հետ ունեցած անձնական հանդիպումների ընթացքում։ Հայրենահայությունը, բարձր գնահատելով Ալեք Մանուկյանի բացառիկ ծառայությունները, ի նշան երախտագիտության, նրա անունով կոչեց Երեւանի ամենագեղեցիկ պողոտաներից մեկը։ Իսկ այսօր իմ հրամանագրերով Ալեք Մանուկյանին՝ բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, «Հայաստանի ազգային հերոսի» կոչում եւ հանձնվում Հայրենիքի շքանշան։

Ալեք Մանուկյանի ազգաշահ գործը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահի պաշտոնում այսօր հաջողությամբ շարունակում է նրա ազնվազարմ դուստրը՝ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանը, որի հետեւողական ջանքերի շնորհիվ Հայաստանը վերստին տեղ է գրավում հաստատության գործունեության առաջնահերթությունների շարքում։ Տիկին Մանուկյանը եւ նրա գլխավորած կազմակերպությունը առաջիններից մեկն էին Սփյուռքում, որ, անմիջապես արձագանքելով Հայաստանի անկախության նոր իրողությամբ ստեղծված պահի հրամայականին, լծվեցին հայրենի պետականության ամրապնդման նվիրական գործին։ Նման պատրաստակ ամությունը թելադրված էր այն վեհ գիտակցությամբ, որ, չնայած Սփյուռքի կյանքի մշտական, առօրյա հոգսերին, համայն հայության համար այսօր առաջնայինը Հայոց պետականության կայացումն ու նրա օժանդակությամբ Արցախի խնդրի արդարացի լուծումն է։

Որքան ինձ թույլ են տալիս դատելու իմ անձնական շփումներն ու հանրային հանդիպումները, այս գիտակցությունն այժմ արդեն տիրապետող է Սփյուռքի կազմակերպությունների ու սփյուռքահայ զանգվածների ջախջախիչ մեծամասնության շրջանակներում։ Հայաստան ― Սփյուռք կապերը երբեք այնքան ազատ, այնքան սերտ, այնքան գործնական եւ այնքան արդյունավետ չեն եղել, որքան ներկայումս։ Եւ թող ոչ ոք զուր հույսեր չփայփայի, թե ստահոդ լուրերով, ասեկոսեներով ու բամբասանքներով կարող է պղտորել մարդկանց մտքերը եւ սեպ խրել մեր ժողովրդի երկու հատվածների միասնության մեջ։

Յուրաքանչյուր հայի գնահատման չափանիշն այսօր նրա բերած ավանդն է ազգային պետականության ամրապնդման գործին՝ անկախ այն բանից, թե ով է այդ պետականության իշխանության գլուխ։ Ցանկացած վերապահություն այդ ավանդը ներդնելու խնդրում, հոգ չէ թե առերեւույթ ինչպիսի համոզիչ փաստարկներով համեմված, ընդամենը պարզ ամբոխավարություն է եւ փոքրոգի դասալքություն։ Հայոց ազատ ու անկախ պետականությունը, սակայն, այն հզոր ձգողական ուժն է, որը շուտով, համոզված եմ, դարձի կբերի անգամ ինչ-ինչ պատճառներով առայժմ վերապահություն դրսեւորող տարրերին։

Համայն հայության իղձերի իրականացման՝ Հայոց պետականության կայացման եւ Արցախի ազատագրման գործում այսօր տեղի է ունենում աշխատանքի ու զոհաբերության բնական բաժանում։ Հանուն ազգային ազատագրության մաքառող Արցախը զոհում է իր քաջարի զավակների կյանքն ու արյունը։ Անկախ գոյության սեփական երաշխիքները կերտող Հայաստանի բնակչությունը պատերազմի եւ շրջափակումների հետեւանքով ենթարկվում է ծանր զրկանքների ու փորձությունների։ Իսկ Հայաստանի անկախությամբ ու արցախյան հերոսամարտով իր ազգային արժանապատվությունը վերագտած սփյուռքահայությանը բաժին է ընկնում բարոյական, քաղաքական եւ նյութական մասնակցությունը։ Ուստի ակնհայտ է, որ վերջնական հաղթանակը կախված է մեր ազգի այս երեք հատվածներից յուրաքանչյուրի՝ սեփական պարտքը կատարելու փութաջանությունից։ Որեւէ թերացում երեք ճակատներից մեկում կարող է եթե ոչ անպայման վիժեցնել ազգային իղձերի իրականացումը, ապա, անկասկած, հանգեցնել նոր կորուստների ու զրկանքների։

Հայաստանի ու Արցախի տնտեսության վերականգնման գործում սփյուռքահայության նյութական օժանդակությունը ապահովելու խնդրին է ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, որը Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողքին արդեն իսկ, փաստորեն, դարձել է երրորդ համահայկական հաստատությունը՝ իր մասնաճյուղերն ունենալով թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ Սփյուռքի բոլոր հայաշատ կենտրոններում։ Բարեգործականի գործիչները ներկայացված են ինչպես հիմնադրամի բարձրագույն ատյանում՝ Հոգաբարձուների խորհրդում, այնպես էլ՝ բոլոր տեղական հանձնախմբերում։ Պարտքս եմ համարում հատուկ գնահատել այն շոշափելի նպաստը, որ Բարեգործական Միության անդամները բերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Ամերիկայի միացյալ հայկական ֆոնդի» համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված 1993–1994 թթ. «Ձմեռ» ծրագրի իրականացմանը։ Վստահ եմ, որ այսուհետեւ եւս Բարեգործականը կանի ամեն ինչ՝ զորացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի սփյուռքյան կառույցները։

Իսկ այժմ եւս մեկ անգամ ողջունելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համագումարի պատգամավորներին եւ հյուրերին, ինչպես նաեւ սրտանց շնորհավորելով բոլորիդ համագումարի՝ Երեւանում անցկացվելու նշանակալից փաստի առթիվ, ցանկանում եմ ձեզ մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ եւ մեծամեծ հաջողություններ հայապահպանության, Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց պետականության զորացման ուղղությամբ ձեր ծավալած անձնվեր գործունեության ասպարեզում։

«Հայաստանի Հանրապետություն», 18 հոկտեմբերի, 1994 թ.։
Հրատարակված՝ «Հայաստան – Սփյուռք կապերը երբեք այնքան ազատ, այնքան սերտ, այնքան գործնական եւ այնքան արդյունավետ չեն եղել, որքան ներկայումս» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 12/15.10.94։ Բնագիր։ Մեքենագիր։