Ինչ ասեմ։ Արդեն ասելիք չունեմ.-
ձյունի մեջ հալվեց, կորավ արեւը,
լույսը ձնծաղկի ծոցում քնել է,
ճանապարհն ի վար իջնում է սարը.
հովտով շարժվում եմ արցունքի նման։
Իմ հոգու վրա կա մի լուռ ճամփա-
ձորը հոսում է առուներն ի վար,
ժայռը ձգվում է մտքի շոյանքում,
դեռ դուրս չի եկել օրը թռիչքի,
ե՞րբ է արցունքը հասնելու աչքին։
ՈՒնեմ բյուր խոցեր՝ արքա եմ, ո՜նց չէ.
կարոտն ասվելու շուրթեր է փնտրում,
թող որ պահ տրվի հողը հատիկին,
վշտի եզերքին ծառը ծաղկում է.
ես համբուրում եմ ձեռքերն ինձ պարզված։
Իմ աչքից կաթում, կորչում եմ հողում.
լեռը հավքի մեջ տաք բույն է հյուսում,
իմ ձին գալու է ինձ գտնի մի օր,
աստված իր որբի դուռն է գնալու.
ցավս ճրագ եմ արել, գնում եմ...