Jump to content

Խոտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՈՏ

Երբ «Կատարի խաչի» բարձունքից նայում եք ներքև, խոր ձորին, որի միջով արծաթե գոտու պես ձգված հոսում է Որոտան գետը և պսպղին տալիս այգիների մութ կանաչի մեջ, երբ նայում եք ձորին ու գետին, որի երկու ափերը վայրի ընկուզենիներ են բուսած՝ հաստարմատ, դարավոր, իսկ քիչ վերև, ժայռի ծերպերին, գյուղերն են թառել. ամեն մեկը ցինի մի բուն, — չեք ուզում հեռանալ «Կատարի խաչից», նեղլիկ կածանով իջնել ներքև:

— Չու, չու, — լսվում է ընդհատ մի ձայն քերծերի ետևից:

Էշը բարձրանում է զառիվերով, ականջները լոշ շարժում, և նստողի երկար ոտքերն էլ մորթած հավի վզի պես կախվել են մինչև գետին:

Հարցնում եմ Որոտանի մասին:

— Մի շահու էլ օգուտ չի տալիս, — ասում է և էշը պահում. — եղած չեղած մեզ համար մի հաշիվ ա...հալա տարին մի քանի գլուխ ապրանք ա ռեխ գցում, տանում...

Իսկ եթե բետոնի հունի մեջ դնես, բանգին երկաթե շլյուզներ կախես, շառաչելով թափի, ջուր տա լանջերի ցամաք մացառուտին, քանի միլիոն շահու օգուտ կտա...

Ապերը կարծես միտքս հասկանում է և ասում, որ այդ էլ կլինի:

— Հաստատ մնա էս կառավարությունը: Ոսկին դիր գլխիդ ման եկ. մեկէլ օրը իմ մի աջառս կորել էր, գնացի Բարկուշատի ձորում գտա: Բա ես կարող էի առաջ Բարկուշատ գնա՞լ:

Նայում եմ ճամփի գլխին ցցված ժայռերին, որոնք մի թեթև, ցնցումի են պատրաստ, որ պոկվեն, գլորվեն ներքև:

— Վախիլ մի՛, բան չի լինի, — ասում է էշավորը, ոտներով էշի փորին խփում:

— Ամեն տարի չի վեր ընկնում, էնպես, պատահում ա...Հերու մի քերծ պոկվեց, լավ էր եկավ մի մարագի դեմ առավ, թե չէ գյուղի կեսը կջարդեր, ոնց որ հնձանի խավող...

Ապերն իր ճանապարհն է շարունակում, ես՝ իմ: Իջնում եմ զառիվարով, աչքս վեր ցցված ժայռերին, որոնք կախվել են ճանապարհի վրա, կռացել:

Ամեն տարի հեղեղը փորում է հիմքը, մաշում, և ժայռերն ավելի են թեքվում:

Մի քիչ ներքև արդեն ընկուզենիներ են բուսած քարերի, ժայռերի արանքում:

Մագիլների պես խրել են արմատները փխրուն ավազահողի մեջ, քարերը տեղահան արել:

Ագռավներն են, որ ընկույզը կտցահարելիս կորցրել են, ընկույզը քարի տակ է ընկել, խոնավություն ծծել ու ծլել:

Մի մարդ, փեշը լիքը քար, ժայռի գլխից քար է շպրտում ընկուզենուն, իսկ ագռավները կռնչոցով պտույտ են անում հարևան ծառերի շուրջը:

— Շատ խելոք ա ագռավը, — ասում է նա: — Ընկուզը կտուցին թռնում է բարձր, վերից գցում քարի վրա, ջարդում և ապա թռնում՝ ուտելու:

Քիչ հետո արդեն գյուղն է, Խոտը, թաղված այգիների մեջ, տները գորշ խորանարդներ անկարգ, խառնիխուռն, փողոցները ծուռ ու նեղլիկ, փողոցներում աղբ, ընկույզի կճեպներ, խաղողի չոփեր:

* * *

— Ընկեր, կարելի՞ ա նվիրել ձեր անունները. — դիմում է մի երիտասարդ, կարմրաթուշ, կարճլիկ: Բատրակ է, հարցմունք ունի: Իր և տիրոջ մեջ անհամաձայնություն կա: Աշունքացել է: Շուտով լիկկայան է բացվելու, իսկ իրեն առաջարկում են խոզերը տանել անտառի ձմեռանոցում պահել:

— Նա էնպես մի դիփ ա, մին անհայտ ա, որ եթե ձեռքերս էլ մոմ անեմ, նրա առաջ վառեմ, էլի ոխը սրտում պիտի պահի:

