Jump to content

Խոսքեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Խոսքեր


Օ՜, հավատացե՛ք, անծայր երկնքում
Չեն փայլում ա՜յնքան բազմաթիվ աստղեր,
Որքան լըսում եմ ես հայի կյանքում
Խոսքե՜ր և խոսքե՜ր…

_______

Ահա՛ ժողով է։ Հայերն հավաքվել
Ազգային մի մեծ աղետի համար,
Խորհուրդ են անում, թե ի՞նչպես փըրկել
Հայ սովյայներին անտերունչ, թըշվառ.
Եվ սկսվում է աղետի առթիվ
Ճառե՜ր, կարեկցա՜նք, խոսո՜ւմ են, խոսո՜ւմ,
Խոսքերն են սիրո՜ւն, խոսքերն են անթի՜վ…
Իսկ խեղճ սովյայներն հա՜ց են աղերսում…

Գործիչ ենք թաղում։ Դամբանի առաջ
Խռնված է երկսեռ բազմաթիվ ամբոխ.
Լըսում ես չորս կողմդ կարեկցանք, հառաչ.
«Ա՜հ. ի՛նչ վաղ մեռավ, ափսո՜ս, հայ գործող»…
Եվ սկսվում են հայ գործչի մասին
Դամբանականնե՜ր, թե ի՜նչ է արել.
Բայց նայե՛ք խեղճի մաշված երեսին,
Այնտեղ կըկարդաք. «Քաղցի՜ց եմ մեռել…»

Շըքեղ խնջույք է։ Շամպայնն ու գինին
Թափվում է առատ, հեղեղի նման.
Սեղանավորներ լի թասեր ձեռին
Գոռում են «Կեցցե՜ հայն ու Հայաստան»։
Ճաոեր են ասում՝ կատարը տաք-տաք,
Էն էլ ի՜նչ ճառեր, ի՜նչ ուխտ ու խոստում
Ազգին օգնելու… Բայց մի՛ հավատաք —
Վաղն այդ բոլորը կըցնդի օդում…

Մի այլ տեսարան։ Մայրաքաղաքում
Հավաքված մի խումբ հայ ուսանողներ
Ճառում են՝ ծըխով լըցված սենյակում,
Քարոզում իդեա՜լ, վե՜հ սկզբունքներ…
Անցնում են տարիք… պատկերը նախկին
Տեսնում ես փոխվեց… Կյանքի բազարում
Նույն ուսանողներն ա՛յլ շապիկ հագին,
Սուրբ իդեալներն են փողով վաճառում…


Օ՜, հավատացե՛ք, անծայր երկնքում
Չեն փայլում ա՜յնքան բազմաթիվ աստղեր,
Որքան լըսում եմ ես հայի կյանքում
       Խոսքե՜ր հա՛ խոսքե՜ր…