Քիչ հետո էլ խոզատերն է գալիս, խառնվում է մեր զրույցին և թոնթորում, թե նա ինչպես է խոզերը թողել, գանգատի եկել:

— Կոնգարեսը որ որոշում ա դրել, ուրեմն որ բատրակը լավ աշխատի, ես էլ նրան լավ հաց տամ, լավ փող տամ:

Լսել է կոնգարեսի մասին, տեղյակ է, իր շահին աչքաբաց: Խոսելիս մեջքին է ընկնում, փորը ցցում, նայում կողքին կանգնած հարևաններին, ասածին հավանություն ստանալու հուսով: Եվ խոսելիս թափահարում է իրեն, զրնգում է արծաթ գոտին:

— Կառավարության հարկ տալի՞ս եմ, — հարցնում է և ինքն էլ իսկույն պատասխանում, — տալիս եմ: Դե ինձ հրաման տուր հարստանամ, ինչքան ուզում ես տուրք տամ...

Բայց վերջում համաձայնվում է բատրակին ձմեռը լիկկայան ուղարկել: Հեռանալուց հետո գզիրն է կամացուկ ասում նրա մասին.

— Էս տարի տուրքը պակաս ա, մեծ-մեծ խոսում ա...Մի տեսնեիր հերու ոնց էր խեղճացել, համ էլ կատարը կեծ էր...

— Դե հիմիկուց դեն էլ էդ ա, անտեր գինին խմում են, կատարնին կեծացնում, դատաստաննին քաղցրացնում, — ավելացնում է մի ուրիշը, շաշված մոլորված աչքերով:

Նրա «դատաստանն» էլ դառը չէր:

Գրասենյակը՝ խոնավ, մութ, հողե հատակ, մի քանի գերաններ պատերի տակ շարած: Սեղանի վրա ընկած և խունացած թերթերով չափաբերական մատյանը հին, կազմը մաշած, տեղ-տեղ բորբոսնած:

Խոտում, ուր սևենի խաղողը փաթաթվում է բարձր ծառերին, ուր հնձաններում սևենի խաղողից քաղցրահամ գինին են ստանում և խմում փթերով, հողի մեծ գավաթներով, ուր «առաջներում մեծամեծ չինովնիկները գալիս էին, լակում»: Խոտում՝ առաջներում մի տեր Անդրիաս է եղել, որ մեռել է, հիշողություն թողել չափաբերական մատյանը կիսամաշ, թունդ հարբողի համբավ և խարխուլ եկեղեցի, որի դուռը փակ է մնացել նրա մահից հետո: Հիմա մի ինվալիդ տղա կա, որ երբեմն բանում է եկեղեցու դուռը, ապրում հուսով, որ հազարափրկիչը ոտը կուղղի:

— Բայց հազարափրկիչը մի շահու օգուտ չի տալիս:

Թերթում եմ չափաբերականը, 80-ական թվերն են, մանրամասն գրած, «յաղագս ծնելոց և դավանության», «յաղագս ննջեցելոց և պատճառք մահվան», սյունակներ «յաղագս ննջեցելոց», որոնց դիմաց տեր Անդրիասը խնամքով գրել է «պատճառ մահվան» — կարմրուկ, ծաղիկ: Հարյուրներով են մեռել տասնյակ տարիներ առաջ, երբ պրիստավ կար, քյոխվա ու տեր Անդրիաս, մեռել են ծաղկից, կարմրուկից, որպես աշնան ճանճեր, իսկ տեր Անդրիասը թաղել է օրական երեքին, չորսին, խմել սևենի գինին «ննջեցելոց հիշատակ» և չափաբերականում նշանակել՝ «ի հանգըստարան առհասարակ գերեզմանատան է թաղյալ»:

Այդպես ապրել է տեր Անդրիասը, խմել, «պատճառ մահվան» գրել՝ «փորացավոց», «փորձանքից», «մեծամահից», մինչև որ դաշնակների օրերն են եկել, սով ու տիֆ, և ալևոր տերտերը, որ էլ գինի չէր ճարում խմելու՝ պատճառ մահվան է գրել «դիփոց», «գնդակից», «խփված» և լուսանցքում ավելացրել «հակառակ օրինաց»:

Մի օր էլ ինքն է մեռել, և նույն մատյանում ժամի տիրացուն գրել է. «Տեր Անդրիաս հանգյավ ի տեր»:

* * *

Երեկոյան ներկայացում կա: Գզիրը՝ կենդանի աֆիշա, կտուրներից կանչում է զիլ «թատրոն կա, այ ժողովուրդ»:

Քիչ հետո մեկ-մեկ հավաքվում են, ամենից շուտ երեխաներն են գալիս և դռան արանքից ներս նայում, թե ինչպես են բեմը սարքում:

— Ամեն բանը լավ ա, մենակ ծմակն (անտառը) ա պինդ: Էդ էլ որ մի կանոնի գա, էլ ուրիշ պահանջմունք չունենք, — ասում է գյուղխորհրդի նախագահը:

Գյուղի դիմաց անտառներ կան, արոտատեղ չունեն, տավարն անտառի ձմեռանոցներում են պահում:

Գյուղում մի ուրիշ «թյուրիմացություն» է եղել, որի առթիվ նախագահն արձանագրություն է կազմել:

«Առաքել Թյունանյանը գնալով իր այգին ջրելու և նույնպես առաջարկված է եղել, որ Շողեր Հայրապետյանը ջուր տանի Թյունանյանի այգովը և Առաքելն արգելք է հանդիսանում Շողերին ջուրը կապելու իր այգովը և կանչելով թե՝ ինչո՞ւ ես ջուրդ կապել իմ այգովը և Շողերը վերադառնում է գյուղ և ասում է, որ Առաքելն իր այգուց կանչել է, ինձ՝ Շողերին տարել, որ ուժով բռնաբարի, այդ դեպքումը եղել են շրջակայքում երեք հոգի 15 քայլի վրա և ոչինչ չեն ցույց տալիս Շողերի մասին...»:

— Գնանք, տեսնենք մեր տղերքն ինչ դերեր են կատարում, ո՞նց են թատրոն տալիս, — առաջարկում է մեկը:

Թատրոնի շենքը գյուղխորհրդի կողքին է, մի հին կամարակապ սենյակ, նեղ և երկար, փոքրիկ պատուհանով: Սենյակի վերի մասը հարմարեցրել են բեմի համար, բեմի պատերը ցախերով է գործած, ցեխով պատած:

Անկյունում պատի մեջ մի փոքր անցք կա, որի ետևից հուշարարն է հուշում:

Դերակատարները գյուղխորհրդի անդամներն են, կոմսոմոլներ, գյուղացիք: Հինգ պիես գիտեն, շատ անգամ են ներկայացրել, ամեն մարդ իր դերն անգիր գիտե:

— Ընկերներ, հլա մի քիչ նստեցեք, մինչև բեմը սարքենք...

Նստոտում են տախտակների վրա՝ առաջին կարգերում տղամարդիկ, հետո կանայք, իսկ դռան մոտ երեխաները, գզիրն է կարգը պահպանում:

Բեմի առաջ դհոլ են խփում, թառ ածում, պար գալիս, իսկ բեմի վրա վռազ աշխատանք են տանում, դռներից վարագույրներ կախում, շորերը փոխում: Գաջով ներկած ցեխապատի վրա կարմիր ներկով մեկը նկարել է ծառեր, երկու Մասիսն, ուրիշ նախշեր:

Վարագույրը բացվում է, դհոլն էլ չեն խփում: Բեմից մեկը խոսում է նորակոչիկների մասին, որոնք վաղը ճանապարհվում են բանակ:

— Մենք էս թատրոնն ի պատիվ նրանց ենք տալիս...

Խոսքը վերջացնելուց հետո հեռանում է, որպեսզի բեմի ետևում չուխան հանի, ուրիշ փափախ դնի և մասնակցի ներկայացման:

Մի կոմսոմոլ տղա կնոջ դեր է տանում, բոլորն անգրիմ են, շատ անգամ տեղական բարբառն են գործածում. «Տորթ»-ը հնչում է «Տորթն»-ի, որ շրջակա գյուղերից է:

Բայց և այնպես հանդիսականների անկեղծ և սրտանց ծիծաղը ձեզ էլ է վարակում: Եվ ոչ ոքի աչքին չի ընկնում այն, որ դերասանները տրեխով են, շալե շալվարով ու խաղում են «բուրժուազի» դեր:

Ուշ գիշերին ներկայացումը վերջանում է:

— Թատրոնը պրծավ, — ազդարարում է գզիրը: Ցրվում են տները նեղլիկ քարոտ փողոցներով, հանգչում են ճրագները, և մի խոր մրափ իջնում է բեզարած գյուղի վրա:

Թատրոնում դեռ ճրագ կա, մի խումբ ջահելներ խոսում են նոր ներկայացման մասին, դերերն են բաժանում, արած սխալները շտկում: Եվ երբ հանգչում է վերջին ճրագը, ցրվելիս՝ նորակոչիկներից մեկն ասում է դերակատարներին.

— Ընկերնե՛ր, ձեր տված էս օրվա պատիվը մենք հուր հավիտյան մտահան չենք անի